ԿԱՐՕՏԻ ՅԱՒԵՐԺԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ...
Երբեք ոչ տեսել էի եւ ոչ էլ կարող էի պատկերացնել մի այդպիսի ահռելի տեսարան։ Շշմած կանգնել էի դիմացը, բայց չէի կարող հաւատալ։
Շուրջ քառասուն փորւած փոսեր, որոնց իւրաքանչիւրի կողքի հողաթմբի վրայ դրւած էր մի դագաղ...Մթնոլորտը ծանր էր... ահաւոր ծանր ու ճնշիչ։
Կարծես իւրաքանչիւր դագաղ, իւրաքանչիւր փոս անպատասխան հարցումներ էին ուղղում, իւրաքանչիւր դիտողի։ Հարցումներ, որոնք երբեք էլ չստացան իրենց պատասխանները։–
Թէ՝ ինչո՞ւ և ինչպէ՞ս ... գտնւեցինք մենք այստեղ...Ահաւոր վայրը շրջապատած ժողովուրդը, լուռ էր... չգիտէր թէ ինչպէս պիտի լայ, արդեօք պիտի լա՞յ, թէ աւելի ուժգին հակազդեցութեամբ, պիտի պոռթկայ՝ թէ իրեն պատահած վշտի եւ միաժամանակ ցասումի նկատմամբ։Պահեր են լինում, երբ չգիտես ի՞նչ է անելիքդ, պիտի լացե՞ս, թէ պոռթկումով ցասումդ արտայատես։
Ամէն դէպքում, այդ օրը, այդ տեղ, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը այդ յատուկ բաժնում անսովոր ու ահռելի բան էր կատարւում։
Սկզբում, բոլորը լուռ են, անյայտ կարգավիճակում, գալիս են ընտանիքներն ու անհաւատօրէն դիտում են փոսերին ու կողքի հողաթմբի վրայ դրւած դագաղներին, որոնց վրայ անուններ են գրւած։
Իւրաքանչիւրը որոնում է իր սիրեցեալին, որդուն, քրոջը, եղբօրը, ծնողներին... Ու քիչ դեռ չանցած պոռթկումի ճչեր ու աղաղակներ են բարձրանում։ Գրկում են, համբուրում են դագաղներին։
Ծաղիկներ են դնում դրանց վրայ ու չոքում հէնց դրանց առջեւ։
Թէեւ շատ ճոխ, բայց սկսում եւ աւարտւում է թաղման կրօնական կարգը։ Անասանելի դրութիւն է տիրում։ Դագաղները պիտի փոսերը դրւեն, բայց դժւար է հարազատներից բաժանել դագաղներից։Այդ պահին ցանկանում ես ամէն ինչ տեսաժապաւէնի նման շատ արագ անցնի, բայց պահը կարծես կանգնած է։...
Եւ կենտրոնում երեւում են միայն հողակոյտեր՝ որոնց իւրաքանչիւրի տակ, հողի սառը գրկում պահ են դրւած սիրեցեալների յիշատակները... Եւ դրանք էլ ծածկւում են բազմաթիւ ծաղկեպսակներով, ու կարօտի արցունքներով։Նոր Բուրաստան գերեզմանատան այդ յատուկ բաժնի երկինքը լեցւում է խնկի բուրմունքով ու կարօտած լացերի ու ճչերի աղաղակներով......
Վերջացա՞ւ արդեօք... նրանք, որոնք մինչեւ մէկ շաբաթ առաջ իւրաքանչիւրը մի տան ճրագ էին, ու մի վառ կրակ, մութ երկնքում փայլող աստղեր, մինուճարներ, ու հանճարներ, սիրահարւած սրտեր գերած հայուհիներ, Սասնայ Պարով գերող յոյզեր, դեռ մօր կանչով սփոփացող, դեռ հօր այտի համբոյրներից խենթացած սան, ծաղիկները ձեռքին, կարօտ կանչող մանչե՜ր, ջահելնե՜ր... միացան հազար տարւայ ննջեցեալներին... չի կարելի։
Սա արդարութիւն չէ։
Ո՛չ։ Բացարձակապէս Ո՛չ։
Նրանք դեռ կան, մինչեւ աշխարհը կայ..., նրանք դեռ կան, մինչեւ մոլորակներն են շրջում մեր երկնքում, նրանք դեռ կան, երբ դեռ կակաչներրը կան ու մինչեւ այն պահ՝ երբ դեռ սէրը կայ...
Ու նրանք կան, նոյնիսկ այն պահին, որ մենք էլ չկանք...քանզի նրանք հայրենիքի կարօտի յաւերժական զոհերն են...
Թող այս երկտողը, ընդունւի իբրեւ ծաղկեփունջ՝ նրանց հաւաքական շիրիմներին...
Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
0 Պատգամ:
Post a Comment