«Գորշ գայլերը» սպառնում են սպանել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը ոգեկոչողներին


11:29 • 28.04.10
Թուրքիայում ազգայնական շրջանակների ներկայացուցիչները սպառնում են սպանել ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումների կազմակերպիչներին:
Firat գործակալութեան փոխանցմամբ` Մարդու իրաւունքների պաշտպանութեան միութեան Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչներին սկսել են սպառնալ այն բանից յետոյ, երբ վերջիններիս նախաձեռնութեամբ միջոցառում էր կազմակերպւել Ստամբուլում` ի յիշատակ 1915թ. ապրիլի 24-ին նահատակւած Հայ մտաւորականների:
Firat-ի հետ հարցազրոյցում կազմակերպութեան քարտուղար Բաքի Բողան յայտարարել է, որ իրենք ստանում են բազմաթիւ էլեկտրոնային նամակներ մահւան սպառնալիքներով և վիրաւորանքներով:
«Անցած տարի Հայոց Ցեղասպանութեան տարելիցի առնչութեամբ նոյնպէս հանդէս էինք եկել յայտարարութեամբ և ստանում էինք սպառնալիքներով նամակներ: Սակայն այս տարի սպառնալիքների թիւը բազմապատկւել է»,- նշել է Բողան` աւելացնելով, որ իրենք պատրաստւում են հայց ներկայացնել դատարան` ընդդէմ իրենց հասցւած վիրաւորանքների և սպառնալիքների հասցէատէրերի:
«Մենք առայժմ չենք ուսումնասիրել մեզ ուղարկւող նամակների աղբիւրը: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ դրանց բովանդակութիւնը գաղափարական առումով համապատախանում է «Գորշ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեանը»,- յայտարարել է թուրք իրաւապաշտպանը` 1915թ. իրադարձութիւնները ևս մէկ անգամ որակելով որպէս Ցեղասպանութիւն:
«Ցեղասպանութեան ժամանակ 1 միլիոնից աւելի մարդ է սպանւել: Որևէ նշանակութիւն չունի` այդ սպանութիւնները թուրքերի՞, թէ՞ քրդերի ձեռքով է իրականացւել: Կարևորն այն է, որ դա իրականացւել է պետութեան կողմից յատուկ հրահանգով»,- նշել է Բաքի Բողան:

Tert.am

0 Պատգամ: