ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆՐԱ ԿԱԴՐԵՐԸ


Կը փոխւի արդեօք Հայաստանում ինչ որ բան Երբ Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդյուկովը այցելեց Բաքու, եղաւ հաղորդագրութիւն, որ նա մտադիր է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցութեան խնդիրը:

Այդ օրերին էր, երբ Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիևը յայտարարեց, որ եթէ Հայաստանի հետ բանակցութիւններն արդիւնք չունենան, իրենք կը դիմեն կոնֆլիկտի լուծման ուժային տարբերակին: Ռուսական կողմն այս յայտարարութեան առիթով առանձնապէս վերաբերմունք չցուցաբերեց, չնայած խօսքը վերաբերում էր իր աւանդական դաշնակցին` Հայաստանին: Ադրբեջանը վաղուց ծրագրում է կազմակերպել իր երկրում ռազմարդիւնաբերական համալիր:
Կան տեղեկութիւններ, որ այս երկիրը մտադիր է դառնալ տարբեր զինատեսակներ արտադրողներից մէկը: Արդէն ունեն ռազմարդիւնաբերութեան նախարարութիւն, նախատեսել են արտադրել թէթև ռազմական տեխնիկա, ռազմական ուղղաթիռներ, նույնիսկ` ռազմանաւեր, ծրագրւում է ոչ միայն բաւարարել սեփական բանակի կարիքները, այլ դուրս գալ նաև արտաքին շուկայ:
Այն հանգամանքը, որ մեքենաշինական արտադրատեսակների ծաւալն աճել է շուրջ 50 %-ով, վկայում է այն մասին, որ ունեն որոշակի նւաճումներ ռազմարդիւնաբերական ոլորտում: Ռազմական պատշաճ հզօրութիւն ունենալու իր նկրտումները ռազմարդյունաբերութեան բնագաւառում կեանքի կոչելու համար Ադրբեջանը մեծ յոյսեր է կապում ռուս-ադրբեջանական համագործակցութեան հետ:
Ինչ կստացւի Ադրբեջանում, ցոյց կտայ ժամանակը: Իսկ ինչ են մտածում Հայաստանում այս ամէնի մասին: Ինչպէս յայտնի է, նման ծրագրերի առկայութիւն Հայաստանում չի նկատւում: Այստեղ արմատացել է մեծ եղբօրից զինատեսակներ գնելու հոգեբանութիւնը, հաշւի չի առնւում այն, որ մի օր կաւարտւի եղբայրութիւնը, և մեծ եղբայրը կը որոշի մէկ ուրիշի հետ եղբայրութիւն անել:
Ըստ երևոյթին, մեր երկիրը յոյս ունի, որ կը յայտնւի մէկ այլ հովանաւոր, որը չի խնայի իր հնարաւորութիւնները Հայաստանի ռազմական հզօրացմանը նպաստելուն: Հայաստանում վաղուց առկայ են տարաբաժանւած տեսակետներ, թէ՝ ինչ դեր ունի բանակը մեր պետութեան կեանքում:
Որոշները կողմնակից են հզօր բանակի` Ռուսաստանի ռազմական օժանդակութեամբ, ուրիշները բացառում են մեծ բանակի անհրաժեշտութիւնը: Եւ այս ամէնը շարունակւում է մինչ օրս: Սակայն, ինչպէս յայտնի է, ոչ մէկին չի մտահոգում այն, թէ կարող է արդեօք Հայաստանը դառնալ իր բանակի կարիքները մատակարարող երկիր` մեծ թէ փոքր բանակի: Աւելի ճիշտ` մտահոգւողներ կային: Միայն թէ այլ կերպ դասաւորւեց ամէն ինչ:
Վերջերս ես պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանօթին՝ Աւիկ Օհանեանին, որին ժամանակին գիտէի որպէս Հայաստանում ռազմարդիւնաբերական համալիր ստեղծելու ակտիւ կողմնակից: Այս մարդն իր գործունեութեամբ անգնահատելի ներդրում կատարեց առաջին լուրջ ռազմարդիւնաբերական ձեռնարկութեան ստեղծման գործում:
Ձևաւորւեց փամփուշտի արտադրութեան լիարժեք, ժամանակին համահունչ գործարան: Ենթադրեցի, որ յարմար առիթ է բաւարարելու իմ հետաքրքրութիւնը Հայաստանում ռազմարդիւնաբերական վիճակի վերաբերեալ: Եւ յուսախաբ եղայ: Իմ առջև կանգնած էր մարդ, որն իր մտահոգ և յուսահատ տրամադրութեամբ արտայայտում էր այդ արտադրութեան այսօրւայ վիճակը:
Յետոյ մեր զրոյցից ես տեղեկացայ, որ նա կորցրել է ամէն ինչ... Դժւար էր հաւատալ, որ ժամանակին ռազմարդիւնաբերութեան համակարգում զբաղեցնելով հանգուցային պաշտօն, նախաձեռնել է զարգացնել տնօրինած ոլորտը և ստիպւած է եղել դրա համար հատուցել իր անձնական ճակատագրով:
Նաև դժւար էր հաւատալ, որ ռազմարդիւնաբերութիւնում այս առաջնեկների ողջ էներգիան փոշիացաւ մեր իշխանաւորների անփութութեան, անտարբերութեան և անառողջ վերաբերմունքի պատճառով: Սակայն մէկ մարդու պատմութիւնը ինձ ստիպում է հաւատալ դրան:
Ես շատ լաւ ծանօթ եմ Աւիկ Օհանեանի նկարագրին: յիշում եմ, այն տարիներին, զրոյցների ժամանակ նա յաճախ կրկնում էր հետևեալ միտքը. - Պետական կառոյցում աշխատող իւրաքանչիւր ոք պարտաւոր է իր գործունեութեամբ նպաստել համապատասխան ոլորտի զարգացմանը:
Եթէ համաձայն չէ, կամ հնարաւորութիւնները չեն ներում, թող գնայ Սադախլոյից ապրանք բերի, վաճառի, պետական կառոյցում նա անելիք չունի: Ցաւօք, պէտք է ասեմ, որ պետական մեքենայի տարբեր կարոյցներում այս միտքն առաւել կիրառելի է այսօր...
Խորհրդային ժամանակներում աշխատելու տարիներին ձևաւորւած իր կապերի շնորհիւ 1994 թ. Աւիկը կարողացել է ձեռք բերել պրոֆեսոր Կոշկինի փամփուշտի արտադրութեան հոսքագծերի յայտնի համակարգի պահեստային օրինակը, որը գտնւում էր միջինասիական մի հանրապետութիւնում: Ծախսւել է ընդամէնը 100 հազար դոլար, որի ողջ կանխիկ մասը` շուրջ 60 հազար դոլար, հայթայթել է պարտքով:
3 ամիս յետոյ, 1995թ. յունւարին նրան ձերբակալել են պետանվտանգութեան մարմինները, Դաշնակցութեան հետ կապւած յայտնի դէպքերի առիթով, յետոյ հեռացրել են աշխատանքից: Հետագայում, մինչ այսօր նա իշխանութիւնից պահանջում է իր կողմից արւած ծախսերը: Ստացւած գրաւոր պատասխանները միևնոյնն են.- ցոյց տուր հիմքեր` արածդ ծախսերը կը վերադարձնենք:
Նախագահին յղած գրութեան մէջ նա նշում է, որ եթէ համակարգի ձեռք բերման ընթացքում փորձեր հիմքեր ստեղծել, Հայաստանն այսօր փամփուշտի արտադրութիւն չէր ունենայ: Ես համաձայն եմ ասւածի հետ, ինչը հասկանալու համար առանձնապէս խորաթափանց լինելու անհրաժեշտութիւն նոյնիսկ չեմ տեսնում:
Եւ վերջապէս, որքանով բարոյական է հիմքեր պահանջել, երբ շուրջ 25 միլիոն դոլար արժողութեամբ համակարգը՝ 9 վագոն բեռ, դարձել է Հայաստանի սեփականութիւնն ընդամէնը 100 հազար դոլարով: Ի դէպ, վերջերս, կառավարութեան որոշումով, համակարգն oտարւեց շուրջ 20 միլիոն դոլարով: 1995-ից ի վեր յայտնւելով պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մէջ, նա կորցրել է միակ սեփականութիւնը` մէկ սենեականոց բնակարանը: Ինձ ապշեցրեց այն, որ այս իրավիճակում իմ վաղեմի ծանօթն ամենևին էլ վհատւած չէր:
Նրան մտահոգում էր միայն այն, որ իր երեխաների մօտ, չափահաս դառնալուց յետոյ, կը ձևաւորւի տեսակէտ, որ ծանր վիճակը, որի մէջ յայտնւել են, հետևանք է իրենց հօր հայրենանւէր գործերի:
Պէտք է ասեմ, որ արդէն իսկ նկատելի է, որ Հայաստանում շատ արագ արմատացաւ սպառողական վերաբերմունքն այն մարդկանց հանդէպ, որոնք ընդունակ են յանուն ընդհանուր գործի զոհաբերել իրենց անձնականը: Իսկ երբ արւած գործն ունի ստրատեգիական նշանակութիւն, առաւել դատապարտելի է այդպիսի վերաբերմունքը նման մարդկանց հանդէպ տւեալ դեպքում՝ Աւիկ Օհանեանի հանդէպ:
Եւ ամենևին էլ զարմանալի չէ, թէ ինչու մեզ մօտ ռազմարդունաբերութիւնը յայտնւել է նման անփառունակ վիճակում: Այն պարզապէս ոչ մէկին հարկաւոր չէ: Ոչ մէկին էլ պէտք չեն նւիրեալներ: Վաղեմի ծանօթս՝ Աւիկը ցաւում է, որ տարիների ընթացքում կայացած շատ մասնագէտներ այսօր զբաղւած են այլ, իրենց կենցաղը մի կերպ ապահովող աշխատանքներով: Այդպիսի տխուր վախճան ունեցաւ Աւիկ Օհանեանի գլխաւորութեամբ նւիրեալների կառուցած ռազմարդիւնաբերութեան համակարգը Հայաստանում:
Եւ ես չեմ զարմանում, որ մեր ստրատեգիական դաշնակից հանդիսացող երկիրը կողմնորոշւեց համագործակցել Ադրբեջանի հետ, որն ունի պետական ծրագիր ռազմարդյունաբերական լուրջ համակարգ ստեղծելու, և որն այդ ծրագրի իրագործումը նախ և առաջ կապում է Հայաստանի հետ ապագայ պատերազմին:
Մնում է, Հայաստանում բռունցքներ ճօճել յաճախ կազմակերպւող զինւորական շքերթների ժամանակ և հպարտանալ բանակով և բանակային կադրերով: Իրականում ինչ է տեղի ունենում այդ կադրերի և բանակի հետ` քչերին է հետաքրքրում:



ՄԱՆՒԷԼ ՍԱՐԳՍԵԱՆ

ՌԱՀՀԿ փորձագէտ

«ԼՐԱԳԻՐ»




0 Պատգամ: