Խորհրդարանի մէկ տարին, ըստ
Յովիկ Աբրահամեանի




-Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ մենք չպէտք է զգուշանանք սուր անկիւններից, չպէտք է խուսափենք հրապարակայնութիւնից, հիմնահարցերը բաց ու համակողմանի քննարկելուց։

Դա՛ է խորհրդարանի խնդիրը՝ լինել քաղաքական իրական քննարկումների, կարծիքների և տեսակէտների բախման, համաձայնութեան և համագործակցութեան ամբիոն,- ամփոփելով խորհրդարանի մէկ տարւայ գործունէութիւնը՝ նշել է Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը։ Նա նաև ասել է, որ բովանդակային առումով խորհրդարանի գործունէութեան մէջ դրական տեղաշարժ կայ, և որպէս խորհրդարանի ղեկավար՝ իր համար անչափ կարևոր էր նաև խորհրդարանն իրական քննարկումների և բանավէճերի յարթակ տեսնելը։
-Եւս մէկ խնդիր, որ ես դրել էի իմ առջև՝ ամէն ինչ անել, որ խորհրդարանը հանրութեան համար դառնայ բաց և հրապարակային, որ Ազգային ժողովը հասու լինի մեր հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներին: Այո՛, մենք իսկապէս խորհրդարանը մարդկանց համար աւելի հասկանալի, աւելի մօտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք։ Այս տարւայ ընթացքում մեզ յաջողւեց միայն առաջին քայլերն անել այդ ճանապարհին:
Ի դէպ, ԱԺ խօսնակն ասել է, թէ սա տաբուներ ջարդելու տարի էր:
-Շատերն անձամբ տեսան ու զգացին, որ Ազգային ժողովն ինչ-որ խորհրդաւոր ու բազմաթիւ դռների հետևում թաքնւած փակ կառոյց չէ: Մենք ջարդեցինք խորհրդաւորութեան այդ զգացումը: Բայց սա միայն սկիզբն է:
Հաշւետու ասուլիսի ընթացքում խորհրդարանի նախագահը ներկայացրել է, որ իր՝ ԱԺ նախագահ ընտրւելուց յետոյ ԱԺ-ն 327 օրէնք է ընդունել, քաղաքացիներից ստացել է 5562 նամակ։
Ինչ վերաբերում է Հայ-թուրքական արձանագրութիւններին, ապա Յովիկ Աբրահամեանն ասել է, թէ այդ հարցն իրենք կը քննարկեն այն ժամանակ, երբ կը քննարկի և որոշում կը կայացնի Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը.
-Բազմիցս ասել ենք, որ ակնկալում ենք, որ ողջամիտ ժամկէտում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը կը քննարկի և կը վաւերացնի այդ արձանագրութիւնները։




Սիւզի Մելքոնեան
7օր

0 Պատգամ: