Հայոց Ցեղասպանութեան հարցն ընդգրկւել է Իսրայէլի Կնեսէտի օրակարգ

20:16 • 28.04.10
Հայոց Ցեղասպանութեան հարցն ընդգրկւել է Իսրայէլի կնեսէտի օրակարգ:
Խաիմ Օրոն շուրջ 15 րոպէ ներկայացրել է հարցը, ինչին հետևել է բաւական բուռն քննարկում, որը տևել է սովորականից աւելի երկար` շուրջ 25 րոպէ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց իսրայէլագէտ Արտակ Գրիգորեանը:
Հարցը Կնեսէտի օրակարգ է ընդունւել 12 կողմ, 8 դէմ ձայներով: Առայժմ պարզ չէ, թէ գլխամասային որ յանձնաժողովը կը ներկայացնի հարցը խորհրդարանում և խորհրդարանի ընդհանուր նիստում երբ կքննարկւի հարցը: Կնեսէտի ղեկավարութիւնն այդ հարցը կորոշի առաջիկայ երկու շաբաթների ընթացքում: Իսրայէլի կառավարութիւնը, ինչպէս նախորդ տարիներին, այս անգամ էլ բացասական եզրակացութիւն է տւել հարցին: Չնայած դրան, հարցն ընդգրկւել է օրակարգ:
Փորձագէտի խօսքով` երրորդ տարին անընդմեջ այս հարցն ընդունւում է Կնեսէտի օրակարգ, բայց քնեցւում է, և որևէ զարգացում չի լինում: Ի տարբերութիւն նախորդ տարիների, ուրախալին այն է, որ այս անգամ հարցն աւելի երկար է քննարկւել Կնեսէտում և հայամէտ ելոյթերն աւելի շատ են եղել: Եղել են նաև դէմ ելոյթներ, որոնք հնչեցնողները հիմնականում եղել են արտգործնախարարի ղեկավարած կուսակցութեան անդամները: Այս կուսակցութիւնը հիմնականում համալրւած է Ռուսաստանից Իսրայէլ տեղափոխւած հրէաներով:
«Եթէ իրատես լինենք, դժւար թէ այս ուղղութեամբ զարգացում լինի, քանի որ այսօրւայ քաղաքական իրավիճակը դրա համար նպաստաւոր չէ»,- մեզ հետ զրոյցում նշեց Արտակ Գրիգորեանը:

Tert.am

0 Պատգամ: