Վահան Յովհաննիսեան.-
«Ընդդիմութեան գործը մեզ համար միտինգից միտինգ չէ, ամենօրեայ է»
ԵՐԵՒԱՆ, «ԵՐԿԻՐ» - Երէկ հրաւիրած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբեանը յայտարարել է՝ իբր Դաշնակցութիւնը որեւէ քայլ համաձայնեցնում է իշխանութիւնների հետ:
Որպէս ապացոյց՝ ընդդիմադիր գործիչը «բացայայտում է», թէ օրեր առաջ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը հանդիպել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի հետ:
ՀԱԿ-ի ներկայացուցչի այս խօսքը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանին: «Քանի որ լուրը զգալի չափով կեղծ է, կառուցւած է կեղծ տւեալների վրայ եւ կեղծ մեկնաբանութիւններ են անում, ես դա մեկնաբանելու պատճառ չունեմ:
Բայց, մի քանի բացատրութիւններ, այնուամենայնիւ, կը տամ: Այնտեղ նշւում է դաշնակցականների ինչ-որ կազմի մասին: Սխալ է նշւում այդ կազմը: Խօսք է գնում նաեւ այն մասին, թէ իբր նման հանդիպումներով Դաշնակցութիւնը համագործակցում եւ իր քայլերը համադրում է իշխանութիւնների հետ:
Դա կատարեալ ապուշութիւն է: Նոյն ձեւով համագործակցութիւն եւ քայլերի համադրում կարող էր դիտւել, օրինակ, հարցապնդումները արտգործնախարարին կամ վարչապետին եւ այլն, եւ այլն:
Դա անհեթեթութիւն է: Մենք, բնականաբար, պէտք է յարաբերւենք այն բոլոր ատեանների հետ, որտեղ քննւում են մեզ ու երկրի համար կարեւոր հարցեր, փոխանցենք մեր մտահոգութիւններն ու անենք մեր առաջարկները: Սա նորմալ է, որովհետեւ ընդդիմութեան գործը մեզ համար, ի տարբերութիւն որոշ քաղաքական ուժերի, միտինգից միտինգ չէ, ամենօրեայ է»,- նշեց Վահան Յովհաննիսեանը:
0 Պատգամ:
Post a Comment