ԼՂ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԲԱՆԱՒՈՐ
Հայկական եւ ադրբեջանական երկու համայնքները բանաւոր պայմանաւորւածութեամբ գտել են ԼՂ հիմնախնդրի լուծումը: «Սա ժողովրդական դիւանագիտութեան արդիւնք է: Սա հակամարտութեան ժամանակ խնդրի խաղաղ կարգաւորման օրինակ է, երբ երկու համայնքները առանց կորուստների փոխանակում են կատարել: Սա նաեւ փոխզիջման օրինակ է»,- «Ա1+»-ին ասաց պատմական գիտութիւնների թեկնածու Արսէն Յակոբեանը:
Ղզլ Շաֆագ` ներկայումս Լոռու մարզի Ձիւնաշող գիւղի եւ Ադրբեջանի կենտրոնական հատւածում գտնւող նախկին հայկական Քերքենջ գիւղի բնակիչները Սումգայիթի դէպքերից յետոյ 1988թ. որոշեցին փոխանակել իրենց գիւղերը: Գիւղի բնակիչների բանաւոր պայմանաւորւածութեան հիմնական կէտն էր` պահպանել միմեանց գերեզմանոցները: Այժմեան լուսանկարները վկայում են, որ կողմերը պայմանաւորւածութիւնը չեն խախտել:
Երկու համայնքների փոխանակումից 18 տարի անց` 2006թ. երկու կողմերը ««Հենրիխ Բեօլ» հիմնադրամի աջակցութեամբ Հայ եւ ադրբեջանցի գիտնականները որոշեցին ուսումնասիրել փոխանակւած համայնքները: Հայկական կողմից ուսումնասիրութիւնը կատարել է Արսէն Յակոբեանը: «Դա ցոյց է տալիս, որ հորիզոնական մակարդակով շփումների դէպքում լուծումներ գտնելը դիւրին է:
Մենք չենք կարող դիտարկել խնդրի գլոբալ լուծումը, սակայն առանձին տարրեր կարողացան խնդիրը յաղթահարել անհատական մակարդակում: Տւեալ դէպքում երկու համայնքների բնակիչներն արեցին այն ինչը կախւած էր իրենցից եւ յաղթահարեցին կոնֆլիկտը,- գտնում է Արսէն Յակոբեանը:
Ուսումնասիրութիւնը նրան թոյլ չի տալիս ասել, որ նոյն համայնքների հայ եւ ադրբեջանցի բնակիչներն այսօր պատրաստ են ապրել միասին: Ուսումնասիրութիւնների հիման վրայ հրատարակւել է «Ղզլ Շաֆագ եւ Քերքենջ. Ղարաբաղեան հակամարտութեան պայմաններում գիւղերի փոխանակման պատմութիւն» աշխատութիւնը: Ուսումնասիրութեան ընթացքում որոշ հարցերի շուրջ կողմերն այդպէս էլ չեն եկել համաձայնութեան. «Նախաբանում նշւած է, որ կողմերը պատասխանատւութիւն չեն կրում միմեանց տեքստերի համար, սակայն հիմնականում դրանք համաձայնեցւած են»:
Երիտասարդ գիտնականի համար աշխատութիւնն առաջին հերթին արժէքաւոր է, որ քանի որ վաւերագրում է մարդասիրական գործընթացներ, որոնք առաջ են բերում հերոսներ եւ հէնց այդ հերոսներն են գործընթացի պատասխանատուները. «Սա մեր ժամանակակից պատմութեան մի մասն է»:

«Ա+1»

0 Պատգամ: