ՎԵՐՋԻՆ ԽԱՐՈՅԿԱՀԱՆԴԷՍՈՎ ԿԱՒԱՐՏՒԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ


Վաղը ՀՅԴ Երիտասարդական Միութեան կենտրոնական վարչութեան կազմակերպած ամենամեայ բանակումների վերջին օրն է: Իսկ այսօր Դիլիջանում անցկացւող բանակումների վերջին` 8-րդ խմբի անդամներն անցկացնում էին բանակումներում իրենց նախավերջին օրը:
Բանակումների 8-րդ խումբը բաժանւած է 12 խմբերի և այդ խմբերի երիտասարդները բացի հայրենասիրական, գաղափարական, դաստիարակչական, կարգապահական ծրագրերից բանակումների ընթացքում նաև խիստ հետևում են կարգ ու կանոնին. այսպէս` ճամբար, որտեղ անցկացւում են բանակումները, հնարաւոր է մուտք գործել միայն անցնելով պահակակէտը, որտեղ հերթապահում են բանակումներին մասնակցող երկուական երիտասարդներ:
Ամառային բանակումների վերջին խմբի մասնակից երիտասարդները Դիլիջանում են գտնւում օգոստոսի 26-ից: Բանակումների 5 օրերին էլ երիտասարդների համար տարբեր ծրագրեր են կազմակերպւում:
Ինչպէս Դիլիջանում Panorama.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց բանակումների պատասխանատուներից, ՀՅԴ ԵՄ անդամ Սասուն Սարգսեանը, երիտասարդների համար կազմակերպւում են արշաւներ, յայտնի քաղաքական կամ հասարակական գործիչները դասախօսութիւններ են կարդում տարբեր թեմաներով, պատասխանում երիտասարդների հարցերին:

Բացի այդ, նրա խօսքերով, կազմակերպւում են տարբեր խաղեր` սպորտային ու ինտելէկտուալ բնոյթի, խմբերին տրւում են տարբեր յանձնարարականներ և այլն: Այսօր երիտասարդները հիւրընկալել էին ՀՅԴ Հայ Դատի երևանեան գրասենեակի ղեկավար Կիրո Մանոյեանին, ով դասախօսութիւնից յետոյ պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնց շրջանակները բաւականին ընդգրկուն էին` սկսած երիտասարդական հիմնահարցերից, մինչև Հայաստան-Թուրքիա փոխյարաբերութիւններ ու ֆուտբոլային դիւանագիտութիւն:
Խարոյկահանդէսի ժամանակ կրկին հնչում են ազգային ու հայրենասիրական բնոյթի երգեր ու կազմակերպւում են տարաբնոյթ խաղեր: Իսկ բանակումների հնգօրեայ միջոցառումներից ամենակարևորը` վերջին օրւայ խարոյկահանդէսն է, որով էլ բանակումը պաշտօնապէս փակւած է համարւում:
Նշենք, որ այս տարի ամառային բանակումներին մասնակցել է աւելի քան հազար երիտասարդ: Իսկ բանակումների ընթացքում մեծ միջոցառումների անցկացման, կամ հէնց բանակումների անցկացման համար գումարը ՀՅԴ ԵՄ անդամները ստանում են ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչութեան անդամների ամսական վճարած անդամագումարներից:
Յիշեցնենք, որ ամենամեայ բանակումները կազմակերպւում են ՀՅԴ Երիտասարդական միութեան կազմաւորումից` 1993 թւականից սկսած: Բանակումներին մասնակցում են երիտասարդներ ինչպէս հանրապետութեան մարզերից, այնպէս էլ` Սփիւռքից:

0 Պատգամ: