ԼՂՀ ԱԳ Նախարար.– Ադրբեջանական ԶԼՄ-ները խճճւել են իրենց իսկ մոգոնած ստի սարդոստայնում


19:24 / 24.12.2009
Ադրբեջանական ԶԼՄ-ը կրկին մոլորւել են երեք ծառի արանքում` փորձելով ղարաբաղեան կողմին ներկայացնել դժգոյն լոյսի ներքոյ: Այդ մասին ասւած է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատւական վարչութեան տարածած յայտարարութեան մէջ:
ԱԳՆ-ն յայտնել է, որ «դեկտեմբերի 20-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում նախ „հայ“ զինծառայողի, այնուհետեւ, ինչպէս պարզւել է, ադրբեջանցի զինւորի կողմից սպանւած կինը մէկ օրւայ ընթացքում „հայից“ վերածւել է ադրբեջանուհու: Ընդ որում, որպէս այդ լուրի լուսանկար է օգտագործւել սպանւած վրացուհու լուսանկարը, որն արւել է 2008թ. օգոստոսին Հարաւային Օսիայի պատերազմի ժամանակ»:
Ղարաբաղի ԱԳՆ-ի փոխանցմամբ, «Ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց հակահայկական քարոզչութեան մէջ վաղուց արդէն կեղծիքներ են կիրառում: Դա նկատել է ոչ միայն ղարաբաղեան կողմը: Մոսկովեան Новый регион հրատարակութիւնը գրում է, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները վերջին երեք ամիսների ընթացքում արդէն առնւազն երրորդ անգամ են կեղծարարութիւններ արել` օգտագործելով տարբեր երկրների լուսանկարչական նիւթերը „հայկական ագրէսիայի փաստերը ապացուցելու“ համար: Կնոջ սպանութեան հետ կապւած ադրբեջանական Vesti.az գործակալութեան վերոնշեալ կեղծիքից բացի, հրատարակութիւնը որպէս օրինակ է բերում 2008թ. օգոստոսին սպանւած վրացի զինւորի լուսանկարի տեղադրումը իբրեւ ղարաբաղեան կողմի կորուստների „հաստատում“, որոնք, իբրեւ թէ, տեղի են ունեցել ադրբեջանական դիրքերի վրայ ԼՂՀ պաշտպանութեան բանակի ստորաբաժանումների յարձակման հետեւանքով: Իրականում, ամէն ինչ ճիշտ հակառակն է եղել:Բացի այդ, ռուսական հրատարակութիւնը դիմակազերծել է ադրբեջանական Trend լրատւական գործակալութեանը, որը հաղորդել էր ղարաբաղեան հակամարտութեան մասին փաստագրական ֆիլմի աւարտման մասին եւ որպէս ֆիլմի ուղեկից լուսանկար օգտագործել էր իբրեւ թէ „հայկական ագրէսիայի զոհերը“ պատկերող մի լուսանկար. այն ստուգելուց յետոյ պարզւել է, որ դա Կոսովոյի սպանւած բնակիչների լուսանկարն է` վերցւած կանադական ֆրանսալեզու կայքից:
Տւեալ կեղծիքը, որն օգտագործւել է Խոջալուի ողբերգական իրադարձութիւնների կապակցութեամբ եւ որը տեղադրւել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թւում նաեւ հակահայկական ապատեղեկատւական գլխաւոր կենտրոնի` Ադրբեջանի նախագահի տիկնոջ ղեկավարած Հեյդար Ալիեւի հիմնադրամի կայքէջում (
www.azerbaijan.az), աւելի վաղ բացայայտւել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան կողմից»:
«Հարկ է հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շարունակական հանդիպումների եւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի առաջընթացի վերաբերեալ միջազգային միջնորդների լաւատեսական յայտարարութիւնների համապատկերում պաշտօնական Բաքուն եւ նրա ձեռնասուն ԶԼՄ-ները շարունակում են ՀՀ եւ ԼՂՀ դեմ ուղղւած ագրէսիւ տեղեկատւական պատերազմը: Ընդսմին, նրանք չեն խորշում եւ ոչ մի միջոցից, որպէսզի չարիքների մեղաւոր ներկայացնեն հայկական կողմին եւ համաշխարհային հանրութեան եւ սեփական ժողովրդի գիտակցութեան մէջ ներարկեն յայատյացութեան թոյնի նոր չափաբաժին»,- ասւած է յայտարարութեան մէջ:
«Ցաւօք, պաշտօնական Բաքւի նման կործանարար քաղաքականութիւնը, համապատասխան միջազգային կառոյցների կողմից պատշաճ գնահատականի չի արժանանում, ինչը սպառնում է ի չիք դարձնել երկարամեայ խաղաղարար ջանքերը: Արեւմուտք „ինտեգրւող“ „ժողովրդավարական“ Ադրբեջանը եւ նրա „անկախ“ լրատւամիջոցները վերջ ի վերջոյ պէտք է գիտակցեն, որ խօսքի ազատութիւնը ապատեղեկատւութեան ազատութիւն չէ»,- նշել են յայտարարութեան հեղինակները եւ յոյս յայտնել, որ «գալիք տարի միջազգային հանրութիւնը աւելի լուրջ մօտեցում կը ցուցաբերի Ադրբեջանի իշխանութիւնների ոչ արդիւնաւէտ գործողութիւնների նկատմամբ»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: