Կայացել է «Սովորական Ցեղասպանութիւն։ Սումգայիթ, Փետրւար, 1988» փաստագրական ֆիլմի շնորհանդէսը


21:01 / 27.04.2010
Այս ֆիլմը մարդկութեան դէմ յանցագործութեան մեղադրանք է, որ կատարւել է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրւարի 27-29-ը։
Ֆիլմում ներկայացւած բացառիկ տեսանիւթերն ու լուսանկարները, ականատեսների վկայութիւնները, հետաքննութեան և դատավարութիւնների փաստաթղթերը ցուցադրւում են առաջին անգամ՝ ոչ միայն բացայայտելով Սումգայիթում տեղի ունեցածի վերաբերեալ ճշմարտութիւնը, այլև ապացուցելով Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների և իշխանութիւնների կողմից՝ յանցագործութեան կազմակերպւած լինելու և Խորհրդային Միութեան ղեկավարութեան յանցաւոր դերակատարութեան փաստը։
Ողբերգութիւնից ի վեր ամբողջ 22 տարիների ընթացքում Ադրբեջանը նպատակասլաց փորձում է խեղաթիւրել «սումգայիթի» էութիւնը: «Սովորական Ցեղասպանութիւն» նախագիծը կոչւած է վերացնելու վերջերիս պատմութեան զանգւածային կեղծումները բացառապէս վաւերագրական փաստարկների և փաստերի ներկայացմամբ, որոնք կասկած իսկ չեն թողնում, որ թէ՛ «սումգայիթը», թէ՛ դրան հետևած էթնիկ զտումների ու ջարդերի բոլոր գործողութիւններն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում մտադրւել և իրականացւել են հայ ժողովրդի ցեղասպանութեան և նրա պատմական բնակութեան տարածքների վերջնական իւրացման քաղաքականութեան համաձայն: Ադրբեջանի կողմից խաղաղ հայ բնակչութեան նկատմամբ դաժան հաշւեյարդար տեսնող յանցագործների հերոսացումը՝ սկսած 1988թ. «սումգայիթից» և վերջացրած 2004թ. Բուդապեշտում Հայ սպայի դահճով, դրա վառ ապացոյցն է:
Այս ֆիլմը նաեւ ուղերձ է միջազգային հանրութեանը` մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատվութեան կանչելու կոչով։
Նշենք, որ «Սումգայիթ, Փետրւար, 1988» ֆիլմը երկրորդն է «Սովորական Ցեղասպանութիւն» ֆիլմաշարում։ «Սովորական Ցեղասպանութիւն» նախագիծն իրագործւում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատւութեան կենտրոնի աջակցութեամբ։ Առաջին ֆիլմի պրեմիերան՝ «Բաքու, Յունւար, 1990», կայացել է 2010թ. Յունւարին, ֆիլմը մի քանի լեզուների է թարգմանւել և տարածւում է տեսասկաւառակներով և ինտերնետում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: