Դաշնակցութիւնը գնում է հիմնական լուծումների
ԵՐԵՒԱՆ, «ԵՐԿԻՐ» - Դեկտեմբերի 21-ին Երեւանի Գ. Սունդուկեանի անւան Պետական ակադեմիական թատրոնի շէնքում հանդիսաւորութեամբ նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 119-ամեակը:
Օրւայ բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նրա ելոյթի ամբողջական տեքստը ներկայացւում է ստորեւ:
Յարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ ընկերներ,Դաշնակցութեան օրւայ, մեր կուսակցութեան 119-ամեակի նշումը մեզ համար հաշւետւութիւն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է: Մենք հաշւետու ենք ե՛ւ ինքներս մեզ, ե՛ւ մեր ժողովրդին: «Ճանաչիր ինքդ քեզ» նշանախօսքը նպատակ ունենալու, ճամբայ գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է:
Յարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ ընկերներ,Դաշնակցութեան օրւայ, մեր կուսակցութեան 119-ամեակի նշումը մեզ համար հաշւետւութիւն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է: Մենք հաշւետու ենք ե՛ւ ինքներս մեզ, ե՛ւ մեր ժողովրդին: «Ճանաչիր ինքդ քեզ» նշանախօսքը նպատակ ունենալու, ճամբայ գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է:
Մենք այդպէս ենք եկել, հասել այստեղ: Այդպէս էլ շարունակելու ենք:Յարգելի ներկաներ, ամէն անգամ, երբ հայ իրականութիւնը դէմ առ դէմ է կանգնում որեւէ կարեւորագոյն երեւոյթի, բնականօրէն ալեկոծւում է մեր քաղաքական միտքը, եւ, բնականաբար, այդ ալեկոծութիւնը իր ազդեցութիւնն է ունենում մեր կազմակերպութեան վրայ: Անբնականն այն է, որ այդ ամբողջը ուղեկցւում է կրքով, մեր մէջ թշնամիներ որոնելով, յաճախ իրական բանավէճ, քննարկում չի լինում: Միշտ վախ կայ, թէ կը պիտակաւորեն, ճիշտ չես հասկացւի: Ցաւօք՝ սա է մեր մթնոլորտը:
Բայց, սա չի կարող, չպէտք է պատճառ դառնայ, որ յետ կանգնենք մեր հիմնարար սկզբունքներից:Նոր օրակարգ է յայտնւել մեր կեանքում՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ: Ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում: Համազգային զարթօնքից յետոյ վճռական, ծանր ու դժւար տարիներ շատ ենք ապրել՝ երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախութիւն: Եւ այդ տարիներից արդէն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդէպ:Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դէմ պատերազմի է դուրս եկել:
Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ՝ շրջափակումը: Սկզբնական շրջանում՝ մինչեւ 1998-ը, Հայաստանը փորձում էր չտեսնելու տալ Թուրքիայի թշնամական կեցւածքը: 1998-ից սկսած՝ Հայաստանը իր արտաքին քաղաքականութեան օրակարգ բերեց Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման հարցը: Արդիւնքում՝ բազմապատկւեց մինչ այդ միայն Սփիւռքի ճիգերով Ցեղասպանութեան հարցի արծարծումը, նորանոր պետութիւններ ճանաչեցին Ցեղասպանութիւնը:
Թուրքիան, որ փորձում է իր տեղն ունենալ Եւրոպայում, հանդիպեց համընդհանուր վերաբերմունքի:Ցեղասպանութեան ուրացման քաղաքականութեանը զուգահեռ՝ Թուրքիան, շրջափակման մէջ պահելով Հայաստանը, աւելի էր բացայայտում իր հակահայ, ցեղասպան պետութիւն լինելու իրողութիւնը: Թուրքիան ճնշման էր ենթակայ յատկապէս շրջափակմանը վերջ տալու հարցում: Նրա համար սա Եւրոպա մուտքի նախապայման էր:
Սահմանի բացումը, ինչպէս որեւէ պետութեան, մեզ համար նոյնպէս կարեւոր էր: Սակայն, մենք պետք է կարողանայինք սպասել, մինչեւ ճնշումները արդիւնաւորւէին, եւ հարցի լուծման նախանշաններ տեսնէինք թուրքական կողմից: Նախանշան կարող էր դառնալ, եթէ սահմանները բացելու դիմաց թուրքական կողմը հրաժարւէր իր յայտարարած նախապայմաններից:Վրաստան-Ռուսաստան պատերազմը փոխեց կացութիւնը՝ տարածաշրջանում:
Մի կողմից Հայաստանը զրկւեց իր ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ ցամաքային կապից, միւս կողմից Ռուսաստանում անհրաժեշտութիւն ստեղծւեց շրջանցել Ուկրայինան ու Վրաստանը եւ նոր հաղորդակցութեան ուղիներ փնտրել դէպի Եւրոպա: Իսկ Արեւմուտքը կարծես բաւարարւեց տարածաշրջանում Թուրքիայի դերակատարութեամբ եւ հակաիրան ճակատի յարդարումով, ուր սկսեց գործուն մասնակցութիւն ունենալ Ռուսաստանը: Հայաստանի համար աւելի կարեւոր էր դառնում ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը. սրանում շահագրգիռ էին նաեւ մեծ ուժերը: Շահագրգռութիւն, որ, բնականօրէն, իր հետ բերելու էր ճնշումներ՝ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնների հանդէպ:
Սերժ Սարգսեանը նախաձեռնեց ֆուտբոլային դիւանագիտութիւն, որ, թւում էր, պէտք է առաւելութիւններ ապահովէր Հայաստանի համար. հաւանական ներքին անկայունութիւնը ստւերի տակ էր առնւում այս նախաձեռնութեամբ, յոյս կար, որ ապահովւի մեծ ուժերի զորակցութիւնը: Բայց, այդպէս չեղաւ: Ինչո՞ւ:Նախաձեռնութեան սկիզբը Մոսկւայում էր եւ յատկանշւեց զիջման յայտարարութեամբ. յիշում ենք՝ յայտարարւեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունելու Անկարայի պատմաբանների յանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Ճիշտ է, յետոյ հերքւեց այս լուրը, իբր, թիւրիմացութիւն է եղել, սակայն գիտենք՝ այդ տեսակ թիւրիմացութիւններ չեն լինում: Չեմ յաւակնում որեւէ մէկի դաս տալ, մանաւանդ՝ մարդկանց, որոնց փորձն այս հարցում աւելի մեծ է, քան՝ իմը, սակայն երբ կռւում զիջում ես դիրքերդ, յաճախ դա ոչ թէ խաղաղութեամբ է աւարտւում, այլ՝ պարտութեամբ: Իսկ մենք չգիտակցեցինք, որ մեր հարցը՝ սահմանների փակումը, ոչ թէ ինչ-որ տհաճ յարաբերութիւնների արդիւնքում է ստացւել, այլ Թուրքիան Ադրբեջանի կողքին մեր դէմ պատերազմի է դուրս եկել եւ սահմանափակ զիջումով չի բաւարարւելու, ձգտելու է մեր ամբողջական պարտութեանը:
Հետագայ փաստերը ապացոյցն են այդ իրողութեան:Մենք պէտք է նաեւ գիտակցէինք. քաղաքական այն շահագրգռութիւնը, որ մեզ մղում կամ ստիպում էր շուտափոյթ կարգաւորել յարաբերութիւնները՝ Թուրքիայի հետ, անիմաստ էր, եթէ անլուծելի էր մնում Ղարաբաղի հարցը: Եթէ ոչ ամբողջութեամբ, գէթ ազատագրւած տարածքների կտրւածքով, ինչը հնարաւորութիւն պէտք է տար Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերականգնման եւ էներգետիկ հաղորդամիջոցների ստեղծման:
Մինչդեռ, Հայաստանը օրն ի բուն խոսում էր ազատագրւած տարածքները զիջելու իր պատրաստակամութեան մասին: Որեւէ հարցի լուծման ժամանակ, աւաղ, նկատի չի առնւում՝ ով է արդար, ով՝ անարդար, ով է համեստ ու ճկուն, ով՝ անզիջող. հարցերի լուծման սեղանի շուրջ նաեւ դերակատար է բանակցութիւնների արւեստն ու գիտութիւնը: Իսկ ով ցոյց է տալիս զիջման տրամադրութիւն, ճնշումներն առաջին հերթին ուղղւում են նրա վրայ: Պարզւում է, որ Հայաստանը, պատերազմից յաղթանակած դուրս գալով, պարտւում է:
Յանուն ինչի՝ անհասկանալի է: Վստահ եմ, այո, կար միջազգային շահագրգռութիւն Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման, նոյնիսկ՝ շուտափոյթ կարգաւորման հարցում: Սակայն, չէր կարող շահագրգռութիւն լինել Հայաստանի կողմից Թուրքիայի նախապայմանները ընդունելու հարցում, չկար նման ճնշում: Մենք զիջել ենք նախքան բանակցութիւնները՝ մեր յայտարարութիւններով, որովհետեւ խորապէս չենք գիտակցել զիջման հետեւանքները:
Եթէ նոյնիսկ ճնշում կար թուրքական նախապայմանները ընդունելու հարցում, իշխանութիւնները պէտք է ամուր, անզիջող կեցւածք ունենային, պէտք է դիմէին քաղաքական ուժերին ու ժողովրդին, ապահովէին համազգային զօրակցութիւն, ժողովրդին պէտք է ոտքի հանէին: Բայց, գիտենք՝ այն իշխանութիւնն է ի վիճակի այդ ամէնն անել, եթէ ապրում է իր ժողովրդի հետ հաշտ, եթէ իր երկրում արդարութիւն է հաստատւած...եթէ..., բայց արդէն ուշ է:
Հասկանալի է, այդ ճնշումներին հեշտ չէ դիմանալը. մէկից կախւած է մեր ռազմավարական անհրաժեշտութիւնների բաւարարումը, միւսը մեր մէջ լծակ ունի՝ բերդը ներսից գրաւելու՝ անկայունութիւն պարտադրելու: Բայց, կայ մեր ժողովուրդը՝ իր անսպառ կարելիութիւններով: Պէտք է սիրենք, հոգատարութիւն ցուցաբերենք եւ վստահենք մեր ժողովրդին:Եւ ի՞նչ ստացւեց: Մենք ընդունեցինք թուրքական նախապայմանները, սակայն Թուրքիան նոյնիսկ այս արձանագրութիւնները յապաղում է վաւերացնել, որովհետեւ Հայաստանի դէմ իր եւ Ադրբեջանի պատերազմը աւարտւած չէ, ցանկանում է ամբողջական պարտութիւն մատնել մեզ, ու շարունակւում է ճնշումը, նորանոր զիջումներ է պահանջում:
Այսինքն՝ շարունակում է պատերազմել Հայաստանի դէմ, փակ է պահում սահմանը, չի վաւերացնում արձանագրութիւնները, որպէսզի Ղարաբաղի հարցով եւս հասնի արդիւնքի, եւ յաջողում է: Եթէ ճնշւող կայ, ճնշող միշտ կը լինի:Պարտութիւնը չարիք է: Քաղաքական, ազգային կամք է պէտք դրսեւորել՝ կասեցնելու պարտութեան ընթացքը: Վտանգւած է նաեւ մեր ազգային մէկութիւնը, սթափւել է պէտք:
Մեր իրականութիւնը երկփեղկւել է: Մենք դէմ ենք այս տեսակ արձանագրութիւններին, ուրիշները կողմ են: Մի առիթով ասել եմ՝ արձանագրութիւններից աւելի մեծ վտանգի առջեւ ենք կանգնած՝ ազգի պառակտման խնդրի: Ի՞նչ անենք, որ երկփեղկումը առճակատման, թշնամանքի չվերածւի եւ ինչո՞ւ պէտք է չվերածւի:Մենք հակաթուրք չենք, եւ միւս կողմն էլ թրքամէտ չէ: Մենք դէմ ենք Թուրքիայի ուրացման քաղաքականութեանը, Թուրքիայի հակահայ քաղաքականութեանը, սակայն մենք կողմ ենք հայ-թուրք յարաբերութիւնների վերականգնման, սահմանի բացման:
Մենք դէմ ենք ստորացուցիչ պայմաններին, դէմ ենք որեւէ նախապայմանի ընդունմանը: Ասում են՝ Դաշնակցութիւնը դէմ է, եւ դա բնական է: Բայց, ինչո՞ւ է բնական: Ասում են ու տարածում՝ նոր ներդրում անելով բոլշեւիկեան, ՀՀՇ-ական քարոզչութեան կապիտալի վրայ. Դաշնակցութիւնը հակաթուրք կազմակերպութիւն է, ինչ պայմանագիր էլ ստորագրւի, նրանք դէմ կը լինեն: Սուտ է, ապատեղեկատւութիւն է: Ճիշտ է, մենք պայքարի ամենից մեծ պատմութիւնը ունենք թուրքական պետութեան դէմ, սակայնեւ ամենից շատ ենք ճաշակել թուրքերի հետ գործ բռնելու դառը հետեւանքները:
Մենք մէկ անգամ եւս յայտարարում ենք՝ մենք դէմ չենք յարաբերութիւնների ստեղծմանը եւ սահմանների բացմանը, սակայն մենք դէմ ենք ստորագրւած այս արձանագրութիւններին: Դէմ ենք, որովհետեւ իշխանութիւններն ընդունել են թուրքական նախապայմանները. ճանաչելով թուրքական սահմանը՝ հրաժարւել են մեր հայրենիքի կորուսեալ մասից:
Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական արձանագրութիւններին կից գրութեամբ այսպէս է ներկայացրել արձանագրութիւնների կարեւորութիւնը Թուրքիայի համար՝ իրենց Ազգային Մեծ ժողովում. «Արձանագրութիւնների մէջ երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող ընդհանուր սահմանը փոխադարձ ճանաչւում է՝ սահմանւած միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով:
Այս կերպ եւս մէկ անգամ վերահաստատւում է Հայաստանի հետ գոյութիւն ունեցող մեր ընդհանուր սահմանի իրաւական հիմքը կազմող Կարսի պայմանագրի իրաւական ուժ ունենալը եւ պարտաւորեցնելը»:Արձանագրութիւններով այսօրւայ իշխանութիւնները ճանաչել են Թուրքիա-Հայաստան սահմանը: Թուրքիան այսպէս է ներկայացնում յաչս աշխարհի, մենք ի՞նչ ունենք պատասխանելու:
Սեւով ճերմակի վրայ գրւած փաստի եւ յաչս համաշխարհային հանրութեան ներկայացւած մեկնաբանութիւնների, մեր իշխանութիւնները հաւաստիացնում են. թուրքական ոչ մի նախապայման ընդունւած չէ: Ի՞նչ անի մեր ժողովուրդը կամ համաշխարհային հանրութիւնը՝ հաւատայ սեւով ճերմակի վրայ գրւած, օրն ի բուն Թուրքիայի կողմից շեփորւած փաստին թէ՝ մեր իշխանութիւնների թոյլ, անհամարձակ հաւաստիացումներին: Ու մեր ընդդիմախօսները անմիջապէս մոռանալու են, որ հաւաստիացում են տւել, որ որեւէ նախապայման չի ընդունւել, ու հնչեցնելու են մեղադրանքների շարանը. «Դուք կարծում էք՝ հնարաւո՞ր է դիւանագիտական յարաբերութիւններ ստեղծել մի երկրի հետ՝ առանց ճանաչելու տւեալ երկրի սահմանները»:
Այո, ոչ միայն կարծում ենք, այլեւ դա է ասում միջազգային փորձը: Ե՞րբ է եղել, որ դիւանագիտական յարաբերութիւններ ստեղծող փաստաթղթում ճանաչւի նաեւ գործող սահմանը: ՄԱԿ-ի անդամ 200-ից աւելի պետութիւններից շուրջ 140-ը, որոնք միմեանց հետ ունեն դիւանագիտական յարաբերութիւններ, ունեն նաեւ սահմանների հարց, բայց դա չի խանգարել նրանց յարաբերութիւններ ստեղծել: Դեռ նոր է Սիրիա-Թուրքիա յարաբերութիւնների սերտացման փաստը, բոլորին ծանօթ է, որ Սիրիան տարածքային հարց ունի Թուրքիայի հետ:Վստահ եմ՝ Թուրքիան Սիրիայից էլ է պահանջել ճանաչել իր սահմանները, բայց Սիրիան գլուխ չի ծռել, ու վերջ:
Դա է փաստը: Մենք հասկանում ենք՝ այսօր Հայաստանը հնարաւորութիւն չունի Թուրքիայից հողային պահանջի օրակարգ ունենալ, սակայն պահանջ ներկայացնելը մէկ հարց է, պահանջից հրաժարւելը՝ այլ: Մենք չենք կարծում, թէ այսօր պէտք է հողային պահանջ ներկայացնենք Թուրքիային, բայց այսօրւայ իշխանութիւններին ո՞վ է տւել իրաւունքը, այսրոպէական հաշիւներից մեկնած, մեր սերունդների իրաւունքը մանրադրամի վերածել:
Գիտեմ՝ շուկայական հաշիւներով ապրող, նոյնիսկ պետական հանգամանքի տէր դարձած մարդկանց համար սերունդների իրաւունքը ոչ մի բան ասող հասկացութիւն է, լաւագոյն դէպքում այն կարող է համարւել ռոմանտիզմ: Թող լինի ռոմանտիզմ, ոչ ոք իրաւունք չունի այդ ռոմանտիզմից զրկել մեր ժողովրդին. դա կենսական անհրաժեշտութիւն է մեր ժողովրդի համար: Ժողովուրդը պէտք է ունենայ տեսիլք, հեռանկար, որպէսզի որպէս ազգ ապրի եւ զարգանայ, յարատեւի եւ իր բաժին մասնակցութիւնը ունենայ համամարդկային արժէքների ու քաղաքակրթութեան կերտման գործում: Սրանից 30 տարի առաջ ոչ մի «իրատես» քաղաքական գործիչ չէր կարող հաշւարկել, որ հայկական Արցախը այդքան շուտ կարող է Հայաստան դառնալ: Մենք վստահ ենք՝ եթէ ոչ մեր սերունդը, ապա մեր զաւակները, մեր թոռները տեսնելու են ազատ Վանը, Կարսը, Արդահանը՝ որպէս Հայաստան:
Ով չի հաւատում այս իրողութեանը կամ երազանքին՝ նա չի կարող ղեկավարել հայկական պետականութիւնը:Արձանագրութիւններով իշխանութիւնները ընդունում են, որ պատմական հարթութեամբ զբաղւող ինչ-որ ենթայանձնաժողովի կողմից, հայ, թուրք, շւէյցարացի եւ այլ միջազգային փորձագէտների մասնակցութեամբ, քննութեան նիւթ դառնան պատմական փաստաթղթեր, արխիւներ:
Սակայն, իշխանութիւնները պնդում են, որ խօսքը Հայոց Ցեղասպանութեանը չի վերաբերում: Ինչի՞ն է վերաբերում ապա, եթէ այդպէս են հասկանում, մեկնաբանում Թուրքիան, ԱՄՆ-ն, Եւրոմիութեան ղեկավարները, այլ միջազգային դէմքեր: Մինչդեռ իշխանութիւնները մերկ հաւաստիացումներ են տալիս. Ցեղասպանութեան հարցը քննութեան ենթակայ չէ, ու դեռ երբեմն ուժ են տալիս իրենց կոկորդին՝ ոչ եւ հարիւր անգամ ոչ են գոռում:
Եթէ այդպէս է, ինչո՞ւ էք ընդունել այս արձանագրութիւնների յիշեալ պարբերութիւնը, ի՞նչ պատմական հարցերի յստակեցման համար էր անհրաժեշտ համաշխարհային փորձագէտների մասնակցութեամբ քննութեան նիւթ դարձնել արխիւները, ո՞ւմ էիք խաբում՝ համաշխարհային հանրութեա՞նը, Թուրքիայի՞ն թէ՝ սեփական ժողովրդին: Եւ ինչո՞ւ այս ընթացքում, հակառակ Թուրքիայի ակտիւ դերակատարութեան, դուք հրաժարւեցիք նւազագոյն աջակցութիւն բերել Ցեղասպանութեան հարցի միջազգային, մասնաւորաբար՝ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդունման ճիգերին:
Այսօր այս բեմից առաջարկում եմ՝ եթէ անկեղծ էք, թող Սահմանադրական դատարանը իր մեկնաբանութիւններով, իսկ Ազգային ժողովը իր վերապահումներով յստակեցնի, որ Ցեղասպանութեան հարցը որեւէ կերպ քննութեան նիւթ չի կարող լինել, թող յստակեցւեն արձանագրութիւնների խնդրայարոյց կէտերը: Յստակ, իրաւական ձեւակերպում տւէք, որ Հայաստանի Հանրապետութիւնը այդպէս չի հասկանում եւ չի ընդունում, որ նւազագոյնի իջնի ձեր մեղքի բաժինը: Հէնց այս օրերում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը դարձեալ ԱՄՆ-ի կոնգրեսում քննութեան նիւթ դարձնելու աշխատանք կայ:
Թող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը իր հերթին դիմի ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման յորդորով:Հայոց Ցեղասպանութեան հարցը ո՛չ պատմական թեմա է, ո՛չ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման սակարկութեան նիւթ: Այն հայ ժողովրդի, ի դէպ՝ բովանդակ հայ ժողովրդի, խոցւած արժանապատւութեան հարցն է, Հայաստան պետութեան անվտանգութեան հարցն է: Ով չի գիտակցում այս իրողութիւնը՝ հաւանաբար կարող է զանազան պետութիւններում ղեկավար պաշտօններ վարել, բայց երբեք՝ հայկական պետութիւնում:
Չկայ առանձնաբար Հայկական Սփիւռք, հայրենաբնակ ժողովուրդ, կայ մէկ ամբողջականութիւն՝ հայ ազգ, որն ունի, պէտք է ունենայ նոյն օրակարգերը, նոյն հոգսերը եւ պատասխանատու լինի մեր ընդհանուր ճակատագրի համար: Որեւէ անւան տակ, որեւէ կերպ ազգը պառակտելու փորձերը դատապարտելի եւ անընդունելի են մեզ համար: Այն բոլոր բարբաջանքները, թէ Ցեղասպանութեան հարցը սփիւռքահայութեանն է միայն, բոլոր փորձերը՝ Սփիւռքը առանձնաբար կազմակերպելու կամ Սփիւռքը պիտակաւորելու, նոյնպէս ծառայում են պառակտման նպատակին:
Ժամանակն է խորհել եւ, այլ ժողովուրդների ու պետութիւնների փորձը նկատի ունենալով՝ գտնել ուղիներ՝ ՀՀ ընդլայնւած Ազգային ժողովում սփիւռքահայութեանը յատուկ տեղեր վերապահելու, որոնք ներպետական հարցերում կունենան խորհրդակցական ձայնի, իսկ համահայկական օրակարգերում՝ վճռական ձայնի իրաւունք:
Ազգի մէկութիւնը նաեւ պէտք է արտայայտւած լինի պետական կազմակերպւածութեամբ:Ազգի պառակտմանն են ծառայում նաեւ կեղծ օրակարգերը, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետւում, օրինակ՝ պետական եւ ազգային շահերի տարբերութեան ու հակադրութեան մասին իբր թէ քննարկումները:
Չկայ «պետական շահ», «ազգային շահ» հասկացութիւնների միջեւ հակադրութիւն, կայ ազգային պետականութիւն, որն ազգի յարատեւութեան, անվտանգութեան, զարգացման երաշխաւորն է, եւ կայ ազգ, որի համար պետականութիւնը, նրա պահպանումը, անվտանգութիւնն ու կենսունակութեան ապահովումը իր հաւաքական եւ ընդհանուր իղձերի իրականացման համար հիմնական միջոց է: Ազգի կազմակերպւածութեան գերագոյն ձեւը պետականութիւնն է: Առանց պետականութեան՝ ազգային իղձերի իրականացումը ցնորք է, պետականութիւնը միջոց է, որը չի կարելի առանձնացնել հիմնական նպատակից:
Հիմա՝ մեր, մեր ներքին քաղաքական իրականութիւնների ու Դաշնակցութեան մասին: Եթէ մի քիչ խորանանք ներքին քարոզչական իրականութեան մէջ, կը թւայ, թէ քաղաքական ուժերն աւելի շատ են մտահոգ, թէ Դաշնակցութիւնը ինչ պէտք է անի եւ ինչը ճիշտ չի անում: Ոչ մի խօսք, թէ այն, ինչ կարծում են՝ Դաշնակցութիւնը պէտք է անի, իրենք ինչո՞ւ չեն անում. մեր դէմ հակաքարոզչութիւն կայ. իբր մեր ընդդիմադիր պահւածքը շինծու խաղ է, որ խաղում ենք՝ համաձայնեցւած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ:
Հետաքրքիրն այն է, որ այս քարոզչութեանը հետամուտ են թէ’ իշխանութիւնները, եւ թէ’ ՀՀՇ-ական ընդդիմութիւնը: Երկուսն էլ մտահոգ են, որ թոյլ չտան իրենցով ձեւաւորւած երկու բեւեռներից դուրս որեւէ ինքնուրոյն ուժ կայանայ: Նրանք փորձում են իրենցով ղեկավարելի պահել ամբողջ քաղաքական դաշտը: Եթէ չի յաջողւում, փորձում են քարոզչական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ միւսները ակամայ անեն այն, ինչ իրենք են ուզում, այլապէս կը պիտակաւորւեն:
Այսօր, երբ ապրում ենք քարոզչութեան տեռորի մթնոլորտում, երբ իրականութիւնները խեղաթիւրւած են ներկայացւում մեր ժողովրդին, հասարակութիւնը այս ժխորի մէջ դժւար է կողմնորոշւում: Մենք պէտք է շարունակենք մնալ ինքնավստահ, ինքնուրոյն, հաստատակամ: Մեր ուղին ճիշտ է, արդար է, մենք յաղթելու ենք:Մեզ մեղադրում են, որ Դաշնակցութիւնը իր ամբողջ ուժով չի հարւածում, չի պայքարում իշխանափոխութեան համար:Իհարկէ, այստեղ խոսքը մեթոդների մասին է եւ երբեք՝ էութեան:
Բայց, այդուամենայնիւ, ճիշտ են ասում, որովհետեւ մենք պատասխանատու կուսակցութիւն ենք եւ երբեք չենք աշխատելու օտարի համար: Մեր պայքարից պէտք է շահի մեր երկիրն ու ժողովուրդը, մեր գաղափարական շարժումը: Պատասխանատու ուժը պէտք է հաշւարկւած պայքարի դուրս գայ, հարւածներիդ թափը չպէտք է գերազանցի քո իրական հնարաւորութիւնները եւ պէտք է ինքնուրոյն ուժի վրայ հիմնւած լինի, այլապէս՝ այդ պայքարը կը վերածւի արկածախնդրութեան, կը մնաս կէս ճամբին կամ վատը կը փոխարինես աւելի վատով:
Մենք պայքարում ենք աւելի լաւ Հայաստանի համար: Ամենօրեայ աշխատանքով մեր ծրագրերի շուրջ մենք պէտք է համախմբենք գիտակից ժողովուրդ եւ ապահովենք ամենքիս յաջողութիւնը, որը լինելու է իրապէս յաջողութիւն եւ տեւական յաջողութիւն: Ապա թէ ոչ՝ ընդդէմի ու հակադրութեան ֆոնի վրայ, ատելութեամբ կուրացած ամբոխի վրայ հիմնւած ուժը, որ չգիտի՝ ինչի համար, որ ծրագրի համար է դուրս եկել հրապարակ, միայն ժամանակաւոր յաջողութիւն կարող է ունենալ՝ իրականում, սակայն, հեռացնելով վերջնական յաղթանակի օրը:
Մենք արդէն հրատարակել ենք Դաշնակցութեան նորացւած պլատֆորմը, որի շուրջ պէտք է համախմբենք մեր ժողովրդին եւ քայլենք առաջ՝ քաջ գիտակցելով, թէ ուր ենք գնում: Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրում սոցիալական արդարութեան հաստատման գործին, որովհետեւ ազգային հարցեր ունեցող որեւէ ժողովրդի համար սոցիալական արդարութեան հաստատումը անխուսափելի անհրաժեշտութիւն է ազգային-պետական շահերը պաշտպանելու, ինքնիշխան պետութիւն լինելու ճանապարհին:
Մենք հետամուտ ենք լինելու, որ Հայաստան երկրում բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ ստեղծւի, համերաշխութիւն, ներքին կայունութիւն տիրի: Որ մէկս միւսին որպէս եղբօր ու ազգակցի նայենք, որ օրէնքի առաջ բոլորը հաւասար լինեն, որ բացառւի ամենաթողութիւնն ու զոռբայութիւնը:Մենք հետամուտ ենք լինելու, որ արարելու, ստեղծելու, մեր ինքնատիպ մշակոյթը լիարժէք զարգացնելու հնարաւորութիւն ունենայ իւրաքանչիւր անհատ եւ հայ հաւաքականութիւնը՝ իր ամբողջութեան մէջ:
Որ երիտասարդը վստահի իր երկրին, ապագայ ու հեռանկար տեսնի, որ տարեցը յարգանք ու անդորր գտնի: Որ բարեկեցիկ դառնայ ամէն մի ընտանիք:Միայն այդպէս, միայն այդ ճանապարհով մենք կը կարողանանք դիմակայել արտաքին ճնշումներին եւ ազգային միասնական ճակատ ձեւաւորել ու պաշտպանել մեր անկախ պետութեան ինքնուրոյնութիւնը եւ մեր ժողովրդի իրաւունքները:Հիմնական լուծումներ են պէտք: Դաշնակցութիւնը գնում է հիմնական լուծումների:
0 Պատգամ:
Post a Comment