Monday, August 31, 2009

Քննադատում են ամերիկեան դատարանի վճիռը


Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Քէն Խաչիկեանը օգոստոսի 25-ին նամակ է յղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով, որ նախագահը դատապարտի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի` օգոստոսի 20-ի այն վճիռը, որը բեկանում է Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսւած իրաւունքներին վերատիրանալու համար օտար ընկերութիւնների դէմ դատական գործեր յարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրէնքը:

Այդ վճիռը կայացնելով` դատարանը պնդել է, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանները չեն կարող դատական նման գործերով զբաղւել, որովհետեւ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պաշտօնապէս որպէս ցեղասպանութիւն չի ճանաչել 1915 թ. հայկական ջարդերը Օսմանեան կայսրութիւնում, տեղեկացնում է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի գրասենեակը:
Յիշեցնենք, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանը 2000 թւականին Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներին իրաւունք էր տւել, որ դատական գործ յարուցեն գերմանական 3 ապահովագրական ընկերութիւնների դէմ:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Վիգէն Սոնենց-Փափազեանը դատարանի որոշումը բնութագրել է որպէս ամերիկահայութեանն ուղղւած անարգանք եւ յայտարարել, որ եթէ վճիռն անփոփոխ մնայ, ապա դա կը համարւի աջակցութիւն Հայոց ցեղասպանութիւնը ուրանալու` Թուրքիայի կառավարութեան ջանքերին:

0 Պատգամ: