Friday, August 21, 2009

ԲԱՔՒՈՒՄ ԱՐՇԱԿԵԱՆ ՔՈՅՐԵՐԻ ՕԳՏԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՒԷԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԷՋ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ Ե՞Ն ՏԵՍՆՈՒՄ»


««Եւրատեսիլ» մրցոյթի հետ կապւած հարցի ուռճացմամբ չափազանց շահագրգռւած են տարբեր շրջանակներ», - յայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
«Ես չգիտեմ, թէ այդ հարցի քննութեամբ ով է զբաղւում: Սակայն, սկզբունքօրէն, ես նոյնպէս հետաքրքւեցի եւ տեսայ, որ տւեալ հարցը, որոշակի իմաստով, ուռճացւում է ինչ-որ շահագրգռւած կողմի ջանքերով:
Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ կապւած այլ հարցերի պէս, տւեալ հարցում պարզապէս ինչ-որ մէկի համար պայմաններ են ստեղծել ինչ-որ քարոզարշաւ իրականացնելու համար:
Անշուշտ նման հարցերին հարկ է շատ ուշադիր մօտեցում ցուցաբերել:
Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանում դա վերածւել է բիզնեսի, ընդդիմադիր մտածողութեամբ որոշ ներկայացուցիչներ իրենց նպատակին հասնելու եւ որոշակի արեւմտեան շրջանակներին ինչ-որ կերպ գոհացնելու համար, չեն ամաչում ցանկացած եղանակով Ադրբեջանին նւաստացնելուց` զբաղւելով քաղաքական շահարկումներով:
Ըստ երեւոյթին, այդ գործընթացը կարող է լաւ դիւիդենդ տալ, քանի որ նման դէպքերը վերջին ժամանակներս երբեմն-երբեմն դիտարկւում են», - ասել է Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը:
Ինչպէս PanARMENIAN.Net-ի թղթակցին նախկինում հաղորդել էր Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան գործադիր տնօրէնի յատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականեանը, քւէարկողների համարներն իմանալու համար անհրաժեշտ է պաշտօնական փաստաթուղթ, որը տրւում է Եւրոպական հեռարձակման միութեան եւ ձայների հաշւառման համար պատասխանատու Digama ընկերութեան գիտութեամբ:
Քւէարկութեանը մասնակցած քաղաքացիների հեռախօսահամարների գաղտազերծման թոյլտւութիւն կարող է տրւել այդ քաղաքացիների նկատմամբ քրէական գործի յարուցման դէպքում: «Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները մեկնաբանելը ծիծաղելի է: Հայաստանում 1065 SMS ուղղարկւել է ադրբեջանցի երգիչների կատարած երգի օգտին, եւ ոչ մէկի մտքով չի անցել դրանց ուղարկողներին կանչել պետանվտանգութեան ծառայութիւն», - նշել է Դիանա Մնացականեանը:
Նախորդ շաբաթ Ադրբեջանական մամուլում տեղեկութիւն էր ստացւել այն մասին, որ Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութիւնը հարցաքննութեան է կանչել Եւրատեսիլ 2009 երգի մրցոյթում հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակեանների օգտին քւէարկած 43 քաղաքացու:

0 Պատգամ: