Երևանի որոշման մէջ Անկարան կարևորում է գործընթացը շարունակելու շեշտադրումը


8:28 • 23.04.10

Անկարան յոյսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կը շարունակւի այն կէտից, որտեղ կանգ է առել: Այս մասին, ինչպէս հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն` մեկնաբանելով ՀՀ իշխող կոալիցիայի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի` Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը առկախելու վերաբերեալ որոշումը:
«Դա Հայաստանի կողմից ընդունւած միակողմանի որոշում է: Ինչպէս նշեց վարչապետ Թայիփ Էրդողանը, դա նրանց գործն է և որոշելիքը: Բնականաբար, մենք չենք կարող միջամտել նրանց ներքին գործընթացին: Սակայն շատ կարևոր է գործընթացը շարունակելու շեշտադրումը: Յոյսով ենք, որ Հայաստանում և Թուրքիայում հնարաւորին շուտ կը ձևաւորւի համապատասխան քաղաքական մթնոլորտ, և գործընթացը կը շարունակւի այն կէտից, որտեղ կանգ է առել»,- յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը` աւելացնելով, որ գործընթացի շարունակութիւնը բխում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկների, Միացեալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորութեամբ ողջ միջազգային հանրութեան շահերից:
Դաւութօղլուն յայտարարել է նաև, որ Թուրքիան շարունակում է հաւատարիմ մնալ Երևանի և Անկարայի միջև ստորագրւած արձանագրութիւնների տառին և ոգուն:Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, յիշեցնելով, որ արձանագրութիւնները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում, նշել է. «Համապատասխան պայմանների առկայութեան դէպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել»:
Hurriyet-ը տեղեկացնում է նաև, որ այսօր Տալլինում հանդիպում է տեղի ունեցել Ահմեթ Դաւութօղլուի և Հիլարի Քլինթոնի միջև:Թուրքական պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի` արձանագրութիւնների առնչութեամբ կայացրած որոշումը: Դաւութօղլուն և Քլինթոնն ընդգծել են Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը շարունակելու կարևորութիւնը:

Tert.am

0 Պատգամ: