Sunday, August 30, 2009

ՏԵՂԵԿԱՏՒԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՑԱՆՑՈՒՄ

am դոմԷյնում գտնւող հայկական կայքերի նկատմամբ իրականացրած յարձակումներից յետոյ ոլորտի մասնագէտները միաբերան խօսեցին հայկական ինտերնէտի անվտանգութիւնը պետական մակարդակով հոգալու անհրաժեշտութեան մասին՝ միաժամանակ նշելով, որ կայքերի ստեղծման ու սպասարկման որակեալ, հետևողական ու օպերատիւ աշխատանքի դէպքում հնարաւոր է և բարեյաջող պաշտպանւել յարձակումներից կամ մի քանի րոպէում վերացնել այդ յարձակումների հետևանքները:
Այդ դէպքում անհասկանալի է, թէ ինչ կարիք կայ դիմել պետութեան աջակցութեանը:
Աւելին՝ պետական աջակցութիւնը Հայաստանի նման աւտորիտար երկրներում չի կարող չունենալ համապատասխան գին, ինչը ազատութեան սահմանափակումն է: Այդ մտավախութիւնը չի կարող չառաջանալ ոլորտում գործող՝ հիմնականում մասնաւոր խաղացողների մօտ:
Նախքան պետական աջակցութիւն հայցելն անհրաժեշտ է այդ միջամտութեան սահմանների ճշգրտում կատարել՝ տեխնիկական, ծրագրային անվտանգութեան ապահովման պատրւակով կայքերի բուն գործունեութեանը միջամտելուց խուսափելու համար կամ պարզապէս կացնային տարբերակով կայքերը ինտերնէտից չանհետանալու համար:
Հասկանալի է, որ տեղեկատւական հասարակութիւնում ինֆորմացիան արժէք է, ուժի և իշխանութեան աղբիւր է, իսկ ուժն ու իշխանութիւնը՝ ինֆորմացիայի տիրապետելու միջոց, ինֆորմացիոն տարածութեան ձևաւորման հնարաւորութիւն:

Օրինակ՝ ադրբեջանական az դոմէյնում ընդդիմադիր ինտերնէտային կայքէջ գտնել այսօր գրեթէ հնարաւոր չէ: Դրանք կա՛մ արգելափակւում են, կա՛մ ենթարկւում հաքերների՝ պետականօրէն ուղղորդւած յարձակման:
Ինտերնէտի վերահսկման օրինակ ունի նաև Հայաստանը մարտի 1-ին յայտարարւած արտակարգ դրութեան օրերին: Թեև այդ ընթացքում էլ բազմաթիւ արտասահմանեան պրոքսի սերւերների միջոցով հնարաւոր էր գտնել հայաստանեան իրադարձութիւնները պաշտօնականից տարբերւող տեսակէտից լուսաբանող ընդդիմադիր կայքերի այլ դոմէյնային տարբերակներ:
Պետական վերահսկողությունն ինտերնէտի նկատմամբ կը լինի ազատ խօսքի մահը Հայաստանում: Այսօր ինտերնէտը միակ տեղեկատւական միջոցն է, որն օգտագործողին տալիս է ինֆորմացիայի ընտրութեան առաւելագոյն ազատութիւն:
Աւելին՝ ինտերնէտը հնարաւորութիւն է տալիս պասիւ սպառողից վերածւել տեղեկատւական գործընթացի մասնակցի, որպէս չխմբագրած, չգրաքննած տեղեկութեան աղբիւրի, նաև զրպարտութեան, կողմնակալ, սեփական մեկնաբանութիւնը փաստի տեղ ներկայացնողի:
Ինտերնէտն անսահմանափակ ազատութեան տարածութիւն է, և դա է այդ երևոյթի գլխաւոր արժէքը: Բացի այդ՝ ինտերնէտը նաև դառնում է միւս ԶԼՄ-ների բովանդակային հէնքը: Հայաստանյան ԶԼՄ-ները միջազգային կեանքը ներկայացնում են հենց ինտերնէտային կոնտէնտի շնորհիւ:
Մեր աւանդական ԶԼՄ-ներն անգամ հայաստանեան իրադարձութիւնների մի մասը, որն ի վիճակի չեն լինում լուսաբանել սեփական ուժերով, ներկայացնում են՝ օգտւելով հենց կայքերից:
Վերջին շրջանում հեռուստատեսութեամբ և ռադիոյով յաճախակի կարելի է լսել յղումներ կայքէջերին, իսկ մեծ մասն էլ առանց յղումի ներկայացւում է իբրև սեփական ինֆորմացիա. դրա հաւաստիութեան ու սկզբնաղբիւրի ստուգումը գրեթէ հնարաւոր չէ:
Սակայն բոլոր թերութիւններով ու վտանգներով հանդէրձ՝ ինտերնէտը դատապարտւած է լինել ապագայի գերիշխող մեդիատարածութիւնը:
Այսօր Հայաստանում ինտերնէտից օգտւում են երիտասարդ, գործունեայ, կրթւած, կայուն ու զգալի եկամուտ ունեցող մարդիկ՝ քաղաքային ինտելէկտուալներ, տարբեր ոլորտների մասնագէտներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական մարմինների աշխատակիցներ, և դա, բնականաբար, բոլոր տեսակի սոցիալական անհաւասարութիւններին գումարում է նաև այսպէս կոչւած թւային անհաւասարութիւնը, սակայն կարելի է և դրական կանխատեսում անել:
Առաջիկայ տասը տարիներին ընդհանուր սերնդափոխութեան արդիւնքում Հայաստանի բնակչութեան շրջանում առանց ինտերնէտի կեանքը չպատկերացնող մարդկանց թիւը կը լինի գերակշռող, ինչը միջնակարգ և բարձրագոյն կրթութեան ոլորտ ինտերնէտի և տեղեկատւական տեխնոլոգիաների մուտքի արդիւնք է:
Բացի այդ՝ ինտերնէտն այն հատուկենտ ոլորտներից է, որը չունի մենաշնորհային բնոյթ, և առաջիկայ տարիներին ազատ մրցակցութեան արդիւնքում սպասւում է գների զգալի անկում, հետևաբար բնակչութեան աւելի մեծ հատւած հնարաւորութիւն կունենայ անգամ բջջային հեռախօսի միջոցով ցանկացած պահի լինել վիրտուալ (مجازی) ցանցում:
Վստահաբար կարելի է պնդել, որ ինտերնէտի տեղեկատւական աղբիւրի դերը զգալիօրէն կը գերազանցի հեռուստատեսութեանը, որն ազատ ժամանակի միջոց է, իսկ ինտերնէտը հիմնականում հէնց աշխատանքային, կրթական, միջանձնային հաղորդակցման և նոր միայն ազատ ժամանակի, ժամանցային զւարճանքի միջոց է:
Այս ամէնն իհարկէ կը դրդի իշխանութեանը վերահսկողութեան միջոցներ գտնել նաև ինտերնէտում: Բայց դա գործնականում գրեթէ անիրագործելի է՝ հաշւի առնելով հայկական սփիւռքի գործօնը և այլ երկրներում հայալեզու կայքեր գործարկելու հնարաւորութիւնը:
Իսկ ազատ տեղեկատւական հասարակութեան իդէալը մէկն է. իւրաքանչիւր ոք աշխարհի ցանկացած կէտից պէտք է հնարաւորութիւն և իրաւունք ունենայ ակնթարթօրէն ստանալ իրեն անհրաժեշտ համապատասխան ինֆորմացիան և կապ հաստատել իւրաքանչիւրի հետ:
Ինֆորմացիոն հասարակութիւնում այն իրադարձութիւնը, մարդը, երևոյթը, որը չի յայտնւում վիրտուալ (مجازی) մեդիատարածութիւնում, գոյութիւն չունի, և նոյն մեխանիզմով՝ իրականում գոյութիւն չունեցող իրադարձութիւնը, մարդն ու երևոյթը կեանք են ստանում՝ յայտնւելով վիրտուալ (مجازی) մեդիատարածութիւնում:
Հէնց այս իրողութիւնն ընդունելով՝ օրւայ իշխանութիւնը միշտ էլ փորձելու է վերահսկողութիւն սահմանել առաջին հերթին էլէկտրոնային լրատւամիջոցների նկատմամբ, ինչը յաջողութեամբ կարելի է իրականացնել յատկապէս հեռուստատեսութեան դէպքում, սակայն գործնականում սահմաններ չը ճանաչող ինտերնէտային տարածութեան համար այդ վերահսկողութեան իրականացումը զգալիօրէն բարդանում է:



«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: