ՀՀ տրանսպորտի նախարարութիւնը Երեւանի աւտոկայարանը գրաւ էր դրել, այն էլ՝ ծիծաղելի գնով

14:39 / 21.12.2009
2009թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին տարբեր հարցերով եւ բողոքներով դիմել են 15 հազար քաղաքացիներ, եւ բոլոր դիմումների 30 տոկոսը դրական պատասխան է ստացել:
Մամուլի ասուլիսում յայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայութեան ղեկավար Յովհաննէս Յովսէփեանը:
Խօսելով իր ղեկավարած ծառայութեան գործունեութեան մասին՝ Յովսէփեանն ընդգծեց, որ մանրամասն ստուգումների արդիւնքում տարբեր խախտումներ են արձանագրւել: Մասնաւորապէս՝ կապի եւ տրանսպորտի նախարարութեան անփութութեան պատճառով տրանսպորտային երթուղիները շահագործւել են առանց համապատասխան սխեմաների:
Բազմաթիւ աւտոկայաններ ըստ նշանակութեան չեն օգտագործւում, օրինակ Սեւանում եւ Դիլիջանում դրանք վերածւել են ռեստորանների կամ խանութների: Ամենացնցող փաստը կապւած է Երեւանի աւտոկայանի հետ, որը գրաւադրւել է բանկերից մէկում 600 հազար դոլարով՝ նոր աւտոբուսների գնման համար: Սակայն, ըստ Յովսէփեանի, գումարը բանկին չի վճարւել, եւ միայն նախագահի համապատասխան յանձնարարութիւնից յետոյ նախարարութիւնը վճարել է այդ գումարի կէսը, իսկ միւս կէսը կը վճարի առաջիկայում:
Նշենք, որ փորձագիտական գնահատականներով՝ Երեւանի աւտոկայանի շէնքն արժէ մօտ 5 միլիոն դոլար:
ՎԾ-ն խախտումներ է արձանագրել նաեւ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում, մասնաւորապէս՝ գիտական աստիճան տալու գործընթացում, նաեւ բուհերում՝ մի բուհից այլ բուհ տեղափոխւելու ժամանակ:
Ինչ վերաբերում է քաղաքաշինութեան նախարարութեանը, այդ գերատեսչութիւնը միտումնաւոր ուռճացրել է շինանիւթերի գները, արդիւնքում աճել են օբյէկտների շինարարութեան ծախսերը: Միայն 6 օբյէկտների ստուգումների ժամանակ արձանագրւել է 100 միլիոն դրամի խախտում: Նախարարութեան 5 աշխատակից հեռացւել են զբաղեցրած պաշտօններից:
Խախտումներ են գրանցւել Պետական գոյքի կառավարման վարչութիւնում: Արձանագրւել է 200 միլիոն դրամի խախտում՝ ինքնարժէքից ցածր վաճառելու փաստ:
Քաղաւիացիայի ոլորտում հիմնական խախտումները վերաբերել են օդանաւեր շահագործող կազմակերպութիւններին արտօնագիր տալուն: Եղել են դէպքեր, երբ արտօնագրեր են տրւել ընդհանրապէս օդանաւեր չունեցող ընկերութիւնների: Յովսէփեանը նշեց նաեւ, որ Հայաստանում գրանցւած աւիաընկերութիւնների մեծ մասը գործում են ստւերում, մի մասն էլ ծիծաղելի փոքր հարկեր են վճարում:
Խախտումներ են եղել նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարութիւնում: Այստեղ բարդութիւններ են ծագել, երբ նախարարությիւնը բնակարաններ կառուցելու համար գումար է փոխանցել «Ալեանս» ընկերութեանը։ ՎԾ իրականացւած միջոցառումների արդիւնքում «Ալեանս» ընկերութիւնը մանկատների շրջանաւարտներին ապահովելու է 25 բնակարանով եւ պետութեանն է վերադարձրել մնացած 125 միլիոն դրամը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: