ՈՐՏԵՂ Է ԼԻՆՈՒՄ ՁՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ


Հայ ժողովրդի հնարամտութեան վրայ կասկածելու համար պէտք է առնւազն այլ մոլորակից եկած կամ լուսնից իջած լինես: Այս անգամ էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը, փող չլինելը, խանութներում պարտքով ապրանք տալու աւանդոյթի վերացումը չի ընկճել հայ ժողովրդին:
Հայերը շարունակում են փող հայթայթել և որևէ մէկից, առաւել ևս հարևանից պակաս չնշել Ամանորը: Բանն այն է, որ հիմա էլ վարկով են Ամանորը նշում, հարևանը պարտքով փող չի տալիս, որովհետև չունի, "խոպանն էլ" իրեն այս տարի առանձնապէս չարդարացրեց:
Շատերն իրենց աւտովարկի և կամ ասենք բնակարան վերանորոգելու համար վերցրած վարկերից յատկացնում են նաև ամանորեայ սեղաններին: Ու որտեղ այդքան ծախս, այնտեղ էլ Ձմեռ պապ ու Ձիւնանուշ հրաւիրելն անմասն չեն մնում, այսպէս ասած` էրեխես ում էրեխուց ա պակաս որ:
Երեխայի համար 15-20 րոպէանոց հաճոյք ապահովելու համար ծնողը պատրաստ է վճարել 20.000 դրամ: Ինչպէս նշեց ոլորտում երկարամեայ փորձ ունեցող, "Երազանքների թատերախմբի" ղեկավար Ռուզաննա Պարոնեանը, ով 1995 թւականից նման ծառայութիւններով է զբաղւում, վերջին հինգ տարիներին Ձմեռ պապի ծառայութեան գները մնացել են անփոփոխ: Բացի այդ, Ձմեռ պապն ու Ձիւնանուշը իրենց հետ նւէր չեն բերի, նւէրները կպատրաստեն ծնողները, ինչն էլ չի մտնում արդէն սահմանւած 20.000 դրամի մէջ:
"Երազանք թատերախումբն" այս տարի ճգնաժամն այնքան էլ չի զգում, նոյն պատւէրներն են, նոր տարւայ առաջին օրերին արդէն 20-25 պատւէր ունեն: Իսկ Ձմեռ պապի` առանց նւէր փոքրիկին այցելելը Ռուզաննան պատճառաբանում է` փոքրիկի երազանքը ծնողից լաւ ոչ ոքի չգիտէ: "Միակ բանը, որ եղաւ պատւէրների նւազման տեսակէտից, դա այն է, որ մանկապարտէզները փակւեցին, իսկ պատւէրներ ունէինք նաև այդտեղից: 95 թւականի համեմատ պէտք է նշեմ, որ շատացել են պատւէրները", աւելացրեց Ռուզաննան:
Իսկ ձմեռ պապի ծառայութիւնից, պարզւում է, որ ոչ այնքան հարուստներն են օգտւում, որքան խելօք մարդիկ, ովքեր կարևորում են որակն ու ճիշտ սպասարկումը: Նման կարծիք է յայտնում արդէն "Ռոբերտինո" մանկական խնջոյքների կազմակերպման կենտրոնի տնօրէն Ռոբերտ Մովսիսեանը, աւելացնելով, որ իր կենտրոնում ծառայութիւն են մատուցում դերասանները, ինչպէս նաև մանկական խաղավարները:
Ու թէև չի նշում առ այսօր պատւէրների քանակը` համարելով դա կոմերցիոն գաղտնիք, բայց ասում է, որ ձմեռ պապն ու ձիւնանուշն առաջինը իր տուն են շտապելու: Ու յետոյ էլ աւելացնում է, որ ճգնաժամը ազդել է պատւէրների թւի վրայ, սպասւածից քիչ են, ներդրել են շատ, բայց օգուտ, այնուամենայնիւ, այնքան էլ չի լինի:
Պէտք է նշել, որ երբեմն լինում են նաև անվճար Ձմեռ պապեր, որոնց տրամադրում են թաղապետարանները, բայց դրանք լինում են ծայրաստիճան անհետաքրքիր և տխուր: 7-ամեայ Արևիկին անցեալ տարի Քանաքեռ-Զէյթունի թաղապետարանի կողմից է ձմեռ պապ այցելել, և երեխան այլևս ձմեռ պապին չի սպասում: Եւ նրանց, ում համար Ձմեռ պապը թանկ հաճոյք է, Ձմեռ պապը կայցելի երազում:
"Տարւայ մէջ էս մի քանի օրը լաւ աշխատոմ ենք: Գիտեք երկու հոգու գործ կայ` նոր տարուն լաւ լինում` մերն ու տաքսու վարորդներինը", ասում է Վարդան անունով Ձմեռ պապը` վստահ լինելով, որ նոր տարւայ առաջին օրերին հարբելով` շատերն են "տաքանում" ու Ձմեռ պապ պատւիրում հանպատրաստից:
Ու այս տարի էլ կանցնի մնացած տարիների պէս, հարևանը կը մրցի հարևանի հետ, բայց օրինակ եթէ նման աշխոյժ մրցակութիւն ցուցաբերէինք մեր հարևան երկրների հետ, հիմա բոլորովին այլ երկրում կապրէինք, ուժեղ ու մրցունակ, ու մրցութեան ճանապարհին էլ չէինք հանդուրժի "դաղալութիւնը" և "զօռբայութեամբ" առաջ գնալը:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: