ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓԱՍՏԸ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Հայոց Ցեղասպանութեան խնդիրը տարւայ ընթացքում եղել է ամերիկեան ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում: ԱՄՆ-ում հրատարակւող պարբերականներ տարւայ ընթացքում մի քանի հարիւր յօդւած են հրատարակել Օսմանեան Թուրքիայի իրականացրած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ:
Այս տարի The New York Times պարբերականում 1915-ին կատարւած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ տպագրւել է աւելի քան 100 յօդւած: Գերակշռող էին յատկապէս ականատեսների վկայութիւնների ու յիշողութիւնների վրայ հիմնւած յօդւածները: «Թուրքերի իրականացրած հայերի զանգւածային սպանդը» վերնագրով յօդւածը հրատարակւել է մի քանի օր առաջ:
Յօդւածագիրը պատմում էր 1.5 միլիոն հայերի կոտորածի, միլիոնաւոր անձանց բռնագաղթի, հայկական սփիւռքի ձեւաւորման ու այն փաստի մասին, որ շուրջ մէկ դար Թուրքիան հրաժարւում է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը: «Չնայած Թուրքիայի առաջին հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալն այն որակեց հայերի զանգւածային սպանութիւն, որի կազմակերպիչներն այդ ժամանակւայ իշխանութիւններն էին, այնուամենայնիւ, Թուրքիան մինչ այսօր չի ճանաչում պատմական փաստը: Այդ երկրում անգամ պատմական արդարութեան ընդունումը օրէնքի սահմաններում քրէօրէն հետապնդելի արարք է»:
Հայոց Ցեղասպանութեան փաստին ու ճանաչմանն է անդրադարձել նաեւ The Washington Times պարբերականը` տարւայ ընթացքում հրապարակելով շուրջ 100 յօդւած: «Միշտ էլ կը գտնւեն մարդիկ, որ կը ժխտեն Հոլոքոսթը: Սակայն մի պահ պատկերացնենք, որ Գերմանիայի կառավարութիւնը հրաժարւել է յանցագործութեան պատասխանատւութիւնից, որն իրականացրել է ընդդէմ հրէաների Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ու յայտարարեր, որ «զոհերը երկկողմանի էին», դրանով իսկ ժխտելով ցեղասպանութեան փաստը», The Washington Times հեղինակաւոր պարբերականում գրում է փաստաբան եւ լրագրող Մայքլ Բոբելիանը: Շարունակելով պատկերացնել, թէ ինչ կլինէր, եթէ Գերմանիան չճանաչեր հրէաների ցեղասպանութիւնը, լրագրողը գրում է, որ գուցէ Արեւմուտքը յայտարարեր, որ Գերմանիայի անդամակցութեան փաստը ՆԱՏՕ-ին շատ աւելի մեծ կարեւորութիւն եւ նշանակութիւն ունի, քան պատմական արդարութիւնը:
«Աբսուրդ է՞: Անկասկած աբսուրդ է: Մինչդեռ առաջին Հոլոքոսթը, որ տեղի է ունեցել Օսմանեան Թուրքիայում, ժխտում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Խօսքը վերաբերում է 1915-ին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երիտթուրքերի իշխանութիւնը ծրագրեց ու իրականացրեց մի ամբողջ ազգի տարհանում եւ բնաջնջում: Հայերը երկրի քրիստոնեա ազգային փոքրամասնութիւններից էին ու այդ երկրի իրական տէրերն էին մինչ այն պահը, երբ թուրքերը յայտնւեցին այդ հողում: Աւելի քան երկու միլիոն հայերի քշեցին իրենց հայրենիքից առանց որեւէ փոխհատուցման», գրում է հեղինակը:
Ամերիկեան հեղինակաւոր մէկ այլ պարբերական` The wall street journal-ը բազմիցս անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան խնդրին: Վերջերս պարբերականն իր ինտերնետային կայքում տեղադրել էր Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող տեսահոլովակ: Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան իրականացման ականատես 99-ամեայ հայուհի Ելենա Աբրահամեանը պատմում էր հայերի նկատմամբ իրագործւած կոտորածների, թուրք ժողովրդի վայրագութիւնների մասին: «99-ամեայ Ելենա Աբրահամեանը փրկւել է Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի իրականացրած հայերի կոտորածներից ու այն ժամանակների իր վկայութիւններն է յայտնում», այսպէս է մակագրել տեսանիւթը յայտնի պարբերականը:
99-ամեայ կինը յիշում է, թէ ինչպէս են թուրքերը վառել հայերի բնակարանները, որտեղ փակւած էին կանայք ու երեխաները, ինչպէս են սպանել յղի երիտասարդ կնոջն ու մօր աչքի առաջ գլխատել որդուն: «Նրանք դա անում էին ու ծիծաղում, տեսէ՛ք, հայեր, թէ մենք ձեզ ինչ կանենք, սա դեռ վերջը չէ»:



ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«ԱԶԳ»

0 Պատգամ: