ՍԴՀԿ.- Իշխանութիւնները կուրօրէն չէին ուզում նկատել նախապայմանները
«Թուրքիան ստացաւ այն, ինչ իրեն պէտք էր»


13:40 / 22.04.2010
«Չնայած ընդդիմութիւնը Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումից առաջ պնդում էր, որ փաստաթղթերում, ի դէմս Ղարաբաղեան հարցի, նախապայմաններ կան, իշխանութիւնները կուրօրէն չէին ուզում նկատել դա. սակայն նրանք վերջապէս հասկացան, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման նախապայմանը Ղարաբաղեան հարցն է»։
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լիւդմիլա Սարգսեանը՝ մեկնաբանելով երկկողմ արձանագրութիւնները ՀՀ Ազգային ժողովի օրակարգից հանելու եւ Հայ-թրքական գործընթացն առկախելու իշխանութիւնների որոշումը։
Համոզմունք յայտնելով, որ այդ երկիրը բոլոր դէպքերում արձանագրութիւնները չէր վաւերացնելու, նա նկատեց, որ «Թուրքիան ստացաւ այն, ինչ իրեն պէտք էր՝ լրջագոյն գործօն դառնալ տարածաշրջանում եւ հրապարակային մասնակցութիւն ունենալ Ղարաբաղեան հակամարտութեան հարցում»։
Հարցին, թէ հնարաւոր համարո՞ւմ է, որ Հայ-թրքական գործընթացի՝ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերելու եւ դրա առկախման ֆոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօրւայ իր ուղերձում արձանագրութիւններից յետ կանչի Հայաստանի ստորագրութիւնները, Լ. Սարգսեանը կարծիք յայտնեց, որ ոչինչ բացառել հնարաւոր չէ. «Չեմ բացառում, որ կարող է նման բան լինել։ Սերժ Սարգսեանի քայլերն այնպիսին են, որ կանխագուշակել անհնար է։ Դա ոչ թէ գալիս է նրանից, որ նա իմաստուն քաղաքական գործիչ է, այլ գործընթացներն այնպէս են զարգանում եւ Սերժ Սարգսեանն այնպիսի վատ իրավիճակի մէջ է յայտնւել, որ կարող է տարբեր-տարբեր յայտարարութիւններ հնչեցնել»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը։
Ամփոփելով՝ Լ. Սարգսեանը շեշտեց, որ եթէ անգամ Հայաստանի ստորագրութիւնները արձանագրութիւններից յետ կանչւեն, մեր երկիրը դրանից չի տուժի. «Կարծում եմ՝ այս հարցում մեր մասով որեւէ վտանգ չկայ»,- նշեց նա։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, կոալիցիան ԱԺ օրակարգից հանել է արձանագրութիւնները եւ առկախել Հայ-թրքական գործընթացը։
NEWS.am

0 Պատգամ: