Անգլիայի դեսպանը Երեւանում–.

«Մենք ցանկանում ենք խրախուսել Հայաստանին ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ընդգրկւելու գործում»


Հայաստանում Անգլիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, պարոն Չառլզ Լոնսդեյլի բացառիկ հարցազրույցը NEWS.am-ին.


ՀԱՐՑՈՒՄ.–Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է Մեծ Բրիտանիայի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում: Որո՞նք են Ձեր առաջնահերթութիւնները մեր տարածաշրջանում։
ՊԱՏԱՍԽԱՆ .–Մենք ցանկանում ենք տեսնել կայուն, բարգաւաճ եւ անվտանգութեան տեսանկիւնից ապահով Հայաստան: Եւ նոյնը վերաբերւում է ամբողջ տարածաշրջանին: Այդ պատճառով տարածաշրջանի հակամարտութիւնների լուծմանն աջակցելը մեզ համար առաջնային կարեւորութիւն է հանդիսանում:
Բացի հակամարտութեան կողմերի միջեւ բարձր մակարդակով բանակցութիւններից, մենք էապէս կարեւոր ենք համարում խրախուսել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարդկանց եւ քաղաքացիական հասարակութաեան միջեւ շփումները:
Անմիջական շփումը եւ իրար մասին առաւել տեղեկացւած լինելը ժամանակի ընթացքում կօգնեն հաւատ եւ վստահութիւն ձեւաւորել, ինչն անհրաժեշտ է կայուն քաղաքական կարգաւորման հասնելու համար:
Մենք ցանկանում ենք նաեւ խրախուսել եւ աջակցել Հայաստանին՝ եւրոպական կառոյցներում, յատկապէս Եւրոմիութիւնում եւ ՆԱՏՕ-ում ընդգրկւելու գործում: Կարծում ենք սա դրականօրէն կանդրադառնայ Հայաստանի երկարաժամկէտ զարգացման վրայ` տնտեսական, սոցիալական ու քաղաքական առումներով:
Այն կը խթանի բարեփոխումների գործընթացը մի շարք ոլորտներում` ներառեալ պաշտպանութիւնը: Բայց, անշուշտ, անհրաժեշտ է, որ այս զարգացումը բխի Հայաստանի սեփական շահերից:

Մենք ցանկանում ենք նաեւ աջակցել կայուն, ժողովրդավարական քաղաքական համակարգի զարգացմանը` հիմնւած մարդու իրաւունքների եւ օրէնքի գերակայութեան վրայ: Գործնականում սա նշանակում է մեր աջակցութիւնը գրեթէ ամէն ինչում` հասարակական կեանքում կանանց աւելի ակտիւ մասնակցութիւնից սկսած մինչեւ մեր կրթաթոշակային եւ վերապատրաստման երկարաժամկէտ ծրագրերը, որոնք հնարաւորութիւն են տալիս հայերին ուսանել եւ այցելել Միացեալ Թագաւորութիւն:
ՀԱՐՑՈՒՄ.– Ասում են, որ տարածաշրջանում Հայաստանի բարեկամը Ֆրանսիան է, Վրաստանի բարեկամը` ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանի բարեկամը` Մեծ Բրիտանիան: Ինչպէ՞ս էք վերաբերում նման տեսակէտին, յատկապէս, որ Մեծ Բրիտանիան յաճախ առաջնորդւում է նաեւ նաւթային շահերով:
ՊԱՏԱՍԽԱՆ .–Երկու նախնական դիտարկում: Նախ եւ առաջ, այս եւ այլ տարածաշրջաններում կայ մի յամառ, բայց, կարծում եմ, սխալ ենթադրութիւն, որ միջազգային յարաբերութիւնները խաղ է, որտեղ միայն մէկ կողմն է յաղթում («zero sum game»). որ եթէ ունես հետաքրքրութիւններ մի երկրում, ապա պէտք է թշնամաբար մօտենաս միւսներին:
Չեմ կարծում, որ միջազգային յարաբերութիւնները այսպիսին են, եւ, իհարկէ, մենք այդպէս չենք աշխատում: Մենք լաւ յարաբերութիւններ ունենք Հայաստանի հետ եւ արժեւորում ենք դրանք նոյնքան, որքան եւ այլ երկրների հետ մեր յարաբերութիւնները:
Երկրորդ, էներգետիկ անվտանգութիւնը այժմ առաջնային է աշխարհի բոլոր երկ րների համար, ներառեալ Հայաստանը: Մեծ Բրիտանիան այլ երկրներից աւել չէ առաջնորդւում նաւթային շահերով: Անշուշտ ճշմարիտ է, որ բրիտանական ընկերութիւնները զգալի ներդրումներ ունեն Ադրբեջանում:
Բայց նույնիսկ զուտ սեփական շահի տրամաբանութիւնը նշանակում է, որ մենք այդ պատճառով կայունութիւն ենք ցանկանում տեսնել տարածաշրջանի բոլոր երկրներում: Մենք իհարկե ցանկանում ենք տեսնել կայուն, անվտանգութեան տեսակէտից ապահու եւ բարգաւաճող Հայաստան:
Այդ նպատակով համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք ոլորտներում` պաշտպանութիւնից մինչեւ կրթութիւն, կլիմայի փոփոխութիւնից մինչեւ հաշմանդամ մարդկանց իրաւունքները:
Մենք համարում ենք նաեւ, որ ժողովրդավարութեան եւ արդիւնաւէտ կառավարման զարգացումը, մարդու իրաւունքները եւ օրէնքի գերակայութիւնը էական են ցանկացած հասարակութեան առողջ զարգացման համար, այդ թւում նաեւ Հայաստանի հասարակութեան համար:
Այդ պատճառով մենք բարձրաձայնում ենք մեր անհանգստութիւնը ինչպէս երկկողմանի յարաբերությիւններում, այնպէս էլ Եւրամիութեան մեր գործընկերների հետ: Դրանք անշուշտ ներառում են մի շարք ծանօթ խնդիրներ` ներառեալ 2008թ. մարտի 1-2 իրադարձութիւնների եւ քաղաքական գործունէութեան հետ կապւած մարդկանց շարունակւող կալանաւորումն ու հետապնդումը, այդ իրադարձութիւնների թափանցիկ, անկախ եւ արդիւնաւէտ հետաքննութեան անհրաժեշտութիւնը, մամուլի եւ հաւաքների ազատութեան սահմանափակումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, ազատ ու արդար ընտրութիւնների անցկացումը:
Մենք նաեւ մի շարք ոլորտներում աջակցում ենք ծրագրերի, որոնք նպատակաուղղւած են այս խնդիրներից մի քանիսին ու խրախուսում են արդիւնաւէտ եւ ուժեղ քաղաքացիական հասարակութեան զարգացումը: Սա երեւի թէ ամենակարեւորն է. զարգացնել քաղաքական մշակոյթ, որում հասարակ մարդիկ կարող են արդիւնաւէտ կերպով պաշտպանել իրենց իրաւունքները ու հաշւէտվութիւն պահանջել կառավարութիւնից` առանց արտաքին միջամտութիւն ակնկալելու:
ՀԱՐՑՈՒՄ.– .Ձեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Ինչպէ՞ս էք գնահատում Մինսկի խմբի աշխատանքն ու նրանց կողմից ներկայացւած Մադրիդեան սկզբունքները: Ի՞նչ կփոխւէր, եթէ համանախագահ լինէր նաեւ Մեծ Բրիտանիան:
ՊԱՏԱՍԽԱՆ .–Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեութիւնը, որի նպատակն է բանակցութիւնների միջոցով հասնել հակամարտութեան կարգաւորմանը` միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրայ, ներառեալ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Եւ մենք կաջակցենք հակամարտութեան լուծման ցանկացած մեխանիզմի, որն ընդունելի կը լինի կողմերի համար եւ որն ունի իրական շանս տեւական քաղաքական կարգաւորում ապահուելու համար:
Մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում վերջին ամիսներին ունեցել են օգտակար եւ կառուցողական հանդիպումներ: Այդ պատճառով ես յոյսով եմ, որ երկու կողմերն էլ կը շարունակեն առաջընթացը:
Մենք անհանգստացած ենք շփման գծի երկայնքով եւ Հայաստանի ու Ադերբեջանի միջեւ միջազգային սահմանին արձանագրւող մահւան դէպքերով: Հավատացած ենք, որ կողմերը պէտք է նորացնեն իրենց ջանքերը լուծելու այս հակամարտութիւնը եւ կոչ ենք անում նրանց բարեխղճօրէն աշխատել բանակցութեան միջոցով խնդրի կարգաւորմանը հասնելու ուղղութեամբ:
Էական է նաեւ կազմակերպել հակամարտութեան լուծման մասին բաց եւ կառուցողական հասարակական քննարկում, եւ մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել դրան աջակցելու, ինչպէս նաեւ անմիջական շփումների միջոցով վստահութիւն ստեղծելու նպատակով:
Յատկապէս պէտք է նշւի, որ տեւական կարգաւորում ապահուելու համար երկու կողմերն էլ պէտք է զիջումների գնան: Այստեղ նոյնպէս այն գաղափարն է, որ սա «զրոյական ելքով խաղ է», որում միայն մի կողմը կարող է «յաղթել», իսկ ցանկացած զիջում ձախողում է: Մինչդեռ այս հակամարտութեան լուծումը հսկայական խթան կը հանդիսանայ երկու երկրների տնտեսական զարգացման, կայունութեան եւ անվտանգութեան համար:
ՀԱՐՑՈՒՄ.– Մադրիդեան սկզբունքներում խօսք է գնում տարիներ անց ԼՂ-ում քւէարկութիւն անցկացնելու մասին: Հնարաւոր համարո՞ւմ էք, որ այդ քւէարկութեան արդիւնքում, կամ որեւէ այլ կերպ Ղարաբաղը կարող է դառնալ անկախ պետութիւն:
ՊԱՏԱՍԽԱՆ.–Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, իհարկէ, պէտք է որոշեն բանակցութեան կողմերը եւ, ժամանակի ընթացքում, բնակիչները. մեր կողմից ճիշտ չի լինի շահարկել, թէ ինչպիսին կարող է լինել կողմերի ընտրութիւնը:
ՀԱՐՑՈՒՄ Հայ-թուրքական յարաբերութիւններում նկատւող շարժը կարծես դադարել է, քանի որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել: Ի՞նչ պէտք է անել, որպէսզի սահմանը բացւի: Չէ՞ք պատրաստւում որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի հանդէպ, որպէսզի խնդիրը տեղից շարժւի:
ՊԱՏԱՍԽԱՆ .–Մենք ողջունել ենք Հայաստանի նախագահի անցեալ տարւայ նախաձեռնութիւնը` նախագահ Գիւլի հրաւէրի հետ կապւած, ինչպէս նաեւ յարաբերութիւնների նորմալացմանն ուղղւած քննարկումներում արձանագրւած առաջընթացը: Կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կը հանգեցնի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը ու սահմանի երկու կողմերում համայնքների մերձեցմանը:
Մենք իսկապէս խրախուսում ենք Թուրքիային եւ Հայաստանին՝ շարունակել ճանապարհներ փնտրել գործընթացն առաջ տանելու համար:

0 Պատգամ: