ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՊԷՏՔ ՉԷ



Թուրքիան ոչ միայն չի շտապում Հայաստանից էլեկտրաէներգիայ ներկրել, այլև կարծես սառեցրել է այդ գործընթացը։ Չնայած հայկական Էլեկտրաէներգիայի ներկրումը տնտեսապէս ձեռնտու է երկու երկրին էլ, սակայն այն աւելի շատ քաղաքական հարց է դարձել:
Հայաստանից Թուրքիա Էլէկտրաէներգիայի արտահանման բոլոր սկզբնաժամկէտներն արդէն անցել են, և ներկայում այդ հարցում անորոշութիւն կայ։ Տարէսկզբին յայտարարւում էր, որ արտահանումը պէտք է սկսւի այս տարւայ ապրիլից, բայց այդ ժամկէտն անցաւ, ու տեղաշարժ չարձանագրւեց։
Բացի այդ՝ հայկական «Բարձրավոլտ էլէկտրացանցերի» և բէլգիական «Իւնիտ» ընկերութեան (որը Հայաստանից Թուրքիա էլէկտրաէներգիա պէտք է ներկրէր) միջև անցած տարւայ սեպտեմբերին ստորագրւած պայմանագրով նախատեսւում էր, որ թուրքական կողմը վեց ամսւայ ընթացքում պէտք է վերականգնի էլեկտրագծերը, ենթակայանները և լուծի էլեկտրաէներգիայի ներկրման լիցենզիայի հետ կապւած հարցերը։
Թէև պայմանագրով էլէկտրաէներգիայի արտահանման սկզբնաժամկէտ ամրագրւած չէ (ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանի), «Իւնիտի» պաշտօնական կայքէջում նշւում է, որ Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրելու ուղղութեամբ աշխատանքներն ընթանում են 2007-ից, իսկ էլեկտրաէներգիայի ներկրումը նախատեսւած է սկսել 2009թ. երկրորդ եռամսեակից։
Արդէն բաւական ժամանակ է անցել թէ՛ հայ պաշտօնեաների կողմից յայտարարւած (Ա. Մովսիսեանը տարէսկզբին յայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է սկսւել այս տարւայ ապրիլին), թէ՛ պայմանագրով ամրագրւած աշխատանքները աւարտելու ժամկէտից, թէ՛ «Իւնիտի» կողմից նշւող ժամկէտներից, բայց թուրքական կողմը չի շտապում։
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարութեան մամուլի քարտուղար Լուսինէ Յարութիւնեանը «Կապիտալին» դժւարացաւ ասել էլեկտրաէներգիայի արտահանման գործընթացի ձգձգման պատճառները։
Ըստ նրա՝ երկու ընկերութիւնների միջև ստորագրւած պայմանագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ ձգձգումը պայմանաւորւած է թուրքական կողմում աշխատանքների կարգաւորմամբ։
Մեզ մնում է միայն ենթադրել, թէ այդ ինչ տեխնիկական խնդիրներ են, որ թուրքական կողմն առայսօր չի կարողանում լուծել։ Նշենք, որ Թուրքիայում պէտք է վերականգնւէին և նորոգւէին համապատասխան ենթակառուցւածքները, մասնաւորապէս՝ ակնկալւում էր 4-5 ամսում վերականգնել ենթակայանները և 3-4 կմ էլեկտրագիծ։
Ըստ պայմանաւորւածութեան՝ Հայաստանը տարէկան պէտք է արտահանի 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիայ, որի գինը (նախնական պայմանաւորւածութեամբ) պէտք է կազմի $57՝ 1Մվտ-ի համար կամ 5,7 ցենտ՝ 1 կՎտ-ի համար։ Եթէ հաշւի առնենք, որ ներկայում Թուրքիայում 1կՎտ-ի գինը կազմում է 4-14 սենտ, ապա հայկական էլեկտրաէներգիան բաւական մրցունակ է թուրքական շուկայում։
Հայկական էլեկտրաէներգիայի արտահանման հարցը կարևոր է ոչ միայն Հայաստանի էներգետիկ համակարգի, այլև տնտեսութեան այլ ճիւղերի համար։ Մեր ընկերութիւններից շատերն արդէն նախանշել են թուրքական ընկերութիւնների հետ համագործակցելու ուղղութիւնները, սակայն չեն շտապում դրանք իրագործել։
Էլեկտրաէներգիայի արտահանումը հայ-թուրքական առաջին բիզնես նախագիծն է, և, ըստ «Կապիտալի» հաւաստի աղբիւրների, ընկերութիւններն առաջ շարժւելու համար սպասում են, թէ ինչ արդիւնքներ կգրանցւեն քաղաքական հարթութիւնում:



«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: