Ալիեւի Կոշտ
Յայտարարութիւններին
«Անգամ խաղաղութեան մասին խօսելիս, Ալիեւը սպառնում է պատերազմով:
Մէկ անգամ Ադրբեջանն արդէն պատերազմը սանձնազերծել է: Ու
տրամաբանական կը լինէր, եթէ այսօրւայ չափից աւելի ռազմատենչ Ալիեւը
հարցնէր ինքը իր երէկւայ «ես»ին, թէ որտե՞ղ էր ինքը թաքնւած այն
տարիներին, երբ իր հասակակիցներին որպէս թնդանօթային միս՝էին
ուղարկում ռազմաճակատ»:
ԱՐՑԱԽ, «Հետք».- Հայաստանի յատուկ յանձնարարութիւններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասեանը, պատասխանելով «Ռիա Նովոսթի» գործակալութեան հարցումին՝ մեկնաբանել է Ադրբէյջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս կատարած հերթական կոշտ յայտարարութեանը, ըստ որի Ադրբէյջանը Լեռնային Ղարաբաղի գոյատեւման հնարաւորութիւն չի տեսնում իր սահմաններից դուրս։
Արկադի Ղուկասեանը մասնաւորապէս նշել է. «Ալիեւ կրտսերը, ժառանգութիւն ստանալով Ադրբէջանը՝ ձեւացնում է, թէ շատ բան չի տեսնում, չի յիշում ու չի լսում: Նա չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը, իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանութեան բարձունքից նա առաւել եւս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբէջանի կողմից բռնազաւթւած Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան տարածքները, չի տեսնում հարիւր հազարաւոր հայ փախստականներին Ադրբէջանից եւ ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին յաջողւել էր իրականացնել էթնիկ զտումներ:
Ալիեւը չի յիշում, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը կայացել է միջազգային իրաւունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի յիշում Ատրպէյճանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու…) իրականացւած հայերի ջարդերը:
Չի յիշում, որ, միջազգային ահաբեկչական կառոյցների գրոհայինների ներգրաւմամբ, Ադրբէջանը Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան դէմ սանձազերծեց լայնածաւալ ռազմական ագրեսիա, ինչի արդիւնքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նիւթական հսկայական կորուստներ:
Չի յիշում, թէ Ադրբեջանի համար որքա՛ն անփառունակ վախճան ունեցաւ ուժային այդ արկածախնդրութիւնը եւ ում հետ, վերջ ի վերջոյ, նա ստիպւած եղաւ 1994 թ. Մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:
«Ալիեւը չի լսում միջազգային հանրութեան կոչերը՝ վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանութեանը, շփման գօտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչութիւնը:
Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խօսել փորձում է միջնորդների, Հայաստանի, եւ որ ամենացինիկն է՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովրդի շահերի դիտակէտից: «Անգամ խաղաղութեան մասին խօսելիս, Ալիեւը սպառնում է պատերազմով:
Մէկ անգամ Ադրբեջանն արդէն պատերազմը սանձնազերծել է: Ու տրամաբանական կը լինէր, եթէ այսօրւայ չափից աւելի ռազմատենչ Ալիեւը հարցնէր ինքը իր երէկւայ «ես»ին, թէ որտե՞ղ էր ինքը թաքնւած այն տարիներին, երբ իր հասակակիցներին որպէս թնդանօթային միս՝էին ուղարկում ռազմաճակատ:
Ադրբեջանի ղեկավարների յայտարարութիւնները հաւաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում՝ Ալիեւն, ըստ էութեան, խափանում է բանակցային գործընթացը»:
0 Պատգամ:
Post a Comment