Վիգէն Բաղումեան.-
«Թուրքիայի նպատակը փաստաթղթերը կիսակենդանի պահելն է...»




«ԱԼԻՔ» - 2009 թւականի հայ-թուրքական արձանագրութիւնների թէժ քննարկման գործընթացին յաջորդեց այսպէս ասած ֆուտբոլային դիւանագիտութեան «նախաձեռնողական» քաղաքականութիւնը:Իսկ ներկայ հանգրւանում հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացում Հայաստանի իշխանութիւնների կողմից, յատկապէս ՀՀ նախագահի վաշինգտոնեան այցից յետոյ, ակնառու է յստակ մերժումը նախապայմաններին, այսինքն՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի խնդրի ներգրաւումը՝ այս գործընթացում:Հրատապ այս հարցը մեկնաբանելու նպատակով էլ դիմեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին՝ վերը նշւած հարցով իրադարձութիւնների հետագայ զարգացումների մասին եւ միեւնոյն ժամանակ ծանօթանալու նրա տեսակէտին այն տարատեսակ կարծիքների շուրջ, որոնք այսօր հնչում են հայաստանեան տարբեր քաղաքագէտների եւ քաղաքական գործիչների կողմից, թէ գործընթացն աւարտւած է կամ այն կը շարունակւի կրկին նախկին յարմարւողական քաղաքականութեամբ՝ ապրիլի 24-ից յետոյ:Պրն. Բաղումեանը անդրադառնալով մեր հարցին՝ նշեց. «Այս ուղղութեամբ հետեւեալ եզրայանգման կարելի է գալ, որ արտգործնախարարների կողմից արձանագրութիւնների ընդունւելուց յետոյ՝ այսօրւայ իրավիճակը մի քանի առումներով փոխւած է:Առաջին հերթին, Արեւմուտքի եւ յատկապէս ԱՄՆ-ի նախընտրութիւնները այսօր ամբողջովին տարբեր են եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների խնդիրը յետին պլան է մղւել իր ծրագրերի առումով եւ առաջնահերթութիւնը երեւի կարելի է տալ Թուրքիա-Իրան ատոմական հարցի հետ կապւած դիրքորոշումներին: Երկրորդ՝ այսինքն՝ նախկինի համեմատ՝ հետաքրքրութիւնը խոշոր չափով մարել է: Սա նշանակում է, որ ճնշումները պակասել են նաեւ այս ուղղութեամբ, այսինքն՝ կարգաւորման հարցի ուղղութեամբ արտաքին ճնշումները շատ են նւազել, որովհետեւ միւս պետութիւնների առաջնահերթութիւնները փոխւած են այսօր:Թուրքիայում օրւայ իշխանութիւնները եւս այնքան հզօր, որ իրենք իրենց զգում էին այն օրերին, այսօր չեն եւ բաւական դժւարութիւններ ունեն թէ՛ Քուրդական հարցով, թէ՛ ներքին իշխանութեան համար մղւած պայքարի առումով՝ զինւորականների հետ եւ այլն: Հետեւաբար՝ իշխանութիւնը ինքն իրեն այդքան հզօր չի զգում, որ կտրուկ քայլերի դիմի: Հայաստանում էլ իրավիճակը փոխւել է, որովհետեւ եթէ սկզբում իշխանութիւնները խանդավառ առաջ վազեցին այս առումով, յետոյ կամաց-կամաց հասկացան ընդդիմադիր, նկատի ունենալ Դաշնակցութեանը՝ հիմնականում, քննադատութիւնների, ընդդիմադիր կողմի քննադատութիւնների եւ Սփիւռքի, եւ ինչու չէ նաեւ Հայաստանում առաջացած մտահոգութիւնների առումով իշխանութիւնները կամաց-կամաց անդրադարձան, որ շատ արագ են վազել եւ թոյլ են տւել սխալներ. իհարկէ, առերես չընդունեցին, որ նման սխալներ են թոյլ տւել, բայց խորքում ինչ-որ չափով հասկացան, որ այդտեղ որոշ բացթողումներ եղել են եւ փորձում են հիմա սրբագրել:Հետեւաբար՝ այս բոլորը եկաւ յանգեցնելու այսօրւայ կացութեանը, որ այդ լաւատեսութիւնը՝ արձանագրութիւնների վերջնական ընդունման առումով, այլեւս գոյութիւն չունի. սա շատ բնական արդիւնքն է իրադարձութիւնների, որոնք տեղի են ունեցել անցնող տարւայ մէջ:Թէ արդեօք ինչ կը լինի գործընթացի հեռանկարը՝ ես կարող եմ հետեւեալն ասել՝ նախաձեռնութիւնը իրականում այսօր Թուրքիայի ձեռքում է, այսինքն՝ եթէ Թուրքիան հակառակ այս բոլորին, որ ես ասացի եւ այն համոզումը ունեմ, որ իսկապէս իրենց համար այլեւս շատ իրագործելի չէ այս արձանագրութիւնները նման ձեւի մէջ հաստատելը, հակառակ նրան, եթէ նրանք տանեն եւ խորհրդարանում հաստատեն, Հայաստանն էլ կը հետեւի իրենց քայլին եւ կը հաստատի, որովհետեւ ուժերի հաւասարակշռութիւնը հայկական կեանքում, Հայաստանի քաղաքական խորապատկերում այսօր դա է փաստում, որ կը տանեն խորհրդարան եւ կը հաստատեն: Իսկ եթէ թուրքերը իրենց խորհրդարանում չհաստատեն, Հայաստանն էլ, բնականաբար, ուրիշ ելք չունի, այսինքն՝ միակողմանիօրէն չի կարելի հաստատել, իմաստ չի ունենայ դրա հաստատելը եւ հետեւաբար՝ կը մնայ այդպէս, եւ այսպիսով՝ կարելի է ասել, որ նախաձեռնութիւնը թուրքերի կողմն է եւ նրանք այսօր կարող են որոշել՝ գործընթացը տանո՞ւմ են առաջ թէ ոչ եւ Հայաստանը հետեւելու է նրանց քայլին:Բայց, կայ երրորդ տարբերակ՝ թուրքերը չեն տանում խորհրդարան, բայց Հայաստանում դեռ այդ լաւատեսների շարքը նահանջ չի ուզում արձանագրել եւ պահում է միամիտ լաւատեսութիւնը, այսինքն՝ այդ մեռած փաստաթուղթը պահւում է կիսակենդանի պայմաններում: Սա ամենավտանգաւորն է, որ կարող է պատահել մեզ համար, այսինքն՝ թուրքերը շատ էլ կը ցանկանան, որպէսզի թոյլ չտան մարի հարցը, որպէսզի օգտւեն դրա դիւանագիտական արդիւնքներից, բայց նաեւ ոչ մի ձեւով դա կեանքում չիրագործեն, այսինքն՝ սահմանը չբացեն, դիւանագիտական յարաբերութիւններ չստեղծեն, բայց թողնեն այն տպաւորութիւնը միջազգային հանրութեան մօտ, որ, այո, խօսում ենք, դեռ կանենք եւ այլն, եւ այլն: Կամ ապրիլի 24-ի սեմին, որ շատ էլ չի մնացել, իհարկէ, ինչ-որ յայտարարութիւններով նորից փորձեն խաղի բռնել հայկական դիւանագիտութեան ղեկավարներին, որոնք, դժբախտաբար, ընդունակ են այդ խաղի մէջ մտնելու:Սրանք այն կանխատեսութիւններն են, որ կարելի է անել՝ ընդհանուր առմամբ եւ, իհարկէ, շատ բնական է, որ այս առումով կարծիքները չնոյնանան, այսինքն՝ կանխատեսումները դժւար են, կարելի է հաւանականութիւնների մասին խօսել եւ ոչ թէ՝ որոշակի ապագայ իրադրութիւնների:

0 Պատգամ: