Սպահանի հայոց թեմի առաջնորդի
Ս. Ծննդեան պատգամը
Մարդեղացումը աներեւոյթ Աստծու
«Եւ Բանը մարմին եղաւ ու բնակւեց մեր մէջ»։
(ՅՈՀԱՆՆԷՍ 1:14)
Որքան հաճելի է լսել Յովհաննէս առաքեալի ձայնը, որ վկայում է. «Աստծու խօսքը մարմին եղաւ եւ բնակւեց մեր մէջ»։ Առաքեալը շարունակելով իր խօսքը ասում է. «Եւ մենք տեսանք Նրա փառքը, Միածնի փառքը, որ Հօրից եկաւ՝ լի շնորհով եւ ճշմարտութեամբ»։ Այո՛, Յովհաննէսը, որպէս Յիսուս Քրիստոսի մտերիմը, ճանաչում էր Նրան եւ որպէս այդպիսին՝ նկարագրում է, որ սկզբից էր Բանը, այսինքն՝ Քրիստոսն սկզբից գոյութիւն ունէր, երբ երկինքն ու երկիրը չէին ստեղծւել։
Նա Աստծու հետ էր եւ Նա Աստւած էր։ Այնպէս, ինչպէս մեր հաւատոյ հանգանակի մէջ խոստովանում ենք ու յայտարարում. «Ճշմարիտ Աստւած է՝ ճշմարիտ Աստծուց ծնւած եւ ո՛չ թէ՝ ստեղծւած»։ Յիսուսն Ինքն Իր մասին վկայելով իր աշակերտներին ու իր շուրջ համախմբւող բազմութեանը եւ այսօր՝ մեզանից իւրաքանչիւրին, ասում է. «Ով ինձ տեսաւ, տեսած եղաւ Հօրը», «Ես իմ Հօր մէջ եմ եւ Հայրս՝ իմ մէջ», մի խօսքով՝ Նա հաստատում է. «Ես եւ Հայրը մէկ ենք»։
Այո՛, այս աշխարհում ամէն ինչ Նրանո՛վ ստեղծւեց։ Պօղոս առաքեալը կողոսացիներին ուղղած իր նամակում վկայում է. «Քրիստոսն Ինքը տեսանելի պատկերն է աներեւոյթ Աստծու, Նրա ձեռքով եւ Նրա համար ստեղծւեց ամէն ինչ» (Կղ. 1:15-17)։ Իսկ Յովհաննէս առաքեալը, որպէս Քրիստոսի վկայ, հաստատում է. «Կեանքը Նրանո՛վ սկիզբ առաւ»։ Մի խօսքով՝ Աստւած կեանքն ստեղծեց Յիսուս Քրիստոսի միջոցով։ Նա ստեղծեց ո՛չ թէ միայն մարմնաւոր կեանքը, այլ նաեւ ու մանաւանդ՝ հոգեւոր, յաւիտենական կեանքը։ Դարձեալ Յովհաննէս առաքեալն այս անգամ իր առաջին նամակում ասում է. «Աստւած յաւիտենական կեանք տւեց մեզ, եւ այդ կեանքի աղբիւրը Որդին՝ Ինքն է» (Ա Յհ. 5:11)։
Աստւած նախեւառաջ լոյսն ստեղծեց եւ ապա ստեղծեց կեանքը։ Երբ ընդունում ենք ու հաւատում Քրիստոսին, ընդունած ենք լինում Նրա լոյսը, որ իմանալի եւ մշտնջենական լոյսն է։ Խաւարած մտքով, խաւարի մէջ չենք կարող ոչինչ տեսնել, միայն լոյսի՛ մէջ կարող ենք տեսնել եւ ճանաչել Աստծուն. «Կեանքը մարդկանց համար լոյսն է, որ փայլում է խաւարի մէջ»,- ասում է Յովհաննէս առաքեալը։ Այո՛, խաւարած մտքերը, մեղքով ծանրաբեռնւած թերահաւատ հոգիները չեն կարող տեսնել աստւածային լոյսը, որովհետեւ նրանք նախընտրում են ապրել ու անյայտանալ խաւարի ճիրանների մէջ։Դարձեալ Յովհաննէս աւետարանիչն է վկայում. «Բանն էր ճշմարիտ լոյսը, որ աշխարհ գալով՝ լուսաւորում էր ամբողջ մարդկութեանը» (Յհ. 1:9)։ Այո՛, Քրիստոսը մարդեղացաւ եւ բնակւեց մեր մէջ։
Նա իր աստւածային բարձունքից խոնարհւեց, եկաւ մեր մէջ հաստատւեց՝ մեր փրկութեան, մեր մեղքերի քաւութեան եւ թողութեան համար։ Մի խօսքով՝ Նա մարդացաւ, որպէսզի մարդն աստւածանայ։ «Կատարեալ Աստւածը եղաւ նա՛եւ կատարեալ մարդ՝ հոգով , մտքով եւ մարմնով ». ինչպիսի՜ մեծ հրաշք, ինչպիսի՜ մեծ եւ սքանչելի խորհուրդ խորին... Երկնքի ու երկրի անբաւելին խանձարուրի մէջ փաթաթւեց, հեռու Բեթղեհէմի մէջ, խուլ ու անձայն անկիւնում, մսուրի մէջ՝ ի նշան հեզութեան եւ խոնարհութեան։ Ահա այս խորհուրդն է, որ տօնում ենք այսօր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակներս։
Ծնունդը Բանի՝ Խօսքի, մեր հզօր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի։Յովհաննէս առաքեալը որպէս ականատես վկայ եւ մտերիմն ու սիրելին Յիսուս Քրիստոսի՝ վկայում է. «Եւ մենք տեսանք Նրա փառքը»։ Ի՞նչ փառքի մասին է խօսքը. չէ՞ որ Քրիստոսը մերժելով մերժեց փառաւորւել։ Նա զգուշացաւ Իր փառքով ու տեսիլքով յայտնւել։ Սակայն, այդ փառքն ուրիշ բան չէր, եթէ ոչ՝ Նրա անմեղութիւնը, սրբութիւնը, ճշմարտութիւնը, սէրը, արդարութիւնը, հեզութիւնը, զօրութիւնը, շնորհը եւ մանաւանդ՝ յաւիտենական ու մշտնջենական լոյսը։Հետեւաբար՝ Ս. Ծննդեան տօնը Աստծու յայտնութեան տօնն է՝ որպէս առաջին եւ իմանալի Լոյսի։
Նրա մարդեղութեան տօնն է, որովհետեւ Նա մեր փրկութեան, մեզ մեր մեղքերից ազատագրելու համար երկնքից իջաւ, մարդեղացաւ եւ Սուրբ Հոգու միջոցով Ս. Կոյսից ծնւեց։Այսօր որքանո՞վ պատրաստ ենք ճանաչելու Բանը՝ Խօսքը, մանկացեալ Փրկչին։ Որքանո՞վ պատրաստ ենք տեսնել եւ ճանաչել Նրա փառքը, որ յաւիտեան է։ Եւ վերջապէս, որքանո՞վ պատրաստ ենք տեսնել լոյսը՝ լուսաւորելու համար մեր խաւարած մտքերն ու հոգիները, մեղքի տիղմի մէջ չընկղմւելու եւ խաւարի անդունդի մէջ յաւիտեան չկորչելու համար։
Հայ ժողովուրդը եղաւ Լոյսին երկրպագող առաջին ազգը։ Այդ Լոյսը տարածեց Հայաստան աշխարհում՝ արքունական պալատներից սկսած մինչեւ ամենից համեստ բնակարանները, խաւարած հոգիներից սկսած մինչեւ թերահաւատ հոգիները։Եկէ՛ք լսենք Նրան, որ յայտարարում է. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը։ Ով որ ինձ հետեւի՝ խաւարի մէջ չի քայլի, այլ կունենայ այն լոյսը, որ առաջնորդում է դէպի կեանք» (Յհ. 8:12)։ Հետեւաբար՝ եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ, քայլենք ու հետեւենք Նրան։Դառնա՛նք Լոյսին՝ մանկացեալ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին։Երկրպագե՛նք ու փառաբանե՛նք Նրան յաւիտեան։Սա՛ է պատգամը Ս. Ծննդեան, մի խօսքով՝ Աստւածայայտնութեան։
* * *
Ս. Ծննդեան պայծառ ու խանդավառ այս առաւօտեան սիրոյ իմ սրտագին ողջոյնս ուղղում եմ ձեզ՝ բոլորիդ, Պատգամաւորական ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, հոգեւորականաց դասին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային դպրոցների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեան, ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին՝ անխտիր։
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս՝Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
6 ՅՈՒՆՒԱՐԻ 2011
Թ.Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ
(ՆՈՐ ՋՈՒՂԱ)
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment