Աբդօլահ Օջալանը քրդական խնդրի լուծման տարբերակ է առաջարկում


Օգոստոսի 15-ին, Թուրքիայի Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկւած Քրդական աշխատաւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդօլահ Օջալանը երկրի իշխանութիւններին պէտք է ներկայացնէր ճանապարհային քարտէզ՝ քրդական հարցի կարգաւորման համար։ Յետագայում, սակայն պարզ դարձաւ, որ Օջալանի ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ։
Նա իր փաստաբանների միջոցով փոխանցել է հետեւեալը. «Քրդական հարցի պատասխանատւութիւնը միայն իմ ուսերին գցելով գործը առաջ չի գնայ։ Այն պէտք է միասին առաջ տանենք։
Թուրքիայի իշխանութիւնը քրդական հարցի կարգաւորման փաթեթով մի նոր գործընթաց է սկսել։ Մուսթաֆա Քեամալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի հանրապետութիւնը ստեղծելու չափ կարեւոր մի գործընթաց։ Ժողովրդավարական մի հասարակութիւն է կառուցւելու։
Ես չեմ ընդունի ԱՄՆ-ի կողմից Բարեզանիին (Հիւսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի նախագահ) տրւած ֆեդերացիան։ Իմ առաջարկած լուծման տարբերակը հետեւեալն է. Թող լինի մէկ պետութիւն, որի մի կողմում ժողովրդավարական քրդական ազգը կը լինի։
Քրդերը կը ճանաչեն եւ կընդունեն պետութեան գոյութիւնը, իսկ պետութիւնն իր հերթին կընդունի քրդերի` որպէս ժողովրդավարական ազգ լինելու իրաւունքը։ Սա է իմ առաջարկած տարբերակը։
Ամէն ինչ պէտք է վերից վար փոխւի։ Հասարակութիւնը սկզբից պէտք է վերակառուցւի, կրկին ժողովրդավարացւի։ Իմ առաջարկած լուծմամբ թուրքերն էլ, քրդերն էլ իրենց լեզուները, մշակոյթները, ոճերը պէտք է ի յայտ բերեն եւ կողք կողքի ապրեն»:
Օջալանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն եւ միւս քաղաքական ուժերը Միջին Արեւելքում նոր քաղաքականութիւն են սկսել եւ այդ գործընթացում չեն ցանկանում տեսնել PKK-ին: «Նրանք ստիպւած են հասկանալ, որ զէնքով չեն կարող վերացնել PKK-ն։
Նրանք ցանկանում են զինաթափել PKK-ին, բայց ստիպւած են լինելու փոխզիջման գնալ մեր հետ: Ես հետեւում եմ Ֆաթուլահ Գիւլենին (իսլամական շարժման ղեկավար, հոգեւոր քարոզիչ եւ փիլիսոփայ Գիւլենի շարժումը համարւում է „Արդարութիւն եւ զարգացում“ կուսակցութեան կրօնական հէնքը:
Նրա շարժումը Թուրքիայի ամենաազդեցիկ իսլամական շարժումն է եւ գործում է նաեւ երկրի սահմաններից դուրս), կարդում նրա գրածները, որոնք բացասական չեմ գնահատում եւ ժողովրդավարական հիմքերում փոխադարձ մօտեցումները հնարաւոր եմ համարում»,- ասել է նա:
Օջալանը նաեւ ցաւակցել է քրդերի սիրած երգիչ, հայազգի Արամ Տիգրանի մահւան կապակցութեամբ. «Արամ Տիգրանը Յունաստանում իր մահկանացուն կնքեց։ Ի դէմս նրա ընտանիքի, ցաւակցում եմ մեր հայրենակիցներին եւ հայ ժողովրդին։
Արամ Տիգրանը Միջին Արեւելքի սոխակն էր։ Նա երգում էր քրդերէն, հայերէն, արաբերէն, յունարեն եւ այլ լեզուներով»,- ընդգծել է քուրդ առաջնորդը:


News.am

0 Պատգամ: