հասկացանք, թէ ի՞նչ ստացան ամերիկացիները, ի՞նչ ստացան թուրքերը, բայց չհասկացանք, թէ ի՞նչ ստացաւ Հայաստանը»


21:19 / 25.08.2009

«Մենք կողմ ենք հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը` առանց նախապայմանների, սակայն ցաւօք նոյնը չէ ներկայ իշխանութիւնների դիրքորոշումը, ի տարբերութիւն նրանց պնդումների»,- այսօր Գիւմրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբեանը:
Նրա խօսքով, ներկայ իշխանութիւնները համաձայնութիւն են տւել մի փաստաթղթի, որով ստեղծւելու է հայ եւ թուրք պատմաբանների յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրի, արդեօ՞ք ցեղասպանութիւն տեղի ունեցել է, թէ` ոչ: «Մեզ համար սա հաւասար է ցեղասպանութեան ուրացման, որը փաստօրէն հարցականի տակ է դնում ցեղասպանութեան իրողութիւնը, որով վնասւում է ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը»,- նշեց Լ. Զուրաբեանը:
"Արդիւնքում, ըստ նրա, ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը կանգնեցւել է, որովհետեւ միջազգային հանրութիւնը սպասում է, թէ ինչքանով կը ջերմանան հայ-թուրքական յարաբերութիւնները:
Ընդդիմադիր գործիչը յիշեցրեց ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շւէյցարիայի կողմից հրապարակւած յայտարարութիւնը, որտեղ նշւում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցւած է «ճանապարհային քարտէզ» անւանումով մի փաստաթուղթ, որը սակայն գաղտնի է պահւում:
«Իսկապէս մինչեւ համաձայնութեան ձեռք բերումը, բանակցութիւնները պէտք է գաղտնի լինեն, բայց երբ կայ համաձայնեցւած փաստաթուղթ, դա չը հրապարակելը միայն մեկ բացատրութիւն կարող է ունենալ, որ վախենում են ժողովրդի կարծիքից:
Սա առաջին անգամ է նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ, երբ համաձայնեցւած փաստաթղթերի գաղտնիութեան պրակտիկայ է մտնում: Եթէ նման համաձայնութեան մէջ գնացել են հայ-թուրքական յարաբերութիւններում, ի՞նչ երաշխիք կայ, որ նոյնպիսի համաձայնեցւած փաստաթուղթ չկայ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապւած, որը նոյնպէս գաղտնի է պահւում»,- ընդգծեց նա:
«Ապրիլի 22-ի յայտարարութիւնից յետոյ մենք հասկացանք, թէ ի՞նչ ստացան ամերիկացիները, ի՞նչ ստացան թուրքերը, բայց չհասկացանք, թէ ի՞նչ ստացաւ Հայաստանը:
Եթէ նրանք խոստացել էին, որ Հայաստանի ակնկալիքը կը լինի այն, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կը ջերմանան ու սահմանը կը բացւի` անկախ ԼՂ խնդրի կարգաւորումից, ապա մենք պէտք է արձանագրենք, որ Սերժ Սարգսեանը դաժանաբար խաբւած է, որովհետեւ նա դա չի ստացել:
Այսինքն Սերժ Սարգսեանը հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում ձախողւել է: Եթ անգամ ստանար որեւէ բան, ցեղասպանութեան ուրացումը ներելի չէր լինի, բայց նա նաեւ ոչինչ չստացաւ»,- իր խօսքն ամփոփեց Լ. Զուրաբեանը:

0 Պատգամ: