Tuesday, December 29, 2009

ՍԵՒ ԱՅԳՈՒ ԱԴԱՄՆ ՈՒ ԵՒԱՆ

ՍԵՒ ԱՅԳՈՒ ԱԴԱՄՆ ՈՒ ԵՒԱՆ


ԱՄԷՆ ՈՔ, ԼԻՆԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ , ԶԳՈՒՄ Է ՆՐԱ ԱՌԱՆՁՆԱՅԱՏՈՒԿ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

Ամէն ոք, ով գալիս է Ղարաբաղ, պարտադիր կերպով կտեսնի «Մենք ենք՝ մեր սարերը» կոթողը, որը գտնւում է հիւսիսային կողմից հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մուտքի մօտ՝ բլրի վրայ։ Այս կոթողը ժողովուրդը պարզ ու քնքշօրէն անւանում է «Պապիկ եւ տատիկ»։
Կարմրավարդագոյն տուֆից կերտւած այս յուշարձանը կառուցւել է 1967 թւականին եւ ներկայացնում է ազգային տարազով երկու տարեց անձինք՝ ամուսինը եւ կինը։ Տատիկի «հասակը» կազմում է հարմարեա 4 մետր, պապիկինը՝ մոտ 6 մետր։ «Տատիկն ու պապիկը» պատւանդան եւ իրան չունեն, ինչն այն զգացումն է ստեղծում, թէ այդ կերպարանքները ներաճել են սարերին, հարազատացել նրանց հետ։
Կոթողի սիմվոլիզմը կարելի է դիտարկել նաեւ հոգեւոր-կրօնական տեսակէտից։ Բանն այն է, որ Ղարաբաղը, նրա գեղատեսիլ բնութիւնն ու բնակչութեան հիւրընկալութիւնը ոչ սակաւ առիթ են տւել համեմատելու դրախտային անկեան հետ։ Բացի այդ, ըստ աւանդութեան, այստեղ են գտնւում քրիստոնէական աշխարհի մի շարք սրբութիւններ։
Օրինակ, հայկական եկեղեցական ճարտարապետութեան մարգարիտ՝ Գանձասարի վանքի բեմի տակ թաղւած է Յովհաննէս Մկրտչի գանգը, իսկ Դադիվանքում վերջերս գտել են Թադէոս առաքեալի աշակերտ Դադիի մասունքները։
Որոշ գիտնականներ հակւում են այն մտքին, որ դրանք հէնց իր՝ Թադէոսի մասունքներն են, ով Բարդուղիմէոս առաքեալի հետ միասին մտնում էր 12 առաքեալների թւի մէջ եւ Փրկչի ուսմունքը քարոզել է Մերձաւոր Արեւելքում ու Հայաստանում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Շուշի քաղաքում գտնւող Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու շրջակայքը Մարիամ Կոյսի տեսիլքների քանակով առաջին տեղն է գրաւում տարածաշրջանում։
Կոթողը վերլուծելով տւեալ համատեքստում, այն կարելի է համեմատել աստւածաշնչեան Ադամի եւ Եւայի հետ։ Թւում է՝ նրանք հասկացել են կեանքի իմաստը, գիտակցել նիւթականի եղծականութիւնն ու ունայնութիւնը, ոգու եւ հոգեւոր արժէքների անմահութիւնը։ Ի դէպ, Ստեփանակերտի եւ մերձակայ բնակավայրերի բոլոր նորապսակները հարսանքի ժամանակ պարտադիր կերպով գալիս են ստանալու «նախածնողների» օրհնանքը։
Ղարաբաղի այդ խորհրդանիշն արտաքին աշխարհին ներկայացաւ 1988 թւականին, երբ սկսւեց ազգային-ազատագրական շարժումը։ Խորհրդանշական է, որ անդրանիկ հանրահաւաքը Ստեփանակերտում տեղի է ունեցել կարեւորագոյն եկեղեցական տոներից մէկի՝ Տեառնընդառաջի օրը։ Արցախի հայութիւնն ասես Ամենաբարձրեալի օրհնանքն է ստացել՝ պաշտպանելու իր արդար պահանջը։ Բայց այն ժամանակ դա ոչ ոք չգիտեր, քանի որ Արցախը միակ տարածաշրջանն էր աշխարհում, որտեղ ոչ մի եկեղեցի չէր գործում։
Խորհրդային իշխանութեան տարիներին բոլորը փակւել էին։ Ոչ պակաս խորհրդանշական է նաեւ ԼՂՀ պետական դրօշը. կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն՝ երեք հորիզոնական եւ երկարութեամբ հաւասար շերտերով ուղղանկիւն պաստառ, որի աջակողմեայ երկու եզրերից սկսւում է սպիտակ հնգատամ սանդղաւոր գորգանախշ եւ միանում դրոշի երրորդ մասում, եթէ այն մասերի բաժանենք ուղղահայաց կերպով։ Այն նման է Հայաստանի դրօշին, բայց տարբերւում է յիշատակւած հնգատամ սանդղաւոր գորգանախշով։
Պաշտօնապէս այն խորհրդանշում է Ղարաբաղը, որը բռնի կերպով պոկւել է Հայաստանից։ Սակայն, ըստ աւանդութեան, այդ եռագուներանգը որպէս վարագոյր՝ Երուսաղեմում Սողոմոնի տաճարում Սուրբ սրբոցը բաժանել է տաճարի մնացեալ մասից։ Երբ Քրիստոսին խաչել են, եւ երկրաշարժ ու խաւարում է տեղի ունեցել, վարագոյրը պատռւել է հէնց այն մասում, որտեղ եւ զետեղւած է սանդղաւոր գորգանախշը։ Ուսումնասիրելով Ղարաբաղը, ակամայից զգում ես ինչ-որ «անտեսանելի ձեռքի» առկայութիւնը, որն ամենադժւարին պահին այդ փոքրիկ լեռնաշխարհին օգնում է յաղթահարել անյաղթահարելի թւացող դժւարութիւնները։ Հոգեւորութիւնն ուժ է տալիս ժողովրդին։
Էներգէտիկան հաղորդւում է Արցախ այցելող՝ գործնականում բոլոր մարդկանց։ Ահա թէ, օրինակ, ինչ է երգում Einsturrende Neubauten գերմանական խումբը, որի մեներգիչը մի քանի տարի առաջ եղել է Արցախում եւ գրել «Լեռնային Ղարաբաղ» երգը.

Մութ անտառներ, լեռնաշղթաներ՝ սառոյցով պատւած,
Մուգ դեղին արեւ, որ կազմում է դրախտավայր,
Իսկ դրանց հետ մէկտեղ մի պահ՝
Թռչնի չքնաղ դայլայլից հիւսւած,
Իմ սրտի կղզում, որտեղ հոգիս է պահւում՝
Գիրկն եմ ընկնում դրախտային այգու՝
Լեռնային Ղարաբաղի։

Հոգեւոր արժէքները սնում են դրանք ունեցող ժողովրդին։ Բայց եթէ այդ ժողովուրդը յետ է քաշւում հոգեւորութիւնից, ապա գոյութիւն ունեցող հոգեւոր «հանքաշերտերն» էլ պարզապէս հատնում են։ Արցախում ժողովրդի եւ արժէքների միջեւ փոխհարստացումը , փառք Աստծոյ, շարունակւում է , եւ հէնց դա է հանդէս գալիս որպէս ամէն մի ժողովրդի ապագայի ամենայուսալի հիմքերից մէկը։



28 դեկտեմբերի 2009թ.
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

0 Պատգամ: