Աւելի քան 20 համաշխարհային լրատւամիջոցներ լուսաբանում են Ցեղասպանութեան 95-ամեակին վերաբերող իրադարձութիւնները


14:05 / 24.04.2010
Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակը եւ դրան վերաբերող իրադարձութիւնները գտնւում են համաշխարհային լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում: Մասնաւորապէս, 1915 թւականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող բազմաթիւ ռեպորտաժներ են հրապարակւում համաշխարհային մասշտաբի մօտ 20 լրատւամիջոցների կողմից: Դրանց շարքում են ռուսական, ուկրաինական, թուրքական, ֆրանսիական ու արաբական բազմաթիւ գործակալութիւններ ու հեռուստաընկերութիւններ, որոնցից են «Ֆրանսպրէս»-ը, BBC-ն, «Ալջազիրան», թուրքական NTV-ն եւ այլն:
Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը երէկ ընդունել է այդ լրատւամիջոցների ներկայացուցիչների մի խմբի, որոնց մէջ է եղել նաեւ թուրքական NTV հեռուստաընկերութեան լրատւական բաժնի ղեկավար Մեթէ Չուբուքչուն:
Յիշեցնենք, որ երէկ` ապրիլի 23-ի երեկոյեան, Երեւանում տեղի է ունեցել ջահերով երթ դէպի Ցեղասպանութեան զոհերի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, իսկ արդէն այսօր առաւօտւանից չի դադարում մարդկանց հոծ բազմութեան հոսքը, ովքեր այցելում են Ծիծեռնակաբերդ, իրենց յարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Նշենք, որ Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակը նշւում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նշանակալի իրադարձութիւնների ֆոնին: Ուղիղ մէկ տարի առաջ Երեւանն ու Անկարան յայտարարեցին երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման մասին: Սակայն մէկ տարի անց հայկական կողմը ստիպւած էր յայտարարել արձանագրութիւնների վաւերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանութիւնների ապակառուցողական դիրքորոշմամբ:

NEWS.am

0 Պատգամ: