ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւնը


16.07.2009 15:21 Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր կատարւող իրադարձութիւնները չափազանց վտանգաւոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկիւնից:
Հետզհետէ մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ասպարէզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը` նպատակ ունենալով տարածաշրջանը դարձնել իրենց ազդեցութեան գօտի: Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբւածութիւնն է, հատւածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատւութիւնն ու իրաւունքները պաշտպանելը:
Կրկին արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը շեղւել է Ազգային անվտանգութեան ռազմավարութեան եւ Ռազմական դոկտրինի հիմնարար դրոյթներից:
Իբրև հետեւանք չի գործնականացւում Հայաստանի Հանրապետութեան` որպէս ԼՂՀ ժողովրդի անվտանգութեան եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխաւորն ու աջակիցը լինելու առանցքային դրոյթը, շարունակում է խոչընդոտւել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, չկայ համարժէք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողութիւնների դէմ, ներքին ու արտաքին քարոզչութեան մէջ ՀՀ արտգործնախարարութեան գործունեութիւնը մնում է խիստ անբաւարար:
Արցախի հարցում ինչ-ինչ արագացւած լուծումներ պարտադրելու` համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խօսում է բացառապէս ուժի դիրքերից` ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ անտեսելով ԼՂՀ գոյութեան փաստը:
Ստեղծւած իրավիճակում մենք հեռատեսութիւն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ իշխանութիւններից, յորդորում առաջնորդւել տարածաշրջանում մեր ինքնուրոյն ուժն ու տեղը ապահուելու պատասխանատւութեամբ:
Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքւէների միջոցով Արցախի ժողովրդի արդէն իսկ արտայայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցութիւնների մէջ իբրեւ լիիրաւ կողմ վերադարձնելու ուղղութեամբ:
Այսօր մենք ուղղակի պարտաւոր ենք վերաիմաստաւորել եւ վերանայման ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը եւ նոր էջ բացել: Դեռեւս կայ այդ հնարաւորութիւնը:
Արտաքին քաղաքականութեան ասպարէզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

0 Պատգամ: