Milliyet-ի թղթակից.– Գիտակցութեան սահմանները բացելը՝ Հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է

10:27 / 28.12.2009
Դեկտեմբերի 17-20-ը Երեւանում գտնւած թուրքական առաջատար լրատւամիջոցների ներկայացուցիչներից՝ թուրքական Milliyet-ի թղթակից Քադրի Գիւրսելը իր հրապարակումներից մէկում անդրադարձել է Երեւանում իրենց կողմից Հայոց Ցեղասպանութեան յուշարձան այցին եւ այնտեղ ծաղիկներ դնելուն։
«Անցեալ շաբաթ Երեւանում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ մի փունջ մեխակներ դրեցինք եւ յուշարձանի կրակի մօտ յարգանքի մի քանի րոպէ՝ կանգնեցինք։ Այո, մեր այդ պահւածքը ձեզ մօտ այս հարցը կառաջացնի. „Հայոց Ցեղասպանութիւնը ընդունու՞մ էք“: Ես իմ անունից չեմ ասի ոչ, եւ ոչ էլ՝ այո։ Այդ իրադարձութիւններից մօտ 100 տարի է անցել, սակայն մեզ համար այդպիսի պատասխանների համար ժամանակը դեռ չի եկել։
Ցեղասպանութեան յուշարձան մեր այցի մասին Ադրբեջանում էլ են լսել եւ մի ադրբեջանական հեռուստաընկերութիւնից ինձ զանգահարեցին՝ ասելով. „Ճիշտ է՞, որ ծաղիկ էք դրել, Ցեղասպանութիւնը ճանաչո՞ւմ էք“: Ես պատասխանեցի, որ ծաղիկներ ենք դրել, որովհետեւ հասկացել ենք նրանց ցաւը եւ ցոյց ենք տւել զոհւածների յիշատակի հանդէպ մեր յարգանքը։ Ամէն դէպքում ես այդպէս եմ մտածում։ Ես կարծում եմ, որ մարդկային առումով շատ ճիշտ է այնտեղ ի նշան յարգանքի կանգնել եւ ծաղիկներ դնել։
Իրօք, մենք գիտէ՞ինք թէ ինչեր են տեղի ունեցել Անատոլիայում 1915-1922 թւականներին։ Իսկ այսօր գիտե՞նք։ Ո՞վ կարող է հանգիստ սրտով ասել այո։ Ինչու՞ ենք ցանկանում կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ։ Սահմանների բացումը աշխարհաքաղաքական եւ տնտեսական օգուտներ կը տայ՞։ Գիտակցութեան սահմանները բացելը՝ Հայ-թուրքական սահմանների բացման չափ կարեւոր է»,- իր հրապարակման մէջ նշել է Քադրի Գիւրսելը։
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ «Եւրասիա» համագործակցութեան հիմնադրամի կողմից կազմակերպած ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 17-20-ը Երեւանում գտնւած թուրքական յայտնի լրատւամիջոցների ներկայացուցիչները այցելել էին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել եւ Յաւերժական կրակի մօտ, հանդիպել Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի հետ։
Թուրքիայից ժամանած հիւրերը ներկայ են գտնւել նաեւ Ս. Էջմիածնի Մայր տաճարում կիրակնօրեայ պատարագին եւ տպաւորւել էին եկեղեցու ներսում տիրող ջերմ եւ խաղաղ մթնոլորտից։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: