Վրաստանն Ազգայնականութեան Ճիրաններում.–
Երեք Պատերազմները Դաս Չեղան Վրացական Քաղաքական Վերնախաւի Համար


13:08 / 21.12.2009
Կարծես, Վրաստանի դժբախտութիւնները, այդ թւում այդ պետութեան նախկին մասերի հետ երեք պատերազմները՝ երկու վրաց-օսական եւ մէկ վրաց-աբխազական, դաս չեղան վրացական քաղաքական վերնախաւի համար։
Այդ վերնախաւի առանձին ներկայացուցիչները դեռեւս ճիշտ են համարում ազգայնական յայտարարութիւններով հանդէս գալը՝ գերագնահատելով Վրաստանի ազգերից մէկին եւ թերագնահատելով միւսներին:
Այսպէս, Վրաստանի սփիւռքի հարցերով պետնախարար Եուլոնա Գագոշիձէն օրերս բառացի յայտարարել է. «Վրաստանը միայն վրացիների եւ աբխազների հայրենիքն է, իսկ երկրում բնակւող այլ ազգութիւնների ներկայացուցիչները դիտարկւում են որպէս այլ երկրների սփիւռքներ: Մեր այսպէս կոչւած „ազգային փոքրամասնութիւնները“ կարող ենք դիտարկել որպէս հարեւան երկրների սփիւռքներ՝ ադրբեջանական, հայկական, ռուսական եւ այլն: Իմ կարծիքով, կան միայն երկու ժողովուրդներ, որոնց հայրենիքը Վրաստանն է՝ վրացիներն ու աբխազները: Անգամ օսերին մենք պէտք է դիտարկենք որպէս սփիւռք»:
Ինչպէս յայտնում է «Կաւկազ պրէս» գործակալութիւնը, հանրութիւնը բաւական ջղային է արձագանքել Գագոշիձէի այդ յայտարարութեանը՝ նրան մեղադրելով խտրական քաղաքականութիւն վարելու մէջ։
Հայերի միաւորման նախագահ Հենրիկ Մուրադեանը յայտարարել է. «Երբ ես լսեցի պարոն Գագոշիձէի արտայայտութիւնները, շատ զարմացայ: Նա պէտք է լաւ իմանայ Վրաստանի պատմութիւնը: Ես ծնւել եմ Վրաստանում, իմ բոլոր նախնիները ծնւել եւ մեծացել են այստեղ: Մենք անում ենք ամէն ինչ, որ մեր ընդհանուր հայրենիքը լաւ ապագայ ունենայ»:
Վրաստանում լոյս տեսնող ադրբեջանական թերթերից մէկի խմբագիր Նասիբ Նասիբովը նոյնպէս յայտարարել է, թէ Վրաստանն իր հայրենիքն է համարում: «ԻՀարկէ, Վրաստանն իմ հայրենիքն է:
Ես, իմ հայրը, պապը եւ ապուպապը միշտ ապրել ենք այստեղ: Ինձ համար անընդունելի է ադրբեջանական սփիւռքի ներկայացուցիչ համարւելը»,- ասել է նա: Իսկ լրագրող Զվիադ Քորիձէի կարծիքով, Գագոշիձէն պէտք է ներողութիւն խնդրեր:
« Երբ խօսք է գնում ժամանակակից պետութեան մասին, անտեղին է խօսել նման դասակարգումների, բնիկ բնակչութեան եւ այլնի մասին: Եւ նրա հիմնադիրներն են երկրում բնակւող բոլոր քաղաքացիները՝ անկախ ռասայական, ազգային պատկանելութիւնից եւ հաւատից»,- նշել է նա:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: