Ռ. Հախվերդեան.–
«Արւեստը բարձրագոյն մաթեմատիկայի նման բան է»
«Արւեստը բարձրագոյն մաթեմատիկայի նման բան է»,- այսօր ասուլիսում նման համեմատութիւն արեց երգիչ, երգահան Ռուբէն Հախվերդեանը` նշելով, որ եթէ իր երգերից մի բառ հանեն կամ աւելացնեն, ամէն ինչ կաղաւաղւի:
Այն հանգամանքին, որ հայ կատարողներից ոմանք երգում են իր ստեղծագործութիւնները, Ռ. Հախվերդեանը վերաբերում է անտարբերութեամբ. «Եթէ լաւ են երգում` իմ երգնայ, եթէ լաւ չեն երգում` իմ երգը չի»: Սոնայի կատարումը նրան ապշեցրել էր, քանի որ դա «տղամարդու երգ» է, իսկ Հայկոն էլ «կանացի ձայնով» է երգում ու խօսքեր է փոխել, որի իրաւունքը չունէր. «Նա լսել է Ձախ Յարութին ու ըստ նրա է երգում, ինչպէս կայ Աւետարան ըստ Մատթէոսի, և այլն»:
Թէ մինչ օրս քանի երգ է հեղինակել, երգահանը չի հաշւել: Նա նշեց, որ շատ երկար է աշխատում մի երգի վրայ` 2 և անգամ 7 տարի, սակայն դրանք «երկարակեաց են»: Ռ. Հախվերդեանն իր երգերը չի սիրում ու չի լսում, քանի որ` «եթէ երգը սիրես` Նարցիսի կոմպլեքսի է նմանւում»: Նրա խօսքով, ինքը ստեղծագործում է օդում, ջրում և ամէնուր:
Aysor-ի այն հարցին, թէ վերջերս շատ է քննարկւում հեղինակային իրաւունքի պաշտպանութեան հարցը` ի՞նչ արդիւնք դա կտայ, երգահանը պատասխանեց. «Լաւ բանայ, թող քննարկեն: Մեր երկրում ամէն ինչ շատ լաւ քննարկում են, բայց երբ կեանք է ուզում մտնի, չգիտես ինչի... այդ քննարկողներն ինձ յիշեցնում են տղամարդ, որ շատ է խօսում տղամարդկութիւնից, բայց երբ անկողին է մտնում, դառնում է իմպոտենտ»:
Ռ. Հախվերդեանը յայտնեց, որ երբէք իրեն հայրէնասէր չի համարել, ու թէև երբէք էլ չի ցանկացել Հայաստանից հեռանալ, բայց վերջերս մտածում է այդ մասին. «Չէի ուզենայ, որ իմ երեխեքը այս այլանդակ հասարակութեան մէջ ապրէին»: Սակայն պատասխանելով Aysor-ի հարցին, թէ որտե՞ղ կը ցանկանար բնակւել, երգիչը պատասխանեց, որ Քասախ գիւղում տուն է գնել. «Պէտք է գնամ` ծառերը ջրեմ»:
«Ես գիտեմ, որ իմ ասելուց ոչինչ չի փոխւի, դրա համար էլ ժլատախօս եմ: Պէտք է փոխի Ձեր սերունդը, դուք մեզնից աւելի խելացի էք և աւելի զարգացած»,- նկատեց Ռ. Հախվերդեանը` միաժամանակ նաև շեշտելով, որ իշխան ձուկը ճահճում չի ապրի` ներքև է քաշում, ու պէտք է աշխարհ տեսնել:
Ամէն դէպքում, երգիչը պատրաստւում է ապրիլի 28, 29 և 30-ին համերգ տալ Մեցօ կաբարէ-բարում, մայիսին կը մեկնի Ղարաբաղ, սեպտեմբերին հրաւիրւած է ԱՄՆ, հրաւէր է ստացել նաև Իրանից:

18.04.2010, 15:48
Aysor.am

0 Պատգամ: