ԲԱՐԴՈՒՂԻՄԷՈՍ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԻՐԵՆ «ԽԱՉՒԱԾ Է ԶԳՈՒՄ» ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ամերիկեան Pew Forum հիմնադրամը աշխարհի 198 երկրներում հետազոտութիւն է անցկացրել դաւանանքի ազատութեան վերաբերեալ:
Մասնագէտները յանգել են եզրակացութեան, որ երկրագնդի բնակչութեան 70 տոկոսը զրկւած է իր կրօնը ազատ դաւանելու հնարաւորութիւնից, եւ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնցում դաւանանքի ազատութիւնը սահմանափակւած է:
Պետութեան վարած քաղաքականութեան` դաւանանքի վրայ ազդեցութեան եւ այլադաւների նկատմամբ հասարակութեան անհանդուրժողականութեան մակարդակով բոլոր երկրները բաժանւել են մի քանի խմբերի` սահմանափակումների շատ բարձր, բարձր, միջին եւ ցածր մակարդակ:
Հիմնադրամի տւեալներով` Թուրքիան «բարձր» խմբում է յայտնւել, ի թիւս Ինդոնեզիայի, Մավրիտանիայի, Պակիստանի, Վիետնամի, Ալժիրի, Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբիայի, Սուդանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի:
Այդ կապակցութեամբ, ըստ armtoday.info-ի, թուրքական «Ռադիկալ» թերթը մէջբերում է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմէոսի` ամերիկեան հեռուստաալիքներից մէկով արած յայտարարութիւնը, որ ինքն իրեն «խաչւած է զգում» Թուրքիայում, որի իշխանութիւններն արդէն 2000 տարի է սպասում են, թէ երբ է վերանալու Կոստանդնուպոլսի պատրիարքութիւնը: Պատրիարքի կարծիքով` ուղղափառ յոյները Թուրքիայում «երկրորդ կարգի քաղաքացիներ են»:
Մեկնաբանելով պատրիարքի ելոյթը` Թուրքիայի արտգործնախարարն այն անւանել է «չարաբաստիկ» եւ յոյս է յայտնել, որ պատրիարքը պարզապէս սխալ է արտայայտւել:

0 Պատգամ: