Հայաստանում Անգլիայի դեսպանը դրդում է Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխօսութեան ձախողմա՞ն



Մեծ Բրիտանիան (Անգլիան) պատմականօրէն յատուկ դեր է խաղացել Կովկասում: Լոնդոնը մշտապէս յատուկ յարաբերութիւններ է ունեցել Թուրքիայի հետ՝ կախւած նպատակայարմարութիւնից, ելնելով սեփական շահերից, մտել է միութիւնների եւ դաւադրութիւնների մէջ տարածաշրջանի երկրների դէմ:
Մեծ Բրիտանիան, լինելով տիպիկ կայսրութիւն, բայց մշտապէս կայսէրական յաւակնութիւնների մէջ մեղադրելով նոյն Ռուսաստանին, տարածաշրջանում առաւելագոյնս ցինիկ եւ պրագմատիկ քաղաքականութիւն է վարել, որ հիմնւած է միայն կասպիական նաւթի եւ իրանական գազի գերակայութիւնների վրայ: Այդ ցինիկ քաղաքականութեան արտայայտողը Հայաստանում, բնականաբար, Մեծ Բրիտանիայի դեսպաններն են՝ նախկին եւ ներկայ:
Յիշենք նախկին դեսպան Թորդա Էբոթ Ուոթթին՝ անցեալը մոռանալու եւ ապագային նայելու հայ ժողովրդին ուղղւած իր կոչով: Իհարկէ, տիկին Էբոթ Ուոթթը, արտայայտելով այդ կարծիքը, չէր անհանգստանում Թուրքիայի շահերի համար, այլ առաջին հերթին՝ հայերի հանգստութեան եւ ապագայի մասին: Բայց նրան չհասկացան:
Չհասկացան, թէ ինչ հիմքով է օտարերկրեայ դեսպանն ընդհանրապէս կարծում, թէ ինչ-որ մէկն իր խորհրդի կարիքն ունի այդ նրբագոյն հարցում, չհասկացան, թէ ինչու է որոշել, որ կարելի է բուժել պատմական վերքերն ու դաս տալ մի ողջ ժողովրդի,որ նա մտածի արիւնօտ անցեալի, թէ՞ լուսաւոր ապագայի մասին: Այդ սկանդալից յետոյ Էբոթ Ուոթթին հետ կանչեցին Լոնդոն, եւ այժմ Բաղրամեան պողոտայում գտնւող Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ղեկավարում է նոր դեսպան՝ Չարլզ Լոնդսդեյլը:
Ինչպէս յայտնի է՝ դեսպանների փոփոխութիւնից պետութեան քաղաքականութիւնը չի փոխւում: Պատասխանելով «Ժամանակ» թերթի հարցին, թէ ինչպէս է Մեծ Բրիտանիան նայում հարցին, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման հարցում որպէս նախապայման առաջ է քաշում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտութիւնը, Չարլզ Լոնդսդեյլն ասել է. «Մենք աջակցում ենք կողմերին՝ առաջ գնալ եւ վաւերացնել արձանագրութիւնները, բայց որպէս անկախ պետութիւն, Թուրքիան ազատ է վարւել այնպէս, ինչպէս ցանկանում է, եւ ազատ է նախապայմաններ առաջ քաշել»:
Չարզլ Լոնդսդեյլն, իհարկէ, ճիշտ է, Թուրքիան ազատ է նախապայմաններ առաջ քաշելու հարցում: Բայց այդ դէպքում նա պէտք է շարունակէր միտքը եւ յայտարարեր, թէ այդ դէպքում էլ Հայաստանը եւս ազատ կարող է դուրս գալ բանակցութիւններից: Միգուցէ դրան էլ փորձո՞ւմ է հասնել Լոնդոնը: Միգուցէ դեսպանը սադրո՞ւմ է՝ յուսալով ձախողել հայ-թուրքական բանակցային գործընթացը: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ հայկական իշխանութիւնները յստակ յայտարարել են, թէ նախապայմաններ առաջ քաշելու դէպքում արձանագրութիւնները չեղեալ են յայտարարւելու:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: