Ոչ միայն ոչնչացնում են, այլեւ իւրացնում
«Ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ գաղութներն աւելի աւանդապաշտ են, ազգային արժէքներն աւելի լաւ են պաշտպանում, քան մայր հայրենիքը»

«Այսօր հայ ժողովուրդը միացել է 70 տարի շարունակ պայքարող սփիւռքին»

Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին ընդառաջ այսօր մեկնարկեց Մշակութային Ցեղասպանութիւն միջազգային գիտաժողովը: Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, ապա Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոեանը տէրունական աղօթքով յաջողութիւն մաղթեց գիտաժողովին:
Նախատեսւած էր վարչապետ Տիգրան Սարգսեանի ողջոյնի խօսքը, սակայն նա անյայտ պատճառով չեկաւ. եւ այդ պարզ դարձաւ միայն վերջին պահին: Եւրոպայում չվերթների հետաձգման արդիւնքում գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան չէին կարողացել ժամանել Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից ու Հունգարիայից հրաւիրւած բանախօսները:
Գիտաժողովի աշխատանքներին ARTN հեռուստաընկերութեան միջոցով հետեւում էին նաեւ Հիւսիսային Ամերիկայում եւ Կանադայում: Բացման խօսքով հանդէս եկած սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յիշեցրեց, որ այսօր հայ ժողովուրդը միացել է 70 տարի շարունակ պայքարող սփիւռքին:
«Այսօր համայն Հայ ժողովուրդը միայամուռ եւ միակամ պայքարում է Ցեղասպանութեան վերջնական ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ Ցեղասպանութեան ճանաչման յաղթարշաւը վերջնական արդիւնքի է հասնելու»,-ասաց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Խօսելով մշակութային ցեղասպանութեան մասին` նա նշեց, որ այս ոճիրը շարունակում է կրկնւել: «Թրքական ձեռագիրը շարունակւում է նաեւ Ադրբեջանում: Մենք պէտք է շարունակենք դատապարել: Մարդիկ պէտք է պատասխան տան. սա պետական մշակւած քաղաքականութիւն է եւ ոչ թէ պատահականութիւն»,-ասաց Հրանուշ Յակոբեանը: Նախարարը կարեւորեց համազգային ծրագրի մշակումը, որը թոյլ կտայ պայքարել մեր իրաւունքների համար:
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն իր ողջոյնի խօսքում նշեց. «Ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ գաղութներն աւելի աւանդապաշտ են, ազգային արժէքներն աւելի լաւ են պաշտպանում, քան մայր հայրենիքը: Վստահ եմ, որ թրքական հետախուզութիւնն էլ դա գիտի»: Նա կարեւորեց ազգային ինքնութեան պահպանումը:
«Հոգեւոր արժէքների կորուստները շատ աւելի դժւար են վերականգնւում, եթէ վերականգնւում են ընդհանրապէս»,-ասաց Վահան Յովհանիսեանը: Ըստ նրա, Թուրքիան ու Ադրբեջանն այժմ ակտիւօրէն լծւած են հայկական այն տեղանունների, անգամ այն թռչունների անունների փոփոխութեամբ, որտեղ հայկական բառարմատներ կան: Յովհաննիսեանը նկատեց նաեւ, որ այն երկրները, որոնք առաւել բարձր են գնահատում իրենց հոգեւոր արժէքները, աւելի շատ են հպարտանում իրենց երկրներով: Այս երկրների թւին է պատկանում օրինակ Թուրքիան: Հայաստանը,ըստ բանախօսի, դրանց շարքում չէ: «Այսօրւայ անմշակոյթ մեր գոյութիւնը դրա հետեւանքն է: Մեր ժողովրդի մէջ կոտրւել է հաւատը, որ հոգեւոր արժէքը կարող է պաշտպանական դեր ունենայ,-ասաց նա եւ աւելացրեց,-եթէ չկարողանանք դրա դէմն առնել, ես կարծում եմ` հետեւանքները կը լինեն ծանր»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանն էլ ուշադրութիւն հրաւիրեց ոչ միայն մշակութային արժէքների ոչնչացման, այլեւ իւրացման վրայ: «Սա ոչ պակաս կարեւոր խնդիր է»,-ասաց նա եւ կոչ արեց բոլոր հեղինակներին, իրենց ստեղծագործութիւնները տարածել ոչ միայն հայերէնով այլեւ օտար լեզուներով եւ համացանցի միջոցով: Սիմոնեանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն վերջերս մի գիրք է նւէր ստեցել` ԱՊՀ երկրների մշակութային ժառանգութեան ժողովածու, որտեղ սարսափով յայտնաբերել է, որ Ադրբեջանը իւրացրել է հայկական եւ պարսկական միջնադարեան ստեղծագործութիւններ:

«Ա+1»

0 Պատգամ: