Վ. Յովհաննիսեան.
«...հասկանալի չէ, թէ ինչ է փոխւել»


«նորից ակտիւացած» արտգործնախարարը նշում է, որ արձանագրութիւններին Հայաստանում դէմ են ընդամէնը մի քանի ընդդիմախօսներ...»

ՀՀ ԱԺ յայտարարութիւնների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից արձանագրութիւնների վաւերացման գործընթացի կասեցմանը և նշել, որ ՀՅԴ կարծիքով դա արւել է ոչ ամբողջութեամբ և ճիշտ կերպով։
Վ. Յովհաննիսեանը նշել է, որ ինքնին ողջունելի է, որ ՀՀ իշխանութիւնները վերջերս սկսել են հասկանալ, որ թուրքերի հետ նախապայմաններով, Հայաստանի վզին փաթաթած օրակարգերով բանակցելը վտանգաւոր է։
-Եթէ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգից հարցը հանւած չէ, ապա հասկանալի չէ, թէ ինչ է փոխւել,- ասել է նա և յաւելել, որ մնացածն արդէն արւել էր ԱԺ նախագահի կողմից, քանի որ արձանագրութիւնները չէին վաւերացւում։
Ճիշտ ընթացակարգն, ըստ Վ. Յովհաննիսեանի, պէտք է լինէր հետևեալը, ինչն էլ բխում է ՀՀ նախագահի հրամանագրից. նախագահը պէտք է արձանագրութիւնները հետ տաներ նախագահական՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ հետագայում վերապահումներով վերադարձնելու համար։ Այդուհանդերձ, ամենաճիշտ տարբերակը, Վ. Յովհաննիսեանի համոզմամբ, արձանագրութիւններից ստորագրութիւնները հետ վերցնելն է, որովհետև քանի դեռ այդ փաստաթղթի տակ կայ Հայաստանի ստորագրութիւնը, Հայաստանը ենթակայ է ճնշումների.
-Ամէն կերպ փորձ է արւելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վաւերացնելու իմաստով, և ես մտահոգութիւն ունեմ, որ դա արւելու է, կամ փորձ է արւելու դա անել մեր հաշւին՝ Ղարաբաղում մեզ միակողմանի զիջումներ պարտադրելով։ Ուրեմն մեր խորհրդարանը, մեր հասարակութիւնը և երկրի ղեկավարութիւնը պէտք է պատրաստ լինեն դիմակայել նման ճնշումների, որոնք, կարծում եմ, անխուսափելի են, իսկ դուք, կարծում եմ, արդէն սովորել էք, որ եթէ մի բան կանխատեսում ենք, այդպէս էլ ստացւում է,- ասել է Վահան Յովհաննիսեանը։
Նա նշել է, որ այդ ֆոնի վրայ հասկանալի չէ, երբ «նորից ակտիւացած» արտգործնախարարը նշում է, որ արձանագրութիւններին Հայաստանում դէմ են ընդամէնը մի քանի ընդդիմախօսներ. «Եթէ նա համարում է, որ արձանագրութիւններին դէմ ստորագրած քառորդ միլիոն մարդը մի քանի ընդդիմախօսներ են, կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտօնեաներ չպէտք է սպասեն, մինչև նախագահն իրենց հեռացնի գործից, և լրջօրէն մտածեն, որ այս պայմանների մէջ նախագահին և Հայաստանը գցելու համար պէտք է կամաւոր հրաժարւեն իրենց պաշտօնից»։

7or.am

0 Պատգամ: