ԱՐԴԵՕ՞Ք ԳԻՏԷՔ ԱՍՏԾՈՅ ՀԱՍՑԷՆ...


Չգիտեմ ի՞նչ է պատահել ինձ, բայց ինչ որ կայ՝ չափազանց ահաւոր ու արտասովոր է։
Առաջին անգամը չի, որ գրիչ եմ ձեռք առնում մի բան գրելու համար, բայց զարմանալիօրէն, գրչիցս չի հոսում՝ այն ինչ որ սրտիցս է ակունք առել...
Կարծես բառերն ու նախադասութիւնները չեն ենթարկւում ոչ մտքիս ու ոչ էլ գրչիս... Ճիշտ այնպէս, ինչպէս դպրոցական տկար աշակերտները քննութան պահին հարցումի պատասխանը չիմանալով՝ մատիտն էին ծամծմում ատամների տակ, հարցումի պատասխանը յիշելու համար։

Բայց սա ոչ մատեմատիկայ է, ոչ ֆիզիկայ եւ ոչ էլ անլուծելի մի հանելուկային հարցում։ Սա պարզապէս մի շարադրութիւն է...
Երբ մի բան եմ գրում յիշում եմ «Սահակեան» դպրոցի մեր վարժուհիներին, որոնք անընդհատ յիշեցնում էին, որ շարադրութիւնը պիտի ունենայ երեք կարեւոր բաժիններ. ա)– նախաբան կամ սկիզբ, բ)– նիւթի զարգացում կամ միջին բաժին եւ վերջապէս՝ գ)– եզրայանգում կամ աւարտական բաժին։
Ես այսօր էլ յիշում եմ այդ բոլորը, ու գիտեմ նաեւ թէ ինչ պիտի գրել բ)– բաժնի գլխի տակ, իսկ ամենադժւարը՝ որ տանջում է միտքս ու հոգիս՝ ահա այդ սկիզբն ու վերջն է...
Արդէն աւելի քան մէկ ամիս է անցնում «Թոփոլով– 145» ի թիւ 7098 տխուր ու յաւերժական թռիչքից, որի աւարտին անմեղօրէն զոհւեցին մեր հայրենակիցներից 47–ը ու դրանց շարքում նաեւ մեծ թւով մուսուլման հայրենակիցներ...
Այդ բոլորը գիտեմ ես։ Յիշում եմ դէպքի վայրը, յիշում եմ այն աղջկայ երեք մատերը, որ գտայ դէպքի վայրի մերձակայ լոլիկի բոստանի թփերի տակից ... յիշում եմ, որ տեսայ դոկտոր Լեւոն Դաւթեանի այնքան սիրած Արամիս դուխիի ջախջախւած տուփը, որ դեռ Արամիսի թարմ հոտ էր բուրում, նոյնիսկ իր բացակայութեամբ... բայց այս տխմար գրիչս է, որ չհաւատալով, չի էլ ենթարկւում ինձ...
Ինչո՞ւ մեղքս թաքցնեմ խեղճ գրչիս թիկունքում, իրականութեան մէջ այդ ես եմ, որ չեմ կարող իմ յոյզերը նկարագրել թղթի վրայ...անկարող եմ թափել այն ինչ որ աւելի քան մէկ ամիս տեւող այս օրերի ընթացքում կուտակւել են սրտիս, հոգուս եւ ապրումներիս վրայ...
Գուցէ դեռ չեմ հաւատում, որ մեր առջեւ բացւած տասնեակ փոսերը անխղճօրէն կուլ տւեցին իրենց մէջ, ու այսօր մեզանից աւելի երջանիկ՝ վայելում են նրանց իւրաքանչիւրի ջերմ գրկերը...
Բայց ո՜վ անաստւածներ, նրանք ժամանակից շատ շուտ են գրկախառնւել սառը հողի հետ, ու իրենց ջերմութեամբ՝ կենսունակ պահում նրանց մարմինների մնացորդն ամփոփած հողին...
Նրանք դեռ երկար ժամանակ ունէին այս աշխարհում խաղալու, ստեղծագործելու, բեմերից պարելու, իրենց շրջապատը խանդավառելու, կեանքը վայելելու, ծնողների գուրգուրանքն ապրելու եւ վերջապէս իսկականից ապրելու համար...
Չգիտեմ ինչքա՞ն էք հաւատում ճակատագրին, բայց եթէ հաւատում էք՝ որ մարդն առաջին օրւանից ծնւում է իր ճակատագրի հետ միասին, ու գիտէք Ամենակալ Աստծոյ հասցէն, խնդրում եմ, Նրան գրէք, որ մարդկանց ճակատագիրը ընթեռնելի ձեւով գրի նրանց ճակատներին,... սա բացարձակ անարդարութիւն է, որը տնօրինւել է արդար Աստծոյ կամքի համաձայն...
Գուցէ այս է պատճառը՝ որ չգիտեմ շարադրութեանս սկիզբն ու վերջը... ու աւելի քան մէկ ամսի ընթացքում, անդադար վէճի եմ բռնւում ոչ միայն գրչիս, այլ նաեւ ինձ հետ...
Ես նոյնիսկ չկարողացայ աւարտել 20–րդ դարի վերջաւորութեան՝ արշալոյսներին բարի լոյս ասած՝ Համբիկ Սասունեանին ուղղած իմ բաց նամակը։
Ու դա շատ վատ է..
.Ես պիտի փորձեմ գտնել սկիզբն ու վերջը... ու դուք էլ խնդրեմ գտէք Աստծոյ հասցէն... Եւ ... այն վերեւներում, ամպերից էլ վեր՝ ծանօթներ չունէ՞ք...


Ձերդ՝

Վարդան

3 Պատգամ:

Տէր Մուշեղ Աւետեան said...

Բարի ողջոյն Սիրելի Վարդան

Դու Աստուծոյ հասցեն ես ուզում , բայց ներկայիս շատ դժւար է գտնել ,որովհետեւ Աստուծոյ տուն սարքողնները և ղեկաւարնները գող և աւազակներն են որ բուն են դրել այդ տեղ և Աստւածն էլ մոլորւել, թէ որն է իր ճշմարիտ բնակարանը դրա համար չի գտմում իր ճշմարիտ տունը որ դու էլ կարողանաս իրեն նամակ գրես .ինչպէս Յիսուսն է ասում (Մատթէոս ԳԼ . ԻԱ համար 13) իմ հօրս տունը աղօթքի տուն է ոչ թէ աւազակների բունը ; Այսօր անաստւածներն են Աստուծու տունը կառաւորում ոչ թէ Աստւածասէրերը և Աստւածավախերը դրա համար էլ շատ մի ման գայ :

Տեր Մուշեղ Աւետեան

Anonymous said...

Սիրելի ընկեր,
Պէտք չէ Աստծուն փնտռել միայն վերևներում, քանի որ ինչպէս Նա խօստացել է Մատթէոս 28:20ում Նա մինչև աշխարհի վախճանը մեզ հետ է լինելու:
Մենք սովորութիւն ունենք մեր մարդկային կարճ մտքերով դիտել ամէն ինչ (նկատի ունենալով որ միայն մեր մտքի առաւելագոյն 10տոկոսից ենք կարող օգտւել), և այս խեղճ մարդը որ արդարութիւնից ոչինչ չգիտէ ցանկանում է հասկանալ կատարեալ Աստծու արդարութիւնը:
Մեղքս չեմ թաքցնում ես էլ եմ նոյնպէս մտածել դէպքի առաջին օրերին, բայց գիտէք ինչ ես վստահում եմ իմ Աստծուն՝ Յիսուս Քրիստոսին և գիտեմ որ նրա կամքը միշտ բարի է, անգամ եթէ ինձ բարի չթւայ: Ես չգիտեմ թէ Աստւած ինչու թոյլ տւեց այս դէպքը պատահի քանի որ ես Աստւած չեմ , բայց վստահում եմ իմ Աստծուն որ ինքը ամէն ինչ գիտէ:

Unknown said...

Sireli Vartan,

Ko ardahaydadz mdkern u abrumner-e ays hotvadzum aynkan anmijagan u intensive en, vor shad arak englavum en u entertsoghin nerkravum ko ashkharh-e. Angeghdz khosk-e arants sovoragan gaghabarneri (formatneri)el hasnum e timatsinin. Hiyanali hotvadz er , abres.

Sosi Bayatian