Ջեմալ փաշայի թոռը կոչ է անում ոգեկոչել 1915թ. զոհւած հայերի յիշատակը


«Ժամանակն է, որպէսզի մենք և՛ անհատապէս, և՛ պետական մակարդակով կիսենք հայերի ապրիլի 24-ի ցաւը»

11:28 • 24.04.10
Թուրք յայտնի լրագրող և վերլուծաբան, Milliyet օրաթերթի սիւնակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից և իրականացնողներից մէկի՝ այն ժամանակւայ ռազմածովային ուժերի նախարար, Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից մէկը համարւող Ջեմալ փաշայի թոռն է, այսօր հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած «Կիսում եմ հայերի` ապրիլի 24-ի ցաւը» խորագրով յօդւածով:
«Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանեան պետութեան խայտառակ էջերից է, որը գրւեց «Իթթիհաթ վե Թերաքքիի»(اتحاد و ترقی) կողմից: Անատոլիայում հարիւրամեակներով ապրող և ստեղծագործող օսմանցի հայերը մեծ տառապանքներ տեսան այն հողերում, որտեղ ապրում էին, մեծ ցաւեր տեսան իրենց իսկ պետութեան մէջ. նրանց արմատախիլ արեցին, կոտորեցին, և փորձեցին նրանց հետքն իսպառ ջնջել: Պատմութեան այս էջերը ոմանք որպէս տեղահանութիւն, ոմանք՝ ողբերգութիւն, ոմանք՝ Ցեղասպանութիւն, ոմանք էլ՝ Մեծ աղէտ են բնորոշում: Սակայն դա հնարաւոր չէ հերքել»,- գրում է Հասան Ջեմալը` ընդգծելով, որ Օսմանեան պետութեան կողմից 1915-ից սկսւած հարիւրհազարաւոր հայերի կոտորածն ու մարդկութեան դէմ գործած յանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրէշաւոր և սահմռկեցուցիչ արարքի յանցակիցը:
«Իմ ականջին հիմա ձայներ են հասնում` մի՞թէ թուրքերը ամէնևին էլ ցաւեր չեն տեսել, մի՞թէ արմատախիլ չեն արւել Բալկաններում, Կովկասում, մի՞թէ զանգւածային գաղթի չեն ենթարկւել, մի՞թէ նրանց հետքերը չեն ջնջւել: Բնականաբար, ցաւեր տեսել են: Անատոլիայում և՛ թուրքերը, և՛ քրդերը, և՛ ալևիները պատմութեան խորքերից մինչև մեր օրերը հասնող ցաւեր տեսել են: Բացի այդ, այդ ո՞ր պետութեան, ո՞ր ազգի պատմութիւնն է կազմւած բացառապէս գեղեցիկ էջերից: Սակայն այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ազգի՝ այս հողերում ապրած ողբերգութեան զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկէք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցաւը, մենք էլ հայերի հետ հաւասարապէս սգանք»,- գրում է Ջեմալ փաշայի թոռը` անդրադառնալով 2008թ. Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցելութիւնից իր յուշերին:
«2008թ. սեպտեմբերն էր, Երևանում էի և այցելեցի Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր: Յուշակոթողի առջև մի պահ սիրելի Հրանտի [Դինքի] հետ մեն մենակ մնացի: Ինձ այդ յուշակոթող բերել էր Հրանտի ցաւը: Առաւօտ էր, արևը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհապանծ գագաթը մառախուղի քուլաների մէջ մէկ երևում էր, մէկ թաքնւում: Առաւօտեան լռութեան մէջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանութեան յուշակոթողին և ականջիս հասաւ Հրանտի ձայնը. «Եկէք նախ յարգենք միմեանց վիշտը…»»,- գրում է Հասան Ջեմալը` եզրափակելով. «Ժամանակն է, որպէսզի մենք և՛ անհատապէս, և՛ պետական մակարդակով կիսենք հայերի ապրիլի 24-ի ցաւը: Հրանտ, իմ եղբայր, ես կիսում եմ այդ ցաւը, անկեղծ կարօտում քեզ, հանգիստ ննջիր»:

Tert.am

0 Պատգամ: