Հայաստանի դիւանագիտութիւնը Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ-թրքական յարաբերութիւնների ապագայի հարցում կաթւածահար է



14:28 / 28.08.2009

Մի քանի շաբաթ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից հնչեց երկրի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի պաշտօնանկութեան պահանջը:

Նման մօտեցման սկզբունքային շարժառիթներից մէկը հայկական կողմի անկայունութիւնն է՝ որ արտայայտւում է Թուրքիայի հետ «Ճանապարհային քարտէզի» բանակցութիւններում, կարծում է Խորխէ Ռուբէն Ղազանջեանը՝ Արգենտինայի հայկական համայնքի «Diario Armenia» թերթի վերլուծաբանը:
Վերոնշեալ սխալը չգիտակցւեց, քանի որ չկար Հայաստանի կառավարութեան ձեռնարկած քայլերի յստակ բովանդակութեան գիտակցում: Բանակցութիւնների մանրամասների հրապարակման պահանջները յանգում էին հետեւեալին. չկայ որեւէ նախապայման եւ չի լինի որեւէ զիջում, որոնք որեւէ կերպ կը հակասեն մեր պահանջներին:
Այնուամենայնիւ, այդ վստահութիւնը արագօրէն ցնդեց, երբ յայտնի դարձաւ թրքական կառավարութեան դիրքորոշումը՝ հնչեցւած որոշ բարձրաստիճան պաշտօնեաների շուրթերից: Անկարան յստակ հասկացրեց, որ քանի ղարաբաղեան խնդրի՝ Բաքւի շահերից բխող որոշում չի կայացւել, Հայաստանի հետ սահմանը չի բացւի եւ դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չի հաստատւի:
Նման իրողութիւնների լոյսի ներքոյ բնականաբար սպասւում էր ԱԳՆ ղեկավար Նալբանդեանի արձագանգը, սակայն դա տեղի չունեցաւ: Բացառութեամբ խղճուկ մեկնաբանութիւնների, որ հերքում էին թուքերի յայտարարութիւնները: Եւ ոչ աւելին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան նման կաթւածի պայմաններում թրքական ԱԳՆ-ն այնպիսին ակտիւ գործունէութիւն ծաւալեց, ինչպէս երբեւէ: Մասնաւորապէս այն երկրներում, որտեղ գործում է ցեղասպանութեան ճանաչման հասած հայկական սփիւռքը:
Հրեայ քաղաքական գործիչների օժանդակութեամբ՝ թրքական լոբբին առաջին լուրջ յաղթանակը տօնեց ԱՄՆ-ում, երբ ստիպեց ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարւել տւած խոստումներից եւ չճանաչել 1915 թ. դէպքերը որպէս ցեղասպանութիւն:Իսկ ինչ փաստարկ օգտագործւե՞ց: Չափազանց պարզունակ՝ Հայաստանն ու Թուրքիան յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց են սկսել, որ ներառում է իր մէջ շատ հարցեր:
Իհարկէ, Թուրքիայի քայլը՝ 1915 թ. դէպքերի հերթական տարեդարձից օրեր անց ղարաբաղեան խնդրի ներառումը «ճանապարհային քարտէզի» համատեքստում, բոլորովին էլ պատահական չէ: Թրքական արտաքին քաղաքական գերատեսչութիւնը գործի իմացութիւն եւ ճկունութիւն ցուցաբերեց ԱՄՆ-ում, Մերձաւոր Արեւելքում եւ Եւրոպայում միաժամանակ:
Օբամայի «ուրացմանը» հետեւեց թուրքերի օպերացիան Արգենտինայում, Ուրուգւայում, Չիլիում ու Բրազիլիայում: Բարձր մակարդակի վրայ էին նաեւ թրքական դեսպանները Եւրոպայում, իսկ Անկարայի ներկայացուցիչը Բաքւում յատուկ առաքելութիւն ունէր…
Այդ ուժեղ հանդիպակաց քամուն Հայաստանը երբեք եւ ոչնչով չէր կարող դիմագրաւել: Այն ժամանակ, երբ Անկարան շարունակում է բերքահաւաքը քաղաքական բոլոր սցենարներով, Հայաստանը ցոյց է տալիս իր թուլութիւնը: Թրքական դիւանագիտութեան գործողութիւնները նկատելի են նաեւ Արգենտինայում: Մէկը միւսի յետեւից տեղեկանում ենք, թե ինչպէս է զարգանում ցեղասպանութեան մերժման գաղափարը մեր երկրում (Արգենտինայում):
Հանդիպումները օրէնսդիրների, պաշտօնատարների հետ, լրագրողների եւ այլոց հրաւէրքները՝ այցելել Թուրքիա, մշտական երեւոյթ են դարձել:
Եւ այդ իրողութիւնների լոյսի ներքոյ՝ հայկական դիւանագիտութեան խեղճութիւնն ու անշարժութիւնը աչք է ծակում:
Այդ պատճառով էլ Էդւարդ Նալբանդեանի պաշտօնանկութիւնը կարելի է դիտել Հայաստանի եւ Սփիւռքի համար բացասական համատեքստում: Այդ հարցը պէտք է լրջօրէն քննարկել:


News.am

0 Պատգամ: