Յովիկ Աբրահամեանը չի յաւակնում նախագահ դառնալ


Իրինա Յովհաննիսեան
24.12.2009
Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը չի յաւակնում հանրապետութեան նախագահի պաշտօնին. իրեն Ազգային ժողովի նախագահի պաշտօնը բաւական է։ Հինգշաբթի խորհրդարանում Յովիկ Աբրահամեանը այսպէս արձագանքեց իշխող կուսակցութեան ներսում առկայ խմորումների մասին լուրերին։
«Իմ կարծի՞քն էք ուզում իմանալ. լինելու է հերթական ընտրութիւն եւ ընտրւելու է Սերժ Սարգսեանը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ի նախագահը՝ յաւելելով. - «Գոնէ ես ամէն ինչ անելու եմ, որ ինքը ընտրւի»։
Վերջին շրջանում հայաստանեան մամուլում վարկածներ են շրջանառւում, որ Յովիկ Աբրահամեանը «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան հետ յեղաշրջում է ծրագրում։
«Ոչ մի անգամ աչքի չեմ ընկել թիմին դաւաճանելու գործողութիւններով», - նաեւ ասաց ԱԺ-ի նախագահը։ - «Ընդհանրապէս թիմի անդամ եմ, եւ միշտ յարգել եմ խաղի կանոնները։ Իսկ հակառակ կողմով, որ նւիրւած եմ, մինչեւ վերջ պայքարող եմ, դա իմ կարծիքով 2007 թւականին ակնյայտ երեւացել է, որ ղեկավարել եմ Հանրապետական կուսակցութեան շտաբը Ազգային ժողովի ընտրութիւններում, 2008 թւականին ղեկավարել եմ հանրապետութեան նախագահի շտաբը»։
Այս ամէնը, ըստ Յովիկ Աբրահամեանի, վստահութեան մասին է վկայում, եւ հակառակը չի էլ կարելի մտածել։
Ազգային ժողովի նախագահը ասաց, որ կառավարութեան հետ եւս որեւէ տարաձայնութիւն չի ունեցել, եւ դրական գնահատեց վարչապետ Տիգրան Սարգսեանի ու նրա տնտեսական թիմի անդամակցութիւնը Հանրապետական կուսակցութեանը: Միաժամանակ, Յովիկ Աբրահամեանը նշեց. - «Գտնում եմ, որ իրենք աւելի շատ անելիքներ ունեն իրենց զբաղեցրած պաշտօններում, քան կուսակցութիւնում»:
Նա անդրադարձաւ նաեւ 2008 թւականի հետընտրական իրադարձութիւնների կապակցութեամբ անազատութեան մէջ գտնւող` իրենց նախկին գործընկեր Սասուն Միքայէլեանին եւ պատգամաւորութեան թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինեանին:
Վերջերս խորհրդարանում մի քանի լրագրողների նախաձեռնութեամբ Սասուն Միքայէլեանին առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու խնդրանք-դիմում էր կազմւել, որը հասցէագրւած էր երկրի նախագահին եւ որի տակ ստորագրել էին իշխող կոալիցիայի կուսակցութիւնների մօտ երկու տասնեակ պատգամաւորներ, սակայն նրանց մեծամասնութիւնը յետոյ հրաժարւեց ստորագրութիւններից:
«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին` արդեօք ճնշումների հետեւանքո՞վ պատգամաւորները հրաժարւեցին ստորագրութիւններից, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց, թէ կոռեկտ չի համարում, որ կուսակցութեան անդամ պատգամաւորը ստորագրի այդ կուսակցութեան նախագահին ուղղւած թղթի տակ. կուսակցութիւնում հնարաւորութիւն կայ Սերժ Սարգսեանի հետ շփւելու, եւ պատգամաւորը կարող է բանաւոր դիմել նրան: Բացի այդ, ըստ Յովիկ Աբրահամեանի, նախագահը օրէնքով օժտւած չէ պատգամաւորի կամ խորհրդարանի նախագահի նամակի հիման վրայ որեւէ մէկին ներել. խնդրանք-դիմումը պէտք է գրի այն մարդը, որին ներման գործընթացը վերաբերում է:
Նիկոլ Փաշինեանի պատգամաւոր ընտրւելու հնարաւորութիւնը Յովիկ Աբրահամեանին չի անհանգստացնում. - «Յաջողութիւն եմ ցանկանում նրան, որ ընտրւի: Ես ուրախ կը լինեմ, որ նա ընտրւի, որովհետեւ ինչքան մենք ընդդիմութիւն ենք ունենում Ազգային ժողովում, այնքան հարցերը աւելի խորն են քննարկւում, հակասութիւնների արդիւնքում ծնւում են շատ լաւ նախագծեր, շատ լաւ օրէնքներ: Միայն լաւ բան եմ տեսնում: Ես ցանկանում եմ` եթէ ունի ինքը հնարաւորութիւն, թող ընտրւի, մասնակցի»:
Ազգային ժողովի նախագահը նաեւ կարծիք յայտնեց, թէ «Մարտի 1»-ի էջը որպէս փաստ փակւած է, որպէս երեւոյթ` ոչ:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: