Հայստանը յետ կը վերցնի՞ Հայ–թուրքական արձանագրութիւնների տակ դրած իր ստորագրութիւնը



Թուրքիայի՝ Հայ-թուրքական յարաբերութիւնները Ղարաբաղին յարակից եօթ շրջաններից հայերի դուրս գալու հետ կապելու յամառութիւնն ահա այս կէտին է յանգեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին:
Վստահելի աղբիւրների համաձայն, եթէ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում և սահմանների բացում նախատեսող արձանագրութիւնները մինչև առաջիկայ մարտ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չվաւերացւեն և կեանքի չկոչւեն, ապա Հայաստանը միակողմանիօրէն արձանագրութիւնների տակ դրած իր ստորագրութիւնը յետ կը վերցնի:
Պատճառը շատ պարզ է: Առկայ իրավիճակում այնպիսի տպաւորութիւն է ստեղծւել, կարծես Հայաստանի նախագահին խաբել են սեփական ժողովրդի աչքի առջև: Նա, դէմ դուրս գալով ինչպէս իր երկրի, այնպէս էլ սփիւռքի արմատականներին, ստորագրեց արձանագրութիւնները, սակայն մնաց ձեռնունայն: Թուրքիայի հետ ոչ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատւեցին, ոչ էլ սահմանները բացւեցին. Թուրքիան հրաժարւեց իր խօսքերից: Հակառակ այն բանին, որ ստորագրւած արձանագրութիւնների տեքստում որևէ դրոյթ չկայ Ղարաբաղի վերաբերեալ, մեր վարչապետը յամառօրէն պնդում է, որ առանց այդ հիմնախնդրի կարգաւորման արձանագրութիւնները խորհրդարանում չեն անցնի:
Ստացւում է' որևէ տարբերութիւն չկայ Թուրքիայի' Ադրբեջանին պարզ ճակատով նայելու համար Հայաստանից Ղարաբաղի հարցում միակողմանի ժեստեր պահանջելու և Եւրամիութեան' Կիպրոսի յունական հատւածին լռեցնելու համար Թուրքիայից միակողմանիօրէն նաւահանգիստները բացելու պահանջի միջև:
Հայ-թուրքական արձանագրութիւնների և խորհրդարանի մարտիմէկեան որոշման նմանեցումը
Յաճախ զուգահեռներ են անցկացւում Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների և թուրքական խորհրդարանի մարտիմէկեան որոշման միջև, երբ օրէնսդիրը մերժեց ամերիկեան ռազմական ուժերին' հիւսիսից Իրաք ներխուժելու նպատակով Թուրքիայի տարածքը տրամադրելու մասին փաստաթուղթը: Զուգահեռներ իրականում կան, բայց ոչ թէ այն առումով, որ արձանագրութիւնները ինչ-որ պատահարի հետևանքով չեն վաւերացւի խորհրդարանում: Նմանութիւնն այստեղ այն է, որ մեր իշխանութիւնները չեն կարողանալու կատարել տւած խոստումները:
Մենք բազմիցս էինք գրել, որ սխալ է արձանագրութիւնները ներկայացնել խորհրդարանի վաւերացմանը: Մի՞թէ խորհրդարանի վաւերացումը պահանջւեց անցեալ տարի մեր կողմից Կոսովոյի անկախութիւնը ճանաչելու համար: Մի՞թէ ի սկզբանէ չգիտէին Ադրբեջանի հնարաւոր հակազդեցութիւնների մասին: Իսկ ի՞նչ են ասում մեր իշխանութիւնները Ադրբեջանում Ֆեթուլլահ Գիւլէնի շարժման հետ կապւած դպրոցների դէմ իրականացւող ճնշումների առնչութեամբ, որոնց ետևում կանգնած են էրգենեքոնականները:
Երբ գործընթացին նայում ենք Հայաստանի աչքերով, երևում է հետևեալ պատկերը' գործընթացը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ բեմականացւած ներկայացում, որպէսզի Օբաման չգործածի «ցեղասպանութիւն» արտայայտութիւնը և ԱՄՆ Կոնգրէսում չհաստատւի Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը:
Ամերիկա՞ն էլ ծախեց հայերին
Երևանի աչքերով նայելիս' դարձեալ հետևեալն ես տեսնում. Ամերիկան, որը ապրիլի 24-ից առաջ ասում էր, թէ «նախաստորագրիր արձանագրութիւնները, մնացածը մենք կանենք», իրականում ջանք էր գործադրում' Թուրքիայի հետ հնարաւոր ճգնաժամից խուսափելու համար: Բնականաբար, ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականութեան շրջանակում ուզում է Ղարաբաղեան հիմնախնդրից անկախ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորում, սահմանների բացում: Սակայն, միևնոյն ժամանակ, ցանկանում է դա պահել իր ձեռքում' որպէս Կոնգրէսում Ցեղասպանութեան բանաձևի ընդունման դէմ յաղթաթուղթ:
Էրդողան-Օբամա հանդիպումից յետոյ արւած յայտարարութիւններում Միացեալ Նահանգների նախագահի կողմից Հայաստանի հարցով խճճւած արտայայտություններից հասկացւում է, որ ստեղծւած իրավիճակը Թուրքիային փրկում է գոնէ 2010-ի համար: Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքում գլխացաւանքներ ունեցող Ամերիկան չի ուզում խնդիրներ ունենալ իր ամենաառողջ մահմեդական դաշնակից Թուրքիայի հետ: Այդ պատճառով էլ նախընտրում է խուսափել լարւածութիւնից:
Իսկ այս ընթացքում Կոնգրէսը Հայաստանին և Ղարաբաղին յատկացվող ամենամեայ օգնութիւնը 40%-ով կրճատեց: Այսինքն' Սարգսեանի ձեռքում եղածը «հէչ բան» է:
Ի՞նչ է ստացւում' Թուրքիան դիւանագիտական մեծ յաղթանակ է տարե՞լ: Կարճ հաշւարկով կարող է այդպէս թւալ: Սակայն մինչև ու՞ր: Այո Բ, Հայաստանը փոքր երկիր է: Այո՛, ռազմավարական նշանակութեան հանքեր, նաւթ չունի: Այո՛, Ադրբեջանը մի շարք տեսանկիւններից աւելի կարևոր է: Սակայն, եթէ Հայաստանի հետ մեր յարաբերութիւններին նայենք միայն աշխարհաքաղաքական շահերի տեսանկիւնից, հարցի բուն էութիւնը չենք տեսնի:
Իսկ հարցի մէջ խիղճ կայ: Հայաստանի ժողովրդի մօտ 60%-ն ունի անատոլիական ծագում: Ոմանք զաւթիչ ռուսական ուժերի հետ նահանջել են: Սակայն մեծամասնութեան տատերն ու պապերը թուրք մարդու, մեր մարդու կողմից դաժանաբար կոտորւել են: Անցեալում տեղի ունեցած ողբերգութեան փոխհատուցման ճանապարհը սկսւում է այդ մարդկանց և երիտասարդ պետութիւններին ձեռք մեկնելով: Ականջին կարող է հաճելի թւալ «ռիթմիկ դիւանագիտութիւնը», սակայն մեր մեծարգոյ արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուին, նրա նկատմամբ ունեցած անսահման յարգանքով հանդէրձ, աւելի շատ վայել է «բարոյական դիւանագիտութիւնը»:


Ամբերին Զաման, «Թարաֆ»
Թարգմանութիւնը՝ Սիվիլիթաս հիմնադրամի

0 Պատգամ: