Շահումեանի Ու Գետաշէնի Պահանջատիրութեան Կոչ

«Մռաւի ղողանջներ» թերթի 150-րդ համարի լույսընծայման առիթով կազմակերպւած հաւաքի մասնակիցները որոշել են դիմել Մինսկի խմբի համանախագահներին:
Շահումեանի շրջանը եւ Գետաշէնի ենթաշրջանը եղել են պատմական Գիւլիստանի մելիքութեան հիմնական տարածք: 1918-20թթ. այն եղել է Հայաստանի Հանրապետութեան բաղկացուցիչ մաս: 1921թ. տարածքը բռնակցւել է Ադրբեջանական ՍՍՀ-ին` ինքնավարութեան իրաւունքով: Սակայն 1923թ., խորհրդային իշխանութիւնների անմիջական հովանու ներքոյ, այդ տարածաշրջանը մանրատւել է:
Իսկ 1988թ. ազգային զարթօնքի շնորհիւ, 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ն ու Շահումեանի շրջանը, ներառեալ Գետաշէնը, միացեալ կերպով հռչակւել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն: Հետագայում տարածքը բռնագրաււել է Ադրբեջանի կողմից, իսկ տեղի հայութիւնը հեռացել է Շահումեան-Գետաշէնից: Ներկայումս այդ տարածքների բնակչութիւնը վերաբնակւում է ազատագրւած այլ տարածքներում, մասնակցութիւն բերում ԼՂՀ տնտեսութեան հզօրացմանն ու պաշտպանութեանը:
Շահումեանի ու Գետաշէնի յիշյալ պատմութիւնն էլ քննարկւել է հաւաքի ժամանակ, որը վերածւել է Ադրբեջանի կողմից բռնագրաււած տարածքների պահանջատիրութեան ցոյցի:
Հաւաքի վերջում էլ մասնակիցները միաձայն որոշել են, որ պէտք է դիմեն Մինսկի խմբի համանախագահներին, նրանց կառավարութիւններին, ԼՂՀ եւ ՀՀ իշխանութիւններին` պահանջելով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում անդրադառնալ Շահումեան-Գետաշէնի խնդրին:

«ԵՐԿԻՐ»

0 Պատգամ: