Ադրբեջանական բանտում լրագրող է մահացել


14:55 / 18.08.2009

Ադրբեջանի բանտում մահացել է լրագրող, «Թոլշի Սադօ» («Թալիշների ձայն») թերթի գլխաւոր խմբագիր Նովրուզալի Մամադովը։
«Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութեան փոխանցմամբ՝ 68-ամեայ Մամադովը դատապարտւել էր 10 տարւայ ազատազրկման՝ պետական դաւաճանութեան մեղադրանքով։
Նա, մասնաւորապէս, մեղադրւում էր Իրանի յատուկ ծառայութիւնների հետ համագործակցելու մէջ։ Խմբագրին մեղադրանք էր ներկայացւել նաեւ ազգային, ռասայական, կրօնական թշնամանք սերմանելու համար։
Մամադովը նաեւ թալիշների մշակութային կենտրոնի ղեկավարն էր, ղեկավարել է Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի լեզւաբանութեան բաժինը։ Նովրուզալի Մամադովը ձերբակալւել էր 2007-ի փետրւարին։ Անցեալ տարի դատարանը 68-ամեայ Նովրուզալի Մամադովին դատապարտեց 10 տարւայ ազատազրկման։
Ազատազրկման մէջ Մամեդովը տառապում էր մի շարք հիւանդութիւններով, այդ թւում՝ սրտային։ Յուլիսի 28-ին խմբագրին տեղափոխել էին մեկուսարանի հիւանդանոց։
2009թ. ապրիլին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրէս Հերկէլը (Էստոնիա) ու Եվգենիա Ջիվկովան (Բուլղարիա) այցելել էին Ադրբեջան եւ մեկուսարանում հանդիպել էին նաեւ Նովրուզալի Մամադովին։

Միջազգային կազմակերպութիւնները բազմիցս Ադրբեջանի իշխանութիւններին յորդորել են ազատ արձակել ծանր հիւանդութիւններով տառապող մարդուն։
Ադրբեջանի իրաւապաշտպանների պնդմամբ՝ Մամադովի դէմ գործը սարքւած էր, իսկ Մամադովը՝ քաղբանտարկեալ էր։

0 Պատգամ: