Գերմանիայից Հայաստան է տեղափոխւել Երեւանի ջերմային կայանի բազայի վրայ կառուցւող նոր գազատուրբինային բլոկի համար նախատեսւած գեներատոր-ստատոր
ԵՐԵՒԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Գերմանիայից այսօր` առաւօտյան, աշխարհի ամենամեծ ուկրաինական AN 225 օդանաւով Հայաստան է տեղափոխւել Երեւանի ջերմային կայանի (نیروگاه حرارتی) բազայի վրայ կառուցւող նոր գազատուրբինային բլոկի համար նախատեսւած գեներատոր-ստատոր սարքաւորումը: Այն ունի 197տօննա քաշ եւ 4 մետր եւ 40 սանտիմետր բարձրութիւն:
Ինչպէս այսօր «Զւարթնօց» օդանաւակայանի բեռնափոխադրումների համալիրում լրագրողների հետ զրոյցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետութեան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, քանի որ սարքաւորումը բաւականին ծանր է եւ ոչ ստանդարտ չափերի, մշակւել է տեղափոխման սխեմա. օդանաւով փոխադրելուց բացի այլընտրանքային ճանապարհ չկար:
«Չափսերն այնպիսին են, որ ուրիշ տրասնպորտային միջոցով տեղափոխելն անհնար էր: Տեղափոխման հարցերը լուծելու համար մենք պայմանագիր կնքեցինք «Antonov Airlines» ընկերութեան հետ, որն էլ բարեյաջող իրականացրեց:
Նման մեծ քաշով ու չափով մէկ ամբողջական սարքաւորում առաջին անգամ է տեղափոխւում»,-ասաց Ա. Մովսիսյանը: Այսպիսի եւս մէկ սարքաւորում նախատեսւում է Հայաստան բերել երկու օրից: Նախարարի խօսքով, սարքաւորումների հիմնական մասը կայ, իսկ դա նշանակում է, որ կայանը շահագործման կը յանձնւի ժամանակին կամ աւելի շուտ:
Նախատեսւած ժամկէտը 2010թ-ի ապրիլն է:
Խօսելով նոր կայանի արդիւնաւէտութեան մասին` Ա. Մովսիսեանը նշեց, որ եթէ ներկայիս կայանները 1ԿՎ*(KV) էլեկտրաէներգիայի արտադրութեան համար ծախսում են 380-400 գրամ գազ, ապա գազատուրբինը ծախսելու է 150-180 գրամ: Էկոլոգիական տեսանկիւնից նոր կայանը լինելու է առաւել անվտանգ, արտանետումները մի քանի անգամ պակասելու են:
Նախարարը նկատեց, որ դրա շահագործումը բաւականին դիւրին է: Կորէայի մասնագէտների ստեղծած սարքաւորումը օդանաւակայանից Երեւանի ՋԷԿ հասցնելու համար անհրաժեշտ փոխադրամիջոցները պատրաստ են, եւ ընթացքում խնդիրներ չպէտք է առաջանան:
0 Պատգամ:
Post a Comment