Ո՞Վ Է ՍՏՈՒՄ` ՍԱՐԳՍԵԱՆԸ, ԹԷ՞ ԷՐԴՈՂԱՆԸ


Լրագրող Ջեյհուն Նաջաֆովը, ով Ադրբեջանի լրատւական դաշտում աշխատում է երկար տարիներ, գտնում է, որ հայ- ադրբեջանական հակամարտութիւնը իրականում կը լուծւի այն սերնդի օրօք, ովքեր հիմա 10 տարեկան են եւ իրենց մաշկի վրայ չեն զգացել երկու ժողովուրդների միջեւ լարւածութիւնը:
«Այսօր խաղաղութեան համար նախադրեալներ եւս չեմ տեսնում, սակայն չի կարելի ասել նաեւ, թէ հասել ենք այն եզրին, երբ պատերազմն անխուսափելի է: Հիմա դեռ չի հասել այն վիճակը, երբ դանակը այսպէս ասած հասնում է ոսկորին, ուրեմն եւ ասել, թէ չկայ լուծման հեռանկար` սխալ կը լինի».- «Ա1+»-ին ասաց նա: Հայ- ադրբեջանական, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին, ըստ նրա, Ադրբեջանում օբյէկտիւ ինֆորմացիա տալը անհնար չէ, պարզապէս այդ ամէնը, մշտապէս բախւելու է քաղաքական խնդիրների հետ:
«Այո, մենք պէտք է ապրենք խաղաղութեան մէջ, սակայն ներկայ իրավիճակում դա մի տեսակ ոչ իրական է, քանի որ կան շատ գործօններ: Իսկ այս լարւած իրավիճակում բարդ է աշխատելը: Ես, օրինակ, սիրում եմ հայ դուդուկահար Ջիվան Գասպարեանի կատարումները, սակայն բարձրաձայնել այդ մասին Ադրբեջանում հաւասարազօր է դաւաճանութեան»,- «Ա1+»-ին ասաց Ջեյհունը:
Խօսելով Հայ- թուրքական յարաբերութիւնների մասին` նա նկատեց, որ այդ կապակցութեամբ մշտապէս հրապարակւում են իրարամերժ տեղեկութիւններ: «Սերժ Սարգսեանը ասում է, որ Հայ-թուրքական արձանագրութիւններում չի խօսւում Ղարաբաղեան հակամարտութեան մասին, Թուրքիայի վարչապետ էրդողանը գալիս է Բաքու, յայտարարում, որ դրանք փոխկապակցւած են:
Մէկը մի բան է ասում, միւսը` այլ բան: Որպէս լրագրող, նրանց չհաւատալ ես չեմ կարող, բայց ստացւում է, որ նրանցից մէկը կամ մինչեւ վերջ չի բացում չակերտները կամ ստում է»,- ասաց Ջեյհուն Նաջաֆովը: Լրագրողի խօսքով, իհարկէ ադրբեջանցիների համար ձեռնտու է, որ ճիշտ լինի Էրդողանը, հայերի համար էլ` Սարգսեանը: Ինչ վերաբերում է Հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա լրագրողի դիտարկմամբ, դա Թուրքիայի գործն է:
«Որպէս պետութիւն նա իրաւունք ունի որոշել, թէ որ երկրի հետ է հաստատում յարաբերութիւնները, սակայն Անկարան պէտք է այդ մասին բաց խօսի, ասի `գիտէք, ես ուզում եմ բացել սահմանները Հայաստանի հետ: Բայց Թուրքիայում նման բան չեն ասում, ասում են` մենք վարում ենք բանակցութիւններ, որոնց արդիւնքում կը լուծւի նաեւ ԼՂ հարցը, այդ ժամանակ հայերի հետ կը բացենք սահմանները»,-ասաց նա:


«Ա+1»

0 Պատգամ: