«Դաւիթ Յարութիւնեանը ոչինչ չի արել թուրք պատգամաւորի ընտրութիւնը խափանելու համար»


ՀԱԿ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանը նշել է, որ Ստրասբուրգում և Բրիւսելում իր ունեցած հանդիպումների ժամանակ Ղարաբաղեան հարցը քննարկւելիք ամենակարևոր հարցերից չի եղել, և ինքն էլ առաջին հերթին ուշադրութիւնն այդ խնդրի վրայ չի հրաւիրել։
Նրա կարծիքով ՀԱԿ-ը պարտաւորութիւն ունի Հայաստանում զարգացնել ժողովրդավարութիւնը, երկրորդ քննարկւելիք խնդիրը ՀԱԿ մօտեցումներն էին, որտեղ ինքը շեշտադրումները դրել է քաղբանտարկեալների և մամուլի ազատութեան խնդրի վրայ։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի յայտարարութեանը, թէ ինքը ցանկանում է գլխաւորել Ղարաբաղեան հակամարտութեամբ զբաղւող ենթայանձնաժողովը, Վլ. Կարապետեանը նշել է, որ Հայաստանի պատւիրակութիւնը ղեկավարող, ՀՀԿ-ն ներկայացնող Դաւիթ Յարութիւնեանը ոչինչ չի արել թուրք պատգամաւորի ընտրութիւնը խափանելու համար. ընդհակառակը՝ պասիւ դիրքորոշմամբ նպաստել է դրան։
-Նա առաջին իսկ նախաձեռնութեամբ վերակենդանացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղւող ենթայանձնաժողովը, ինչը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից, և, բացի դրանից, նա հաւակնութիւն ունի գլխաւորել այդ յանձնաժողովը։ Հաշւի առնելով, որ թուրքերը բաւական պատկառելի պատւիրակութիւն ունեն Եւրոպայի խորհրդում (էլ չեմ ասում, որ Ադրբեջանի պատւիրակութիւնն էլ շուրջ երկու անգամ աւելի մեծ է, քան Հայաստանի պատւիրակութիւնը), կարելի է պատկերացնել, թէ ԵԽ-ում պատւիրակների ուժերի ինչ բալանս կլինի՝ հաշւի առնելով մեր պատւիրակների պրոֆեսիոնալ պատրաստւածութիւնը, էլ չասեմ լեզւի տիրապետումը,- ասել է Վլ. Կարապետեանը և նշել, որ մեծ մտահոգութիւն ունի, որ յանձնաժողովն իր աշխատանքի արդիւնքում կը նախապատրաստի մի զեկոյց, որտեղ կը լինեն մոտաւորապէս նոյն շեշտադրումները, որոնք կային 2008թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած բանաձևում։
Նա նշել է, որ Թուրքիայի ակտիւութիւնը, ներգրավւածութիւնն ու ազդեցութիւնը ԼՂ հարցում, ինչպէս նաև Ադրբեջանի կողմից ներկայացւող աւելի մեծ պահանջները և փաստաթղթի վերաբերեալ հրապարակումները վկայում են, որ Հայաստանը բարենպաստ վիճակում չի, և վտանգներն աւելի տեսանելի են։
-Ղարաբաղեան հիմնահարցի լուծման մեր տարբերակն այն է, որ մենք աւելի ամուր կանգնած լինենք ոտքի վրայ, չունենանք այն խնդիրները, որոնք նշեցի, և այն պարագայում, երբ չկան ճնշումներ քո և քո երկրի վրայ, աւելի ամուր դիրքերից կարող ես խօսել և աւելի նպաստաւոր փաստաթուղթ պահանջել,- նշել է նա։


7or.am

0 Պատգամ: