Օբամայի, Սարկոզիի
եւ Մեդւեդեւի
յայտարարութիւնը
Ղարաբաղի
վերաբերեալ


10.07.2009



Արման Յովհաննիսեան, Արմէն Քոլոյեան


Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնեակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը հանդէս են եկել յայտարարութեամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին յորդորել են կարգաւորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտութիւնը:
«Ասոշիէյթըդ փրէս» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` երեք պետութիւնները, որոնք նախագահում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, իրենց աջակցութիւնն են յայտնում «կարգաւորման հիմնարար սկզբունքների մշակումն աւարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»:
«Մենք յանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007 թւականին Մադրիդում ներկայացւած խաղաղութեան հաստատման ծրագրի լրամշակւած տարբերակը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնութիւնները եւ աւարտական տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերեալ իրենց համաձայնութիւնը, որով կուրւագծւի համապարփակ կարգաւորման ընդհանուր պատկերը», - ասւում է Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ յայտարարութիւնում:
«Ասոշիէյթըդ փրէս»-ը նշում է, որ Մադրիդեան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, անւտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ եւ միջանկեալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ, տեղահանւածների եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրաւունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրաւական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտայայտութեան միջոցով»:
«Ռոյթըրզ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Իլհամ Ալիեւը Յուլիսի 17-ին հանդիպելու են Մոսկւայում:
Յայտարարութիւնում, որի տեքստը տեղադրւած է ԵԱՀԿ-ի պաշտօնական կայքէջում, ասւած է.
«Մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանեան Դաշնութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նւիրվածութիւնը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգաւորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:
Մենք յանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թւականի նոյեմբերի Մադրիդեան փաստաթղթի լրամշակւած տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք յորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակաւաթիվ տարաձայնութիւնները եւ աւարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերեալ իրենց համաձայնութիւնը, ինչը կուրւագծի համապարփակ կարգաւորում:


Տեղեկանք


Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի [արտաքին գործերի] նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կարգաւորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007 թւականի նոյեմբերին Մադրիդում:Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնւած Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականութեան, Ժողովուրդների իրաւահավասարութեան եւ ինքնորոշման` Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների վրայ:
Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնաւորապէս.



  • - Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողութեանը;


  • - Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակ, որը անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;


  • - Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;


  • - Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագայ որոշում իրաւականօրեն պարտաւորեցնող կամարտայայտութեան միջոցով;


  • - ներքին տեղահանւած անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակութեան վայրերը վերադառնալու իրաւունք;


  • եւ անվտանգութեան միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողութիւն:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնարար սկզբունքների սատարումը թոյլ կտայ մշակել համապարփակ կարգաւորման ծրագիր` ուղղւած Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն եւ բարգաւաճ ապագայի ապահովմանը»:

0 Պատգամ: