Թեհրանի Մեծ Եղեռնի Յուշարձանի Պատմականը


«Ուխտում ենք այս նւիրական յուշարձանի դիմաց, մէկ մարդու պէս պաշտպան կանգնել Հայ Դատին, զոհաբերելով ամէն ինչ, եթէ հարկ լինի նաեւ մեր կեանքը, իրագործելու համար մէկ ու կէս միլիոն անմեղ նահատակների պատգամը:

Ապրիլեան Եղեռնի յուշարձանի բացման նկարագրականն ու խորհուրդը1965 թւականի Ապրիլի 24-ին Թեհրանի հայոց թեմի լուսահոգի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ տեղի ունեցաւ Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Ապրիլեան Մեծ Եղեռնի յուշարձանի հիմնօրհնէքի արարողութիւնը:Իսկ 1973 թւականի մայիսի 3-ին կայացաւ յուշակոթողի բացման արարողութիւնը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Խորէն Ա կաթողիկոսի օրհնութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք յուշարձանի բացման արարողութեան թղթակցութիւնը, որը տպագրւել է «Ալիք»-ի նոյն թւականի մայիսի 6-ի համարում:

* * *
Հինգշաբթի, մայիսի 3-ը (1973 թ.) պիտի մնայ անմոռաց մի թւական իրանահայ կեանքում:Խորիմաստ եւ ոգեւորիչ:
Պատմական եւ վաւերական: Նոր ուխտի, նոր պատգամի, նոր զարթօնքի մի օր իրանահայ իրականութեան մէջ:Բազմահազար եւ ծովածաւալ ժողովրդի ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Տ. Խորէն Ա կաթողիկոսի հովանաւորութեամբ եւ մանաւանդ խուռներամ պատանեկութեան ու երիտասարդութեան հաւատքի ջերմութեամբ, երեկ. ժամը 5:30-ին Ս. Սարգիս նորակառոյց եկեղեցու շրջակայքում տեղի ունեցաւ Ապրիլեան Եղեռնի մէկ ու կէս միլիոն նահատակների յուշարձանի պաշտօնական բացումը:
Կէսօրւայ ժամը 2-ից ժողովուրդը սկսեց հաւաքել նորակառոյց Ս. Սարգիս եկեղեցու ընդարձակ շրջափակը, ուր զետեղւել էր Ապրիլեան յուշարձանը: Ժամը 5-ին արդէն տեղ չկար շարժւելու: Համախմբւել էր բազմահազար ժողովուրդ, ո՛չ միայն եկեղեցու շրջափակում, այլ նաեւ պողոտաներում, շէնքերի տանիքներում, դէպի յուշարձանը նայող բնակարաններում եւ նոյնիսկ եկեղեցու ներսը: Հաւաքւել էր թեհրանահայութիւնը՝ յարգելու համար մեր մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակը եւ նորոգելու իր ուխտը՝ աւելի մեծ նւիրումով լծւելու Հայ Դատի արդար պայքարին:
Ժամը 5:30-ին, ժողովրդի բուռն ծափերի, կոչերի եւ զանգերի ղօղանջների հետ, առաջնորդարանից դէպի յուշարձանի վայրը քայլեց Վեհափառ Հայրապետը, հոգեւոր հայրերի կազմած թափօրով:Նախ թեմիս առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանը բացման մի կուռ խօսքով ելոյթ ունեցաւ եւ Վեհափառ Հայրապետի թոյլտւութեամբ հրաւիրեց յուշարձանի բարերար պրն. Արսէն Տէր-Յակոբեանին, որ իր ձեռքով բարձրացնի յուշարձանը ծածկող պաստառը:
Յարգելի բարերարը, ժողովրդի ծափերի տարափի ներքոյ, կտրեց ճերմակ ժապաւէնը եւ ծածկոցը վար սահեց, ժողովրդի առաջ երեւան բերելով հայադրոշմ եւ խօսուն Ապրիլեան Նահատակների պանծալի յուշարձանը, կառուցւած սպիտակ մարմարով, որի վրայ քանդակւած է Հայոց աշխարհի արծիւը, խաչը եւ ազատութեան արեւը:Ապա լսւեցին եկեղեցական շարականները եւ աղօթքը:Վեհափառն օրհնեց յուշարձանը: Յուզիչ էր պահը եւ խորհրդաւոր:
Բազմահազար հայորդիների աչքերում արցունք կար՝ հաւատքի ու ցնծութեան: Միւս կողմից թնդում էր յուշարձանը՝ կոչերի եւ ծափերի ձայնից: Աննկարագրելի եւ անմոռանալի մի պահ էր ստեղծւել: Տիրապետող էր յուշարձանի ոգին, խորհուրդն ու լռելեայն պատգամը: Ահա այդ ժամին էր, որ Վեհափառ Հայրապետը իր պատմական խօսքն ուղղեց բազմահազար հայորդիներին: Այնքա՜ն խոր յուզում, հաւատքի ջերմութիւն եւ պողպատեայ կամքի շեշտ կար Վեհափառ Հայրապետի ձայնի մէջ, որ ժողովրդի լուռ ունկնդրութեան հետ միասին ստեղծւեց սրբազան ու անմոռանալի մի պատ, որ անջնջելի պիտի մնայ բոլոր ներկաների սրտերում:
Ազգային ղեկավար մարմինների կաղմից ելոյթ ունեցան դոկտ. Օննիկ Սահակեանը եւ պրն. Նորիկ Պահլաւունին, որոնց ոգեշունչ խօսքերը մեծ ոգեւորութեան մի ալիք բարձրացրին ժողովրդի շարքերում:Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Սրբազան Հայրերի հետ միասին, արարողութիւնը լրացնելով, բարձրացաւ առաջնորդարան:Այս պահից սկսւեց ժողովրդական ինքնաբուխ ծրագիրը, երբ երիտասարդ Սուքիաս Քուրքչեանը ժողովրդին խնդրեց, որ կրկնի իր հետ Ուխտի հետեւեալ խօսքերը.«Ուխտում ենք այս նւիրական յուշարձանի դիմաց, մէկ մարդու պէս պաշտպան կանգնել Հայ Դատին, զոհաբերելով ամէն ինչ, եթէ հարկ լինի նաեւ մեր կեանքը, իրագործելու համար մէկ ու կէս միլիոն անմեղ նահատակների պատգամը:«Պայքար մինչեւ յաղթանակ, պայքար մինչեւ յաղթանակ, պայքար մինչեւ յաղթանակ»:Ժողովուրդը կրկնեց վերի խօսքերը եւ նորոգեց իր ուխտը: Այս արարողութիւնը չափազանց տպաւորիչ էր, որը բոլորին մտածել տւեց Հայ Դատի, հատուցման եւ մեր իրաւունքների մասին:
Յաջորդեց երիտասարդ Արտուշ Անդրէասեանի ելոյթը, որն արտասանեց Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» խորիմաստ բանաստեղծութիւնը: Ապա սիրւած երգիչ Լեւոն Գաթրճեանը երգեց «Էրեբունի»-ն, Պ. Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» եւ «Մշեցիներ» երգերը, որոնց ընկերակցեց երիտասարդութիւնը:Յատկանշական էր հայկական դպրոցներից եկած խուռներամ աշակերտ-ուհիների ներկայութիւնը, որոնք մերթընդմերթ երգում էին ազգային եւ յեղափոխական երգեր, կոչեր արտասանում եւ իրենց ոգեւորութիւնը փոխանցում ներկայ եղող բազմութեանը:
Իսկ հայ պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը բարձրացրել էին տասից աւելի ցուցատախտակներ եւ պաստառներ:Պաստառները երեւան եկան պաշտօնական ծրագրից յետոյ, ժողովրդի շարքերից, մէկ անգամից, որը ստեղծեց խոր տպաւորութիւն: Իսկ պատանեկութիւնը անընդհատ արտասանում էր նշանախօսքեր, միաձայն եւ ուժեղ:Երեկոյեան մինչեւ ժամը 7-ը ժողովուրդը մնաց յուշարձանի շուրջ:
Կազմակերպիչների խնդրանքի վրայ միայն սկսեց տուն շարժւել ժողովուրդը, սակայն մինչեւ երեկոյեան ժամը 8:30-ը դեռեւս երիտասարդութիւնը խմբւած էր յուշարձանի շուրջ:Անընդհատ լսւում էին խմբերգեր, կոչեր եւ նշանախօսքեր՝ երիտասարդութեան շարքերից, ինքնաբուխ, հաւատքով լեցուն, ուխտով ամրացած եւ Հայ Դատի համար պատրաստակամութիւն արտայայտող շնչով:Ապրիլեան յուշարձանն այսուհետեւ պիտի դառնայ թեհրանահայութեան նոր ուխտավայրը:

(«Ալիք» օրաթերթ, 1973 մայիս 6)

0 Պատգամ: