Wednesday, August 12, 2009

Ադրբեջանցի պատմաբան.

Ադրբեջանցի պատմաբան.

«Մինչեւ 1930-ական թւականները «ադրբեջանցիներ» գոյութիւն չեն ունեցել» .


«Ոչ մի ազգային գաղափար լինել չի կարող, քանի դեռ մենք չենք կողմնորոշւել մեր ազգային ինքնութեան պահպանման հարցում»,- ադրբեջանական «Հայելի» թերթի օգոստոսի 8-ի համարում հրապարակած իր «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում եւ ո՞ւր ենք գնում» յօդւածում յայտնում է Ադրբեջանի Գիտութիւնների ազգ. ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Ֆարիդ Ալեքբերլին:

Ալեքբերլին յայտնել է, որ մինչեւ 1930-ական թւականների ստալինեան բարեկարգումները Ադրբեջան պարզապէս գոյութիւն չի ունեցել եւ նման անւանումը կցւել է Ստալինի կամքով, մինչդեռ 1918-1920 թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետութեան եւ Խորհրդային Ադրբեջանի ժողովրդի պաշտօնական անւանումն ընդհուպ մինչեւ 1936 թ. եղել է «turk»:

«Կորցնելով ազգային ինքնութիւնը՝ մենք ընկղմւեցինք վէճերի մէջ այն մասին, թէ ով ենք մենք՝ շումերների, ալբանացիների, միդացիների թէ մի այլ ժողովրդի յետնորդները:

Այդ յոգնեցուցիչ ու յիմար վէճերը վերջ չունեն եւ չեն էլ ունենայ, քանի դեռ մենք չենք կանգնել բնական պլատֆորմի վրայ եւ չենք ճանաչում, որ «ադրբեջանցի» արհեստական, անդէմ անւան տակ կոծկւած են իրական էթնոսներ, հիմնականում՝ թուրքեր, ինչպէս նաեւ՝ քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ եւ այլն»,- արձանագրել է ադրբեջանցի պատամաբանը: «Մեզ մինչ օրս «թուրք» են անւանում հայերը, պարսիկները եւ այլ ժողովուրդներ»,- ընդգծել է Ալեքբերլին:

Նա վստահ է, որ ոչ ոք իրենց չի շփոթելու Թուրքիայի թուրքերի հետ, եւ օրինակ է բերում արաբական պետութիւններին, ինչպէս նաեւ՝ Իրանի ազերիներին, որոնք դարեր ի վեր իրենց turk են անւանում, բայց այդպէս էլ թրքական թուրքերի չեն վերածւել եւ չեն էլ վերածւի:

Ալեքբերլին մտավախութիւն է յայտնել, որ «ադրբեջանցի» արհեստական էթնոսանւան իւրացման արդիւնքում՝ ազգային ինքնութեան կորուստը յանգեցնում է ուծացմանն ու ժողովրդի ազգային դէմքի կորստին, նրա ռուսիֆիկացմանը, արեւմտականացմանը, մանկուրտիզացմանը (անցեալի նկատմամբ յիշողութիւնը կորցնել) եւ այլն, յատկապէս ժամանակակից աշխարհում իրականացւող գլոբալիզացիայի քաղաքականութեան ճնշման ներքոյ:

0 Պատգամ: