Թուրք լրագորղները յայտարարել են, թէ առանց Ադրբեջանի շահերը հաշւի առնելու՝ Հայ–թուրքական արձանագրութիւնները չեն վաւերացւի




Ինչպէս «7օր»-ն արդէն տեղեկացրել է, Հայ և թուրք լրագրողների հանդիպման շրջանակներում Երևանում են թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ովքեր կարծես եկել էին միաբերան բարձրաձայնելու, թէ Թուրքիայի խորհրդարանում Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման նախապայմանը (թէև նրանք դա ժեստ էին որակում) Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթացն է։




Նրանցից էին նաև «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը և «Milliyet» օրաթերթի լրագրող Կադրի Գիւրսելը։
Մասնաւորապէս «Milliyet» օրաթերթի լրագրողը նշեց, թէ չնայած արձանագրութիւններում ԼՂ-ի վերաբերեալ որևէ կէտ չկայ, սակայն ինչպէս Հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման գործընթացի սկզբում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը յայտարարել է, որ եթէ Ղարաբաղի խնդրում որևէ առաջընթաց չլինի, այդ արձանագրութիւնները չեն կարող վաւերացւի, այնպէս էլ մինչ օրս Թուրքիայի այդ տեսակէտը չի փոխւել։
-Կարծում եմ, որ եթէ առաջիկայ ամիսներին Ղարաբաղի հարցում առաջխաղացում տեղի չունենայ, իրատեսական չէ, որ արձանագրութիւններն առանց վաւերացման կարող են այսպէս պահւել,- կարծիք յայտնեց Կ. Գիւրսելը՝ աւելացնելով,-ես այն կարծիքին չեմ, թէ հակառակ Ադրբեջանի՝ այդ արձանագրութիւնները կը վաւերացւեն...


Թուրքիայում ամէն ինչը փակուղու մէջ է հիմա, քանի որ Արբեջանի գործօնը կայ, ներքին խնդիրներն են առկայ, և որպէսզի Թուրքիան որոշի առանց Ադրբեջանի շահերը հաշւի առնելու, Ադրբեջանը կորցնելու հաշւին՝ ամէն դէպքում գնայ արձանագրութիւնների վաւերացման, ապա դրա համար պէտք է այլ գորօններ առաջ գան, որոնք հիմա չեմ կարող ամբողջութեամբ կանխատեսել։


Բայց կարող եմ ասել, որ երբ Թուրքիայի շահերը սկսեն դժւարութեան մէջ մտնել և ոտնահարւել ինչ-ինչ պատճառներով, զարգացումներից ելնելով՝ այն ժամանակ միայն Թուրքիան կարող է իր տեսակէտը, մօտեցումը փոխել։
Թուրք լրագրողը նաև աւելացրեց, թէ անձամբ ինքը, ինչպէս նաև Թուրքիայի կառավարութիւնը կը նախընտրէին, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատաման համար անհրաժեշտ գործօն չլիներ ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորումը, սակայն իրական կեանքն այլ է, և Ադրբեջանից եկած ճնշումների ներքոյ իրենք պարտաւորւած էին այդ հարցն առաջ քաշել։
-Եթէ ժամանակագրութեանը նայենք, ապա կարծես թէ այդ ճնշումը յետոյ ի յայտ եկաւ։ Չնախատեսւած ուժգնութեան ճնշման ենթարկւեցինք, որովհետև կարծում եմ՝ եթէ նախօրոք Ադրբեջանը դիմեր այդ ճնշմանը, նախօրոք զգային այդ ճնշումն իրենց վրայ, անպայման կա՛մ արձանագրութիւնների մէջ այդպսի կէտ կը մտցնէին, կա՛մ էլ գոնէ ապրիլ ամսին, երբ Շւէյցարիայում այս արձանագրութիւնների մասին յայտարարւեց, արդէն կը խօսէին այդ մասին։


Պէտք է նշեմ նաև, որ Ադրբեջանից եկած ճնշումը, իհարկէ, ազդում է նաև հասարակութեան վրայ, և հասարակութիւնն էլ է սկսում այդ ճնշումը գործադրել կառավարութեան վրայ։
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար Ղարաբաղեան հարցում առաջընթցն անհրաժեշտ է համարում նաև «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը։
-Մենք այստեղ չենք խօսում միայն ղարաբաղեան խնդրի լուծման մասին, այլ խօսում ենք, որ կառավարութեան ձեռքը մի ուժ լինի, որով կարողանայ Մեջլիսով անցկացնել արձանագրութիւնները,- յայտարարեց թուրք լրագրողը՝ ապացուցելու համար, որ կառավարութիւնը չի կարող ազդել խորհրդարանի վրայ՝ բերելով այն օրինակը, որ թէև իրաքաեան պատերազմի ժամանակ Թուրքիայի կառավարութիւնը շատ էր ցանկանում ընդառաջել ԱՄՆ-ի պահանջին և իր տարածքը տրամադրել տարանցման նպատակներով, սակայն իրենց երկրի խորհրդարանը մերժեց։
Եւ հետո, Ֆերհաթ Բորաթավի խօսքերով, Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւումը և ԼՂ-ի խնդրի բարձրացումը չպէտք է դիտել զուտ որպէս Թուրքիայի և Ադրբեջանի կամակորութիւն ու միմիայն նրանց առնչւող խնդիր։
-Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան և Հայաստանը մի զոյգ չեն, որոնք տանգօ են պարում։ Սա շատ տարօրինակ մի պար է, որտեղ 5 հոգի են պարում։ Այս խնդրի մէջ են նաև Ամերիկան և Ռուսաստանը։ Թուրքիայում ոչ մէկը չէր սպասում, որ Ադրբեջանը հակառակ գնալու չափ այսպիսի մի արձագանք պէտք է տար խնդրին։ Թուրքիան և Ադրբեջանը մի շատ մեծ խաղի խաղացողներ են, որը կոչւում է արևելք- արևմուտք էներգիայի առանցք։ Սկզբում ոչ մէկը չէր երևակայի, թէ Ադրբեջանը կարող է ասել, որ ինքն այս խաղից կարող է հեռանալ։ Եւ այս խաղի մէջ Ադրբեջանի մնալը միայն Թուրքիայի խնդիրը չէ։
Ի դէպ, փորձելով պատճառաբանել, թէ որևէ արտառոց բան չկայ, երբ Թուրքիան տեղի է տալիս Ադրբեջանին՝ «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատուն օրինակ բերեց Հայ-թուրքական արձանագրութիւնների հետ կապւած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի սփիւռքեան շրջագայութիւնը։
-Ինչպէս Սարգսեանը գնաց Սփիւռք՝ համոզելու, և այդտեղ ո՛չ մենք, ո՛չ էլ դուք արտառոց վիճակ չտեսանք (եթէ մոռանանք ամբողջ սփիւռքի բողոքի հաւաքները եւ բարձրաձայն ՈՉ–երը), այնպէս էլ արտառոց չպէտք է համարել նաև այն, որ Թուրքիան այս խնդիրը քննարկում է Ադրբեջանի հետ։ Վերջիվերջոյ, Սարգսեանը համոզեց Սփիւռքին (իրականութեան մէջ չկարողացաւ համոզել), բայց այսօր Թուրքիան ադրբեջանցիներին դեռևս չի կարողացել համոզել,- յայտարարեց թուրք լրագրողը՝ այդուհանդերձ մոռանալով, որ Սփիւռքը Հայաստանի մի բաղադրիչն է, իսկ Ադրբեջանը՝ առանձին պետութիւն։



Արէգնազ Մանուկեան

7օր

* Ընդգծումները՝ ինձանից է։ Վ.

0 Պատգամ: